ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի միջոցառումները կավարտվեն տոնական համերգով Ստեփանակերտում

arturԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի օգոստոսի 5-ին կայացած առաջին նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են միջոցառումների նախապատրասության հետ կապված մի շարք հարցեր:

Տոնական օրերին տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում և բոլոր շրջաններում: Կկազմակերպվեն պաշտոնական ընդունելություններ և պարգևատրման արարողություն: Արցախի ուսումնական հաստատություններում 2014-2015 ուստարվա առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման օրվան. արիության դասին կմասնակցեն պատգամավորներ, կառավարության անդամներ, Արցախյան գոյամարտի վետերաններ: Շուշիում կբեմադրվի Ա. Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան: Համերգային և մարզական միջոցառումներ և ժողովրդական զբոսահանդեսներ կկայանան մայրաքաղաքում և շրջկենտրոններում: Տոնական միջոցառումները կավարտվեն սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` համերգով և հրավառությամբ:

Նիստի ավարտին Արթուր Աղաբեկյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվեց հանձնարարականներ` միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:

Տոնական ծրագիրն ամփոփելուց հետո կհաստատվի հանձաժողովի առաջիկա նիստում:

armenpress.am

Տպել Տպել