Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը պահանջում է կառավարությունից ուղղել ԱԳ նախարարի թույլ տված սխալը

ANCAustralia

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը «անընդունելի» է համարում այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին և կոչ է անում կառավարությանը` ուղղել ԱԳ նախարարի թույլ տված սխալը: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը`վկայակոչելով Ավստրալիայում լույս տեսնող Armenia Online անգլալեզու պարբերականը, Հայ դատը քննադատում է Ավստրալիայի կառավարության քաղաքականության փոփոխությունը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ և հորդորում վերանայել նոր դիրքորոշումը:

«Ավստրալիայի արտգործնախարարը պետք է անմիջապես շտկի այս ճակատագրական սխալը և ունկնդիր լինի Ավստրալիայի խորհրդարանի կամքին` ճանաչելու և հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանը:   Նշվում է, որ նման գործողությունները ոչ միայն վարկաբեկում են ցեղասպանության զոհերի հիշատակը, այլև անգամ արհամարհում Ավստրալիայի պատմությունը, Առաջին աշխարհամարտի ժամանակ ընկած ավստալացի և նորզելանդացի հերոսներին, ովքեր նույնպես մարդկության դեմ գործած հանցաքի զոհն են եղել:

Վերջերս Ավստրալիայի թուրքական միությանն ուղղված նամակում Ջուլի Բիշոփը  հանդես էր եկել Հայոց ցեղասպանությունը ժխտող հայտարարությամբ` նշելով, որ «մենք չենք ճանաչում այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն»:

Բիշոփի հայտարարությունը կտրուկ հակասում է ավստրալացի մյուս բարձրաստիճան պաշտոնյաների` Գլխավոր գանձապահ Ջոի Հոքեյի, Հաղորդակցության նախարար Մալքոլմ Թռնբուլի  դիրքորոշմանը այս խնդրի շուրջ, ովքեր կոչ են անում ավստրալական խորհրդանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Տպել Տպել