Տարաձայնությունները չեն խաթարում քառյակի ձեւաչափը

Fotor0909201853Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ քառյակի հանդիպումը:

Ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ամփոփելով քննարկման արդյունքները` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկել են սահմանադրական բարեփոխումների հարցը, արձանագրվել է, որ ամեն մեկը պետք է հարգի մյուսի տեսակետը: «Մենք կողմ ենք սահմանադրական բարեփոխումներին, մնացած ուժերը դեմ են այս կամ այն պատճառով: Այս դեպքում պետք է առաջնորդվենք այն գաղափարով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր տեսակետը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Քննարկվել է կուտակային նոր օրենքը ՍԴ-ում վիճարկելու հարցը:

Արմեն Ռուստամյանի խոսքով` թեև ՀԱԿ-ն ու«Ժառանգությունը» որևէ ակնկալիք չունեն ՍԴ-ից, այնուամենայնիվ, պատրաստ են միանալ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը:

Քննարկվել է «սահմանապահ գյուղ» հասկացությանը օրենսդրական ամրագրում տալու մասին նախաձեռնությունը, և քառյակը քայլեր կձեռնարկի` այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:

Մյուսը «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցն է: «Մենք ժամանակին խնդիր ունեինք: Մենք մեկ անգամ էլ այս հարցը բարձրացրեցինք, մեզանից ժամանակ խնդրեցին, սակայն հիմա կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ մենք կրկին անդրադառնանք այդ հարցին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Քննարկվել են նաև տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, որոնց դեպքում համընկնում են չորս ուժերի դիրքորոշումները` համատեղ գործելու, այդ նախաձեռնությունները միասնական ուժերով պաշտպանելու և առաջ տանելու հարցում: Ավելի վաղ նշվել էր, որ քառյակը քննարկել է արտագաղթի նվազեցման վերաբերյալ լսումներ առաջարկելու մասին հարցը: «Մենք համաձայնեցրել ենք նամակի տեսքը, որով դիմելու ենք Գալուստ Սահակյանին, որպեսզի նա իր լիազորություններով հրավիրի խորհրդարանական լսումներ արտագաղթի և դրա պատճառների վերաբերյալ»,- նշեց պատգամավորը: Վերջապես, քննարկվել է նաև առաջիկայում հանրահավաքի անցկացման հարցը, հանրահավաքի ժամկետների մասին տարբեր կարծիքներ կան, առաջիկայում ժամկետը կհստակեցվի:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախնական ամփոփել են քառյակի կողմից վաղօրոք հրապարակված` կառավարությանն ուղղված 12 պահանջները: «Վերջնական ամփոփման ժամկետը, որը մենք հայտարարել էինք` սեպտեմբերի 30-ը, դեռ չի սպառվել, ուստի վերջնական ամփոփումը կլինի ավելի ուշ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին կամփոփի այդ արդյունքները, որից հետո կորոշվի համատեղ դիրքորոշումը` ընդհանուր գնահատման առումով»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

12 կետերի ամփոփման նախնական քննարկման արդյունքներով, պատգամավորի խոսքով, գնահատականները բաժանվում են երեք խմբի` ընդհանրապես չկատարված կետեր, մասնակի կատարված կետեր և անորոշ մնացած կետեր, որոնց վերաբերյալ դեռևս դժվար է գնահատական տալ, որովհետև շոշափելի գործընթաց չի երևում:

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քառյակի ներսում տարբեր դիրքորոշումներին, Արմեն Ռուստամյանը նշեց, որ կան սկզբունքային հարցեր, որոնց հետ կապված` տվյալ քաղաքական ուժը հավատարիմ է մնում իր որդեգրած դիրքորոշումներին, և քառյակի գործընկեր քաղաքական ուժերը ըմբռնումով են վերաբերվում այդ մոտեցմանը:

Քառյակից եռյակ դառնալու մասին հայտարարությունը Արմեն Ռուստամյանը համարեց անիմաստ` շեշտելով, որ քառյակի օրակարգում ընդգրկված ութ հարցերից յոթում քառյակը գործում է համատեղ, միայն սահմանադրական փոփոխությունների հետ կապված է տարակարծություն, այն էլ` երեք ուժերը ոչ թե դեմ են սահմանադրական բարեփոխումներին, այլ ներկա պահին նպատակահարմար չեն համարում այդ փոփոխությունները: «Քառյակը քառյակ է այնքանով, որ համաձայնում ենք համատեղ ինչ-որ բան անել: Հիմա, յոթ կետերի հետ կապված, քառյակ ենք, մի կետով, այո, տարբերություն կա, բայց դա չի բերում նրան, իբրև քառյակից դուրս ենք գալիս, կամ քառյակ չկա»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել