Թուրքիան եւ ԱՄՆ-ը պետք է ընդունեն Սեւրի Դաշնագիրը


«Մինչ օրս Վուդրո Վիլսոնի «Իրավարար Վճռի»հետ կապված ոչ մի միջոցառում չի կազմակերպվել և երիտասադների այս քայլը գնահատելի է: Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների համատեքստում առավել ևս կարևոր է դառնում այս միջոցառումը, քանի որ հատկապես Թուրքիայի և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի սահմաների վերաբերյալ այլ մեկնաբանություն կա»,- այսօր Սևրի դաշնագրի և Վուդրո Վիլսոնի «Իրավարար Վճռի» 90-ամյակի առիթով կազմակերպած խորհրդաժողովին ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Սևրի դաշնագրի և Վուդրո Վիլսոնի «Իրավարար Վճռի» 90-ամյակը նշելու և հայ ժողովրդի իրավունքներին տեր կանգնելու կոչով էին այսօր հավաքվել մի խումբ երիտասարդներ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում:

«Այսօր Հայաստան-Թուրքիա սահմաները իրավական սահմաներ չեն, իսկ «Իրավարար վճիռը» միակ իրավական փաստաթուղթն է, որով ճշտվում են Հայաստանի սահմանները,- ասաց Կիրո Մանոյանը և ավելացրեց.- Թուրքիային և Միացյալ Նահանգներին ձեռնտու է, որ մենք մոռացության ենք մատնել այս փաստաթղթի գոյությունը, հետևաբար հիմք է ընդունվում Կարսի պայմանագիրը, Ամերիկան պետք է ընդունի, որ 1920թ. հաստատվել է այս պայմանագիրը, որը այժմ իրենց օրենսդրության մաս է կազմում»:

Խորհրդաժողովի ավարտին ընդունվել է հուշագիր՝ ուղղված պայմանագիրը ստորագրած պետություններին:

Սևրի դաշնագիրը ընդունվել է 1920-ի օգոստոսի 10-ին: Դաշնագիրը ստրագությամբ վավերացրել են Բրիտանական կայսերության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, Հեջասի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի և Թուրքիայի ղեկավարները: Նրանք ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին են հանձնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագծման իրավասությունը: 1920-ի նոյեմբերին 22-ին նախագահ Վիլսոնը մեծ տերություններին ներկայացրեց հայ-թուրքական սահմանի «Իրավարար Վճիռը»:

Տպել Տպել