2015-ին Ֆրանսիան կընդունի՞ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Fotor090516254«Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության խմբակցությունը բազմիցս արտահայտել է իր կարծիքը, և դա ես համարում եմ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշում, որ ԼՂ կարգավորման խնդրում ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային կողմ»,- այսօր խորհրդարանում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, Հայաստանում է գտնվում Ֆրանսիայի Ազգային Ժողովի իշխող՝ Սոցիալիստական կուսակցության պատվիրակությունը` խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորությամբ:

Այսօր ԱԺ-ում ֆրանսիական խորհրդականները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ միասին պատասխանեցին լրագրողների հարցերին: 2014 թվականը Ֆրանսիայում հռչակվել է Ժան Ժորեսի տարի, նրա մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի մահվան տարելիցը Հայաստանում նշելու համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության (Արևմտյան Եվրոպա և Հայաստան) և Ֆրանսիայի Հայ Դատի հանձնախմբի հրավերով, սեպտեմբերի 4-7-ը Հայաստան է այցելել Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբի պատվիրակությունը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարևորեց Ֆրանսիայի խորհրդարանում իշխող մեծամասնություն կազմող խորհրդականների այցը Հայաստան:

«Ժան Ժորեսը առաջին քաղաքական գործիչներից էր, որն ամենաբարձր ամբիոններից խոսեց Հայոց ցեղասպանության խնդրի մասին: Նա ոչ միայն բարձրաձայնեց, այլ ակտիվ ամենօրյա աշխատանքով դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը` հիմք դնելով համամարդկային շարժումների՝ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, որ Հայոց Ցեղասպանության հարցը ոչ միայն հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների հարցն է, այլ նաև համամարդկային նշանակության խնդիր է»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, թե մեծ պատիվ է, որ Հայաստան են այցելել Ժան Ժորեսի հիմնադրած կուսակցության անդամները:

Ֆրանսիայի խորհրդարանի Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուն նշեց, որ իրենց կուսակցության անվանի քաղաքական գործչի` Ժան Ժորեսի մահվան հարյուրամյա տարելիցը լավ պատրվակ էր` արժևորելու Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունները:

Նրա խոսքով մինչև 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը արդեն կային հայերի ջարդերի դեպքեր, և մինչև Հայոց ցեղասպանությունը Ժան Ժորեսը բարձրաձայնել է հայերի ջարդերի խնդիրը, որ չպետք է նման երևույթներ լինեն մարդկային պատմության մեջ: Բրյունո լը Ռուն բոլորին հրավիրեց այսօր Ֆրանսիական համալսարանում անցկացվող միջոցառմանը, որտեղ ավելի մանրամասն կներկայացվեն այն խնդիրները, որոնք իր ժամանակին բարձրաձայնել է Ժան Ժորեսը:

Ֆրանսիացի խորհրդականը նշեց, որ իրենց այցը նաև քաղաքական բնույթ է կրում` թե ինչպես պետք է ընթանան երկու երկրների միջև հարաբերությունները: «Մենք հավատարիմ ենք մեր նախագահ Ֆրանսուա Օլանդի որդեգրած արժեքներին, որտեղ կարևորվում է Հայոց ցեղասպանության հարյուր ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Մենք հույս ունենք, որ 2015թ-ին կամբողջանա այն օրենքը, որը ընդունվել էր դեռ 2001թ-ին, և քրեականորեն կհետապնդվի յուրաքանչյուր ոք, ով կժխտի Հայոց ցեղասպանությունը» -ասաց Բրյունո լը Ռուն:

aravot.am

Դաշնակցությունը կարեւորում է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության հետ համագործակցությունը

4724671409924116Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպեցին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան` Արմեն Ռուստամյանը Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները բնորոշեց բարեկամական ու ջերմ, որոնց զարգացման համար լուրջ գործոն են հանդիսացել երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը եւ Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը: Նա ողջունեց ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ, մեծ հայասեր Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցը Հայաստանում նշելու որոշումը:

Պարոն Ռուստամյանը նշեց, որ որպես սոցիալիստական գաղափարների կրող՝ Դաշնակցությունը կարեւորում է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության հետ համագործակցությունը: Նա երախտիքի խոսք ասաց Ֆրանսիայի իշխանություններին, որոնք մշտապես եղել են Հայաստանի կողքին եւ պաշտպանել են Հայկական հարցը: Բրյունո լը Ռուն կարեւորեց երկու գաղափարակից կուսակցությունների համագործակցության առավել խորացումը տարբեր ոլորտներում, փորձի փոխանակումները:

Այս համատեքստում Աղվան Վարդանյանը նշեց, որ երկու կուսակցություններն առաջիկայում կարող են համագործակցության կոնկրետ ձեւաչափեր քննարկել եւ պատրաստել համագործակցության փաստաթուղթ:

Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությանը հուզող հիմնական խնդիրներն արտացոլված են 7 կետից բաղկացած փաստաթղթում, որի շրջանակներում եւս կարելի է համագործակցության եզրեր գտնել:

Արծվիկ Մինասյանը կարեւորեց փորձի փոխանակումը կոռուպցիայի դեմ պայքարի, սահմանադրական բարեփոխումների եւ մի շարք այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ՀՅԴ կուսակցության գաղափարախոսությանը, անցած ուղուն, ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ առկա խնդիրներին, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահին

42E24C32-C260-4584-A467-F29ED6E9196D_cx0_cy8_cw0_w308_h173Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռոուին

Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռոուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացումը, նշել է, թե «ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ կապերն էլ ավելի զարգանան, ինչի համար կա մեծ ներուժ»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որի մասին խոսելիս Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահն ասել է.- «Ինչպես Հայաստանում նշեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մենք ունենք քաղաքական կամք՝ ամբողջացնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը, ինչի արդյունքում կնախատեսվի քրեական հետապնդում բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը: Վստահ ենք, որ Ցեղասպանության ճանաչումն ունի կանխարգելիչ դերակատարություն և խաղաղության հաստատման համար կարևոր է դրա ժխտումը բացառելը»:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծել դրա լուծման անհրաժեշտությունը խաղաղ բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակում:

Տպել Տպել