Գիշերային ցույց՝ Հոլանդիայում


Հոլանդիայի ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը ոգեշնչվելով Հայաստանում դաշնակցական երիտասարդների օրինակով արդեն երրորդ տարին անընդմեջ ապրիլի 23-ին կազմակերպում է գիշերային ցույց Հայոց Մեծ Ցեղասպանության նահատակների հիշատակին:Այս տարի էլ հարյուրավոր երիտասարդներ իրենց լույսերով երթը (անվտանգության տեսանկյունից Հաագայում ջահերով ցույց չի թյուլատրվում) սկսեցին Նիդեռլանդների խորհրդարանի մոտ գտնվող հրապարակից: Այս անգամ երիտասարդները որոշել էին ամբողջ երթի ընթացքում ազգային-հեղափոխական երգեր հնչեցնել: էլեկտրական ջահերը բարձր պահած՝ հայ երիտասարդները հզոր ձայնով երգում էին ցասումի մարտական երգեր:

Բացառիկ տաք եղանակի պատճառով փողոցները լեփ-լեցուն էին անցորդներով և բոլորը շատ հետաքրքրված էին հայ երիտասարդների նախաձեռնությամբ: Հաագայի փողոցներով անցնելով երթը հասավ Թուրքիայի դեսպանության առջև գտնվող տարածք, որտեղ տերունական աղոթքով հիշեցին նահատակների սուրբ հիշատակը: Լռության րոպեից հետո հարյուրավոր մոմեր վառվեցին և նախորդ տարիների նման գետնին դրվեցին կազմելով մերկուկես թիվը: Ելույթներով հանդես եկան նժդեհականները և հնչեցին ազգային-հեղափոխական երգեր: Մոտավորապես երկու ժամ տևած ցույցը շատ ոգևորիչ էր երիտասարդների համար, որոնց հզոր ձայնը թնդեցնում էր Թուրքիայի դեսպանության շենքը:

Տպել Տպել