Իրավարար վճիռը այսօր էլ ուժի մեջ է


«Այսօր, երախտագիտությամբ և մեր իրավունքների պաշտպանության վճռակամությամբ ենք հիշում և նշում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի իրավարար վճռի 90 ամյակը , նպատակ հետապնդելով անաղարտ պահել մեր իրավունքների հիմքերը և կանխել անցանկալի իրավական մեկնության հնարավորությունները ապագայում:

Նախագահ Վիլսոնը, նախ՝ Փարիզի վեհաժողովից (26 ապրիլի 1920թ.), ապա և Սևրի դաշնագրով հայցադիմում (compromis) էր ստացել՝ որոշելու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: Երախտապարտ հայ ժողովուրդը բարձր է գնահատում Վիլսոնի հետևողական ջանքերը` նեցուկ կանգնելու Թուրքիայի կողմից Ցեղասպանություն ապրած հայ ժողովրդին, պաշտպանելու նրա արդար իրավունքներն ու պահանջները, որոնք ամրագրվեցին 1920թ. նոյեմբերի 22-ին ստորագրված պատմական մի փաստաթղթով (Վիլսոնի «Իրավարար Վճիռ», որը խորագրված է. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի, հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ), որտեղ պարզ քարտեզագրված է Հայաստան-Թուրքիա սահմանը: Այս սահմանը հաստատվել է միջազգային իրավարարությամբ, հետևաբար որպես իրավական գործիք` այն դեռևս ուժի մեջ է: Բացի այդ, այդ սահմանները որոշելը կախված չէր 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրի վավերացումից: Այսպես, միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907թ.) 81-րդ հոդվածը, ամփոփել և ամրագրել է իրավարար վճիռների կարգավիճակը, որտեղ ընդհանրապես չի նախատեսվում վճռի չեղյալ հայտարարում, ուստի այն չունի վաղեմության ժամկետ, այսօր էլ ուժի մեջ է այնքան, ինչքան ընդունման պահին»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Տպել Տպել