Սահմանադրական փոփոխությունների հետ կապված` Դաշնակցությունը մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ

Fotor0827162139Այսօր Դաշնակցություն խմբակցությունում հանդիպել են ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները։

Լրագրողների հարցին` խոսվե՞լ է, արդյոք, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումների մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է, բայց առայժմ միասնական դիրքորոշում, այդ հարցի հետ կապված, չկա, խնդիր կա` հանգելու միասնական եզրակացության:

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Դաշնակցությունը հրապարակային արտահայտել է իր տեսակետները սահմանադրական բարեփոխումների մասին որ ընդունելի կլինեն այն սահմանադրական փոփոխությունները, որոնք կունենան հստակ խորությամբ փոփոխությունների տրամաբանություն և կառավարման համակարգը կփոխեն դեպի խորհրդարանական համակարգ, սակայն՝ Դաշնակցության պատկերացրած փոփոխություններով։

Պատգամավորի խոսքով` եթե այդ սահմանադրական փոփոխությունները չլինեն Դաշնակցության պատկերացրած սկզբունքներով, ապա սահմանադրական բարեփոխումները կդառնան ինքնանպատակ։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ, ԲՀԿ-ից բացի, մյուս երեք քաղաքական ուժերը դեմ են սահմանադրական բարեփոխումներին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ երեք քաղաքական ուժերը իրականում դեմ են արտահայտվել չեղած նախագծին, որովհետև նախագիծ դեռևս գոյություն չունի, հայեցակարգ ասվածն էլ երկիմաստ է` այնտեղ խոսք չի գնում կոնկրետ կառավարման համակարգի մասին, և ակնարկ կա երկու համակարգի մասին։ «Կոնկրետ հայեցակարգը կներկայացվի, որքան մեզ հայտնի է, հոկտեմբերին, ահա, թե ինչու մեզ համար անհասկանալի է դեմ լինելը գոյություն չունեցող հայեցակարգին, որովհետև կարելի է դեմ լինել մի բանի, որը չի համապատասխանում քո մոտեցումներին։ Բայց եթե համապատասխանում է՝ դեմ լինելը անհասկանալի է»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Հարցին՝ Դաշնակցությունը չի՞ կիսում քառյակի երեք քաղաքական ուժերի այն դիրքորոշումը, որ այս պահին առաջնահերթություն չէ սահմանադրական փոփոխությունների հարցը, նա պատասխանեց, որ բացարձակապես չի կիսում այդ կարծիքը, որովհետև Դաշնակցությունը կողմ է ամբողջական իշխանափոխության, իսկ ամբողջական իշխանափոխությունը ենթադրում է ոչ միայն վարչակազմի, այլ նաև համակարգի փոփոխություն։ Եվ ավելի արդյունավետ է իշխանափոխությունն իրականացնել համակարգի փոփոխությունից հետո, քան դա անել ընտրություններից հետո, որից հետո հայտնի չէ` ընտրվողը կհրաժարվի՞ նախագահի աթոռից, թե՞ ոչ։ Եվ դա չպետք է աթոռակռվի տեսք ստանա։ «Այլ բան է, որ սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը չհամապատասխաներ մոտեցումներին, բայց եթե մոտեցումներին համապատասխանում է, անհասկանալի է`բովանդակությանը ծանոթ չլինելով դրան դեմ լինելը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորը շեշտեց, որ հանդիպման ձևաչափը քառյակին փոխարինելու կամ դրան զուգահեռ ձևաչափ ստեղծելու նպատակ չի հետապնդում, ուղղակի կան որոշ բաներ, որոնց շուրջ ԲՀԿ-ի հետ դիրքորոշումները համընկնում են, մասնավորապես` կուտակային նոր օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու մասով, արդեն նախապատրաստվում է դիմում։ «ՍԴ դիմելու հարցը քառյակի մեր մյուս գործընկերները, կարծես, չեն ընդունում, ահա, թե ինչու այսօր հանդիպումը ԲՀԿ-ի հետ է անցկացվել` նախնական քննարկելու համար այդ հարցի հետ կապված որոշ խնդիրներ։ Մենք կարող ենք ՍԴ-ի միջոցով փաստել կուտակային նոր օրենքի հակասահմանադրականությունը, դա կարևոր է, և ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԲՀԿ-ի համաձայնությունը, եւ այսօր նրանց հետ ենք փորձում այդ հարցերը հստակեցնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով` քննարկվել են նաև սահմաններ կատարած այցերը, մասնավորապես` խոսվել է սահմանամերձ գյուղերին հատուկ կարգավիճակ տալու մասին, այսինքն` պետք է սահմանվի «սահմանապահ գյուղ» հասկացությունը, որը կենթադրի արտոնյալ կարգավիճակ:

Արմեն Ռուստամյանը հավելեց, որ պետք է հստակեցվի նման կարգավիճակ ստացող գյուղերի և արտոնությունների ցանկը։

Ըստ պատգամավորի` առայժմ ԲՀԿ-ի հետ քննարկվում են այդ հարցերը, առաջիկայում այդ հարցերը կքննարկվեն նաև քառյակի ուժերի հետ։ Ծանոթանալու են նաև Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագծին և քննակումների արդյունքում կմշակեն համատեղ ամբողջական նախագիծ՝ սահմանամերձ գյուղերի մասով։

Առաջիկա անելիքների հետ կապված` Արմեն Ռուստամյանը նշեց, որ կարևոր անելիքներ են սպասվում՝ սահմանադրական փոփոխությունների հարցը, ընտրական համակարգի փոփոխության հարցը, պետք է գնահատվի նոր կառավարության աշխատանքը, որովհետև քառյակը ներկայացրել է 12 պահանջ, դրան գումարած նաև էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները։ Պետք է լուծվի սահմանամերձ գյուղերին հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը, բանակի մարտունակությունն ու ոգին բարձրացնելու հարցը։

Yerkir.am-ի այն հարցին՝ ի՞նչ չափի սահմանների մասին էր խոսում ՀՀ նախագահը, երբ ասում էր, որ ընդդիմությունը պետք է գործի չափի սահմաններում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Ընդդիմությունը չափի սահմաններում է գործում, իշխանությունն է, որ չափից դուրս է գործում: Եվ այստեղ մեկը մյուսին դասեր տալու խնդիր չկա, բոլորը պետք է իրենց լիազորությունների շրջանակում գործեն: Դրա համար էլ համակարգն այնպես պետք է փոխվի, որ չկարողանան լիազորությունները չարաշահել»։

Տպել Տպել