Հունաստանի խորհրդարանն ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

հւնաստան Հունաստանի խորհրդարանում ավարտվեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունն, ու 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ օրիագիծն ընդունվեց:

Այսպիոսով Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը:

Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Ավագյանը որակում է մեծ հաղթանակ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ օրինագծի ընդունման համար Հունաստանի հայ համայնքը բազմաթիվ ջանքեր է գործադրել, պայքարել, համառել, որպեսզի խորհրդարանում քննարկվի եւ ընդունվի օրինագիծը: «Այսքան պայքարելուց եւ այսքան ձգձգումներից հետո վերջապես Հունաստանի խորհրդարանը ընդունեց օրինագիծն ու Հունաստանը դարձավ երրորդ պետությունը, որ իրավական դաշտում նույնպես ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու, ի թիվս այլ ցեղասպանությունների, այսուհետ ժխտողներին կսպառնա բանտարկություն եւ տուգանք»,- ասաց Հակոբ Ավագյանը` հավելելով, որ քննարկումների եւ ելույթների ժամանակ կողմ քվեարկած խորհրդարանականները հայտարարել են, որ նման օրինագիծ ընդունելով` առաջին հերթին դատապարտում են մարդկության դեմ կատարված հանցագործություններն ու իրավական առումով արգելում այդ հանցագործությունների ժխտումը:

Հակոբ Ավագյանի խոսքով` Հունաստանի հայ համայնքն այսուհետ նույնպես հսկայական գործ ունի կատարելու: «Պետք է հետեւենք, ուշադիր լինենք, որպեսզի հերքողները կամ չարամիտ արձագանքողները համապատասխան պատիժ ստանան: Հույս ունեմ, որ սա ազդակ կհանդիսանա, որ այլ երկրներում նույնպես նմանօրինակ օրինագծեր ընդունվեն եւ քաղաքակիրթ աշխարհը դատապարտի մարդկության դեմ հանցանքները»,- ընդգծեց Հակոբ Ավագյանը:

armenpress.am

09/09/2014

Տպել Տպել