Մշակույթը այսօր եւ հեռանկարում


Ցանկացած ժողովրդի ներկայի և հեռանկարի ամենապատասխանատու առաքելությունը վերապահված է նրա մշակույթին։ Ճշմարտություն, որ հատկապես անշրջանցելի է փոքր ժողովուրդների համար և ապացուցելու կարիք չկա, թե որքան կենսական է համաշխարհայնացման մեր օրերում մշակույթի դերակատարությունը ազգային ինքնության համարև որքան կործանարար վերջինիս թերագնահատումը ազգային պետականության և անվտանգության համատեքստում։ Մենք՝ հայերս, պատմականորեն, բաց ենք եղել համաշխարհային քաղաքակրթական առաջընթացի նկատմամբ, և միևնույն ժամանակ ինքնապաշտպանական առողջ բնազդով և կենսափիլիսոփայությամբ կարողացել ենք պահպանել մեր ինքնությունը՝ խարսխելով այն լեզվի, հավատքի և հատկապես մշակույթի վրա։ Արագընթաց 21-րդ դարը նոր թիրախներ ու խնդիրներ է դնում ազգային պետականության առջև, դրդում գտնել որակներ ու լուծումներ, որոնք միջազգայնորեն մրցունակ են, ազգային հեռանկարի առումով շահեկան։

Մշակույթը նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է, ստեղծագործական մտքի արդյունք, որը բնորոշ է բոլոր հասարակություններին. այսպիսին է մշակույթի ընդհանրական ձևակերպումը։

Առաջին հայացքից լինելով ներքին հոգևոր արժեքների ամբողջականության, անգամ ենթագիտակցության մակարդակում այն հանդես է գալիս որպես հասարակական-քաղաքական համակարգի ինքնության պահպանության միջոց, բովանդակություն է հաղորդում և միևնույն ժամանակ դառնում տվյալ հանրության կուտակված փորձի փոխանցման միջոց: Մշակույթի հատկապես քաղաքական ընկալումն ու իմաստավորումը առհասարակ կարևորագույն գործիք է սոցիալական-տնտեսական և քաղաքական խնդիրների լուծման համար և միայն մտածված մշակութային քաղաքականության իրականացման ճանապարհով կարելի է հասնել տվյալ երկրի առաջ կանգնած ռազմավարական խնդիրների լուծմանը։

Փորձենք հասկանալ, թե վերջին 20 տարիներին, Հայաստանում իրականցվող մշակութային քաղաքականությունը կարողացավ պատասխանել կամ լուծել հայ հասարակության առջև կանգնած կարևորագույն խնդիրներին՝ ի՞նչ երկիր ենք կառուցում, ո՞վ է նրա քաղաքացին, ու՞ր ենք գնում։

Այս հարցերի պատասխանին պիտի ծառայեր շրջանակային մշակութային քաղաքականությունը, որը կենսունակ պիտի լիներ ամենուր՝ հանրակրթության մեջ, մասսայական լրատվամիջոցներում, քաղաքաշինության և ճարտարապետության մեջ, արդարադատության համակարգում և առհասարակ երկրի կառավարման մոդելում, պատասխանատվություն և դերակատարություն պիտի ստանձներ երկրի ապագայի, մարդաբանական ու սոցիալ-քաղաքական փոփոխությունների համատեքստում։

Ավաղ, այս տեսլականն ըստ էության չի աշխատում մեզանում և մշակութային քաղաքականություն ասելով նախևառաջ ընկալվում է մշակութային ծրագրերի, նախագծերի իրականացում (հաճախ հապշտապ, անմշակ, անորակ ու մինչև վերջ չմտածված, ըստ էության անարդյունավետ ծախսերի շարքից), երբ առաջնահերթությունը նախևառաջ սոսկ ՙ«մշակութային-քաղաքական գործառույթների ինստիտուտացիոն հենքի ապահովումն է»:

Մշակութային իրողություն է դարձել KBH-ական մտածողության մի ձև, որը, թեև, գոյության իրավունք ունի, բայց ոչ երբեք դաշտը լցնելու դերակատարություն։ Եվ ես հաստատ կմեղադրեմ նրանց, ովքեր իրական մշակույթը, մշակութային քաղաքականությունը և հետագիծ չթողնող միջոցառումը միմյանցից զանազանելու կարողություն չունեն։ Անշուշտ նման մոտեցումը երբեք չէր կարող արժանապատիվ, հեռանկարային կյանքի բազային արժեքներ ու մոտիվներ առաջարկել, դարմանել մեր հասարակության մեջ համատարած անհեռանկարայնության և անհուսալիության հոգեվիճակը։

Ըստ էության մշակութային քաղաքականություն տարողունակ երևույթը նեղացվել է միջոցառումների մակարդակով, մեդալների տվչությամբ կամ հոբելյանների նշումով, արդյունքում տուժել է մշակույթի բովանդակությունը՝ ինքնին մշակույթը և նրա ֆորմալ ձևակերպումը։

Ավաղ, անցնող տարիների ընթացքում չի հաջողվել լուծել մշակույթի ոլորտում արդյունավետ կառավարման, մշակութային ընդհանուր ռազմավարություն և առաջնահերթություններ հստակեցնելու հետ առնչվող մի շարք խնդիրներ։ Մեր իրականության մեջ Մշակույթի նախարարության հիմնական գործառույթը ոլորտային կառավարումն է, որն ըստ էության մշակութային քաղաքականության բաղադրիչ է, բայց ոչ բավարար պայման, նույնիսկ ամենակատարյալ իրականացման դեպքում։

Անկեղծ ասած, անիմաստ է անգամ մշակույթի նախարարությունից հայեցակարգային, ռազմավարական խնդիրներ ակնկալել։ Արդեն իսկ արձանագրված պատկերը, կառավարության հաստատած 2008-2012թթ. միջոցների ծրագրիրը փաստում են, որ մշակույթը բյուջետայինն առաջնահերթությունների մեջ չի մտնում և թերֆինանսավորումը շարունակելու է մնալ ոլորտի գլխավոր խնդիրներից մեկը։

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Վերջին տասը տարիներին մշակութային ծառայություններին հատկացվող գումարը կազմում է բյուջեի 1%-ը` ընդ որում նվազելու միտումով։ 2008-ի բյուջեի 60% աճի պայմաններում 2007-ի համեմատությամբ այն նվազել է 9.3%ով, 2010-ին 2009-ի համեմատ՝ 10%-ով:

Իրողությունն այն է, որ մշակութային պետական կառույցների ֆինանսավորումն իր գաղափարախոսությամբ ուղղված է ոչ թե ազգաբնակչության մշակութային պահանջների բավարարմանն ու վերջնական արդյունքի գնահատմանը, այլ տվյալ կառույցի, ՊՈԱԿ-ի պահպանմանը։

Մինչդեռ բյուջեն ձևավորվում է նախևառաջ հասարակության հարկերից, ուրեմն հետադարձաբար պիտի ծառայի նրա մշակութային շահին ու պահանջին։

Ու թեև կառավարությունը որդեգրել է ծրագրային ֆինանսավորման և արդյունքային գնահատման մեթոդը, սակայն 2009-ին և 2010-ին մշակութային հաստատությունների ֆինանսավորումը կատարվել է ոչ ծրագրային մեթոդով, հետևաբար արդյունավետության գնահատման չափորոշիչներն ու հնարավորությունները նվազագույնի են հասցվել։

Առաջին հայացքից մշակութային արդյունքների գնահատումը և ըստ արդյունքի ֆինանսավորումը դյուրին գործընթաց չէ և դժվար է չափորոշիչներ սահմանելը, սակայն իրագործելի է և առաջին հերթին խոսքը սոցիալական արդյունավետության մասին է. որքանով է այս կամ այն մշակութային ծրագիրը նպատակային սոցիալական պատվերի վրա հիմնված, որքանով է բավարարում հասարակության այս կամ այն շերտին և համահունչ է երկրի ռազմավարական հիմնական ուղղվածությանը։

Մշակույթին ուղղված առանց այն էլ սուղ միջոցների տարալուծմանն ու փոշիացմանն են նպաստում նաև միևնույն գործառույթն իրականացնող մշակութային կառույցների գոյությունը։ Ելքը օպտիմալացման և արդյունավետ կառավարման մեխանիզմների որդեգրումն է։

Ամբողջ աշխարհում մշակույթի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին։ Oր՝. ԱՄՆ-ում և Եվրոպական երկրներում մշակույթին ուղղված արտաբյուջետային միջոցների ծավալը 25% է կազմում։

Մեր պարագայում արտաբյուջետային միջոցների ներգրավմանը չի նպաստում Հայաստանում «Հովանավորչական գործունեության մասին» օրենքի կամ օրենսդրական կարգավորման բացը, ինչը հնարավորություն կտար մշակույթի ոլորտում կատարած ներդրումների կամ հովանավորության պարագայում տվյալ տնտեսվարողի նկատմամբ հարկային բեռի թեթևացում սահմանել:

Ոլորտի թերևս ամենախոցելի իրողությունը Հայաստանի Հանրապետությունում ամենացածր վարձատրության մակարդակն է։ Համակարգում գործող գրադարանների, թանգարանների, թատերահամերգային կազմակերպությունների շուրջ՝ 6080 աշխատողների միջին աշխատավարձը 45-48.000-ի սահմանում է, ինչը այլ ոլորներից 2-8անգամ ցածր լինելով, վտանգում է սոցիալական կայունությունն ու համերաշխությունը։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Անպտուղ է վերաբերմունքը մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։ Հակառակ կառավարության հաստատած ծրագրի (յուրաքանչյուր տարի 20-25 հուշարձանի նախագծում և 50-ի վերականգնում), այն չի իրականացվում բյուջետային սղության, վարչարարկան անփութության և թերացման պատճառով։ Հուշարձանների վերականգնմանն ուղղված գումարները 2009-ի համեմատ գրեթե 50%-ով կրճատվել են։ Մեր ժառանգության պահպանությանը չենք կարողացել տիրություն անել նաև արտերկրում, հակառակ նրա, որ անդամակցել ենք մի շարք միջազգային կոնվենցիաների։

Մեկ շնչին ընկնող հուշարձանների թվով գերազանցում ենք շատ գերտերությունների, բայց դրանից ոչ միայն չենք կարողանում հոգևոր և քաղաքական արժեքներ ստեղծել, այլև տնտեսական շահ հետապնդել՝ այն դարձնելով որպես մշակութային տուրիզմի խթան։ Չունենք «Հնագիտական պեղումների մասին» օրենք, չեն պահպանվում հուշարձանների պահպանության և օգտագործման պատմական միջավայրերը և արդյունքում դրանցից շատերը հայտնվում են քանդման կամ զավթման վտանգի առջև։

Մեր մշակութային ժառանգության մի պատկառելի հատվածն են կազմում Հայաստանի Հանրապետությունում առկա թանգարանային և գրադարանային հավաքածուները։ Ավաղ անկախության 20 տարիների ընթացքում չի ձևավորվել այն իրավական դաշտը, որը պիտի ապահովեր գրադարաննների և գրադարանային հավաքածուների պահպանության, ուսումնասիրման օգտագործման իրավական մեխանիզմները։

Համաշխարհայնացումն իր տեխնոլոգիական կարողություններով սահմաններ ու պայմանականություններ է վերացրել ու ցանցային տեղեկատվական միջավայրում հրաշալի հնարավորություն ընձեռել մեր մշակույթը հանրահռչակելու, իրական մրցակցային դաշտ մտնելու համար։ Իրականությունն այն է, որ համաշխարհային մշակութային լրահոսում մենք ներկայություն չենք ու մեր մշակութային ներուժն իր դրական էներգիայով չի լրացնում Հայաստանի Հանրապետության վարկանիշին և Հայաստանը շարունակում է լրահոսում ներկայացնել ԼՂՀ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։

Ճիշտ չի օգտագործվում համահայկական ներուժը՝ որպես տարածման ցանց և հայկական մշակույթը միջազգայնացնելու գործիք։

Ոլորտի մեկ այլ լքված տարածք, թերևս ամենալքվածը, գրադարանային տնտեսությունն է։ Շուրջ 2070 գրադարանների ֆոնդերի 90%-ը չի ջեռուցվում, իսկ մարզային, համայնքային գրադարանների 90%-ը չի համալրվում։ Ոլորտը կարգավորող օրենքի բացակայության պայմաններում գրադարանների տարածքները պաշտպանված չեն զավթումներից, իսկ համայնքներում պարզապես կամավոր լիազորությունների շրջանակում է վերաբերմունքը։ Եվ այս պայմաններում գրադարանային ծառայությունների ծախսը 2010-ին 36 մլն-ով կրճատվել են։

Անցնող 20 տարիների ընթացքում չի հաջողվել բարձրացնել մշակութային ծառայությունների որակը, այն մատչելի դարձնել ողջ հասարակության համար՝ դարձնելով տարածքային համաչափ զարգացման բաղադրիչներից մեկը։

Մշակույթային-գեղարվեստական կրթության քաղաքականության հայեցակարգի բացակայության, վերջինիս թերագնահատման արդյունքում գրեթե նվազագույնի, եթե ոչ անհնարին են դարձել գյուղական համայնքներում դեռահասների գեղարվեստական կրթության հնարավորությունները։

Չի հաշվարկվում և արդյունավետ չի օգտագործվում մշակույթի շուկայական պոտենցիալը։ Ի տարբերություն հուշարձանների, մշակութային ժառանգության թանգարանային, գրադարանային և թատերահամերգային ոլորտները կառավարման բոլորովին այլ միջոցներ ու լուծումներ են պահանջում, կախված կոմերցիոն պոտենցիալից՝ մոտեցումներն էլ տարբեր պիտի լինեն։ Իհարկե չպետք է մոռանալ, որ մշակութային քաղաքականությունը, նրա կազմակերպումը այնպիսի սոցիալական խնդիրներ է հետապնդում, ինչպես ստեղծագործական պոտենցիալի բացահայտումը, սոցիալական արդարության և հավասար հնարավորությունների սկզբունքը, տարածքային համաչափ զարգացումը։

Խմբավորելով արծարծված իրողությունները, կարող ենք հետևյալ առաջնահերթությունները սահմանել.

•մշակույթի ոլորտում իրագործել բյուջետային ֆինանսավորման վերակազմակերպում՝ հատկացումը հասցնելով նվազագույնը բյուջեի 2%-ի,
•բարձրացնել ոլորտի կառավարման արդյունավետությունը, պրոֆեսիոնալ և մոտիվացված կադրերով, վերահսկողական գործուն մեխանիզմներ ամրագրելով,
•ապահովել օրենսդրական երաշխիքներ և ընթացակարգեր՝ ինստիտուցիոնալ կառուցների գործունեության, մշակույթի ապակենտրոնացման, տարածքային համաչափ զարգացման, գեղարվեստական կրթության մատչելիության և որակի ապահովման համար,
•մշակութային կապիտալի հաշվարկումով մշակել Հայաստան-2020 հեռանկարային ծրագիրը, որը լայն իմաստով պիտի ծառայի մի կողմից Հայաստանի արտաքին բրենդի սպասարկմանը, դառնալով քաղաքակրթական, մրցակցային արժեք, մյուս կողմից ապահովի հայ ինքնության սպասարկմանն ու ձևավորմանը, ի հակադրություն վայրի լիբերալիզմի ու բարոյական հոգեկան պարտությունների։
Այո, մշակույթում մեծ պրագմատիզմ կա, որովհետև այն ոչ միայն սոցիալական խնդիր է լուծում, այլև ձևավորում ազգային ինքնությունը գիտակցող քաղաքացուն, որին այլևս պատժելու վախով չես ստիպի, որ հարկերը վճարի, կաշառք տա ու վերցնի, քվեատուփ գողանա կամ թալանի սեփական երկիրն ու իր նմանին։

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր

Տպել Տպել