Առաջին համաշխարհայինը և Հայերի Ցեղասպանությունը «Նոր Մանեժում»

YuraՄոսկվայի պետական «Նոր մանեժ» ցուցասրահում բացվեց «Նայիր պատերազմի աչքերին» ցուցահանդեսը, որը նվիրված է խորհրդային և հետագա տարիներին համարյա մոռացված Առաջին համաշխարհային պատերազմին: Ցուցադրությունը ձևավորվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Սերբիայի, Ուկրաինայի և այլ երկրների մի քանի տասնյակ արխիվների և թանգարանների նյութերի հիման վրա: Դրանց շարքում են նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի նյութերը: Ի տարբերություն սովորական ցուցահադրական պրակտիկայի, առաջին անգամ ցուցահանդեսը ներկայացված է ինտերակտիվ ձևաչափով, մուլտիմեդիական և թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ, որը ստեղծել են բացառապես ռուսաստանյան մասնագետները: Իզուր չէ, որ ցուցահանդեսի առաջին պատվավոր այցելուներից մեկը հանդիսացավ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ըստ էության մոռացված Առաջին համաշխարհայինը, որը ներկայացված է շատ բնօրինակ-փաստաթղթերով, ցուցադրում է, թե ինչ ողբերգություն է ապրել աշխարհը, որքան անմեղ զոհվեր են եղել: Առաջին համաշխարհայինի հետևանքով զոհվել են 75 միլիոն մարդիկ, խորտակվել են աշխարհի չորս խոշոր կայսրությունները` ավտրո-հունգարականը, օսմանյանը, ռուսաստանյանը, բրիտանականը: Ցուցափեղկերից մեկում 1915 թ. ապրիլի 8–ի էջը նշված է որպես Օսմանյան կայսրությունում Հայերի Ցեղասպանության սկիզբ… Ցուցադրությունում ընդգրկված են լուսանկարներ Հայերի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերից, որոնք վկայում են Առաջին համաշխարհայինի տարիներին մի ամբողջ ժողովրդի դեմ իրականացված ամենավայրենի հանցագործության մասին:

Ըստ ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Ելենա Նևզորովայի, աշխարհը նշում է Առաջին համաշխարհայինի սկզբի 100–ամյակը, ինչը կարևոր է ոչ միայն Ռուսաստանի պատմության, այլ նաև աշխարհի երկրների մեծամասնության համար: Բնականաբար, Ռուսաստանը չէր կարող չնշել այս տարեթիվը, ցույց չտալ, թե ինչ քաղաքական հետևանքների այն բերեց: Ինչ որ տեղի է ունեցել Առաջին համաշխարհայինի ժամանակ, պետք է լայնորեն ներկայացվի հասարակայնությանը: Չպետք է մոռանալ, որ զոհվել են միլիոնավոր ռուսաստանցիներ, ոչնչացվել են առանձին ժողովուրդներ: Այն, որ այս ցուցահանդեսում ներկայացված են նյութեր Հայաստանի արխիվային աղբյուրներից, շատ կարևոր է այն ժամանակվա իրադարձությունները հասկանալու համար:

«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանի խոսքերով, Առաջին աշխարհամարտին նվիրված ցուցահանդեսին հայկական կազմակերպությունների մասնակցությունը Ցեղասպանության 100–ամյակի միջոցառումների նախապատրաստման ռուսաստանյան ծրագրի մաս է կազմում: Այն համահունչ է և ներդաշնակվում է Առաջին աշխարհամարտի իրադրաձությունների լուսաբանումը կազմակերպելու Ռուսաստանի պետական ծրագրին: Ինչպես գիտենք, Առաջին աշխարհամարտի շատ էջեր երկար ժամանակ լռության էին մատնված և թաքցվում էին: Իհարկե, լռության էր մատնված նաև Հայերի Ցեղասպանության փաստը Օսմանյան կայսրությունում: Հուսով եմ, որ ցուցահանդեսի կազմկոմիտեի հետ մեր համագործակցությունը կտա իր դրական արդյունքները: Տարբեր երկրների համաշխարհային ճանաչում և հեղինակություն ունեցող թանգարանների և արխիվների նյութերի հետ նույն ցուցադրությունում հայկական փաստաթղթերի ներկայությունը Առաջին աշխարհամարտի և Հայերի Ցեղասպանության քիչ հայտնի փաստերին առանձին իմաստ և կշիռ է հաղորդում:

Էդվարդ Սախինով

kavnews.ru

Տպել Տպել