Ապահովությունը դեռ վերահաստատված չէ

Tert.am-ի զրուցակիցն է սիրիահայ, Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:

Fotor0919115543Վերջինիս խոսքով՝ թեև հիմա վիճակը համեմատաբար կայուն է, հայաբնակ շրջաններում պայթյունները նվազել են, սակայն դա չի նշանակում, որ ապահովությունը վերահաստատված է: Նա հնարավոր է համարում, որ մի օր սիրիահայերը կվերադառնան Հալեպ:

-Պարո՛ն Ռեիսյան, վերջին օրերի իրադրությունն ինչպիսի՞նն է. իսլամիստ ծայրահեղականներն ինչքա՞ն են մոտեցել հայկական թաղամասերին: Ահաբեկիչները, որ այդպիսի գործողություններ են իրականացնում Իրաքում, շատ մոտ են հայկական շրջաններին, հատկապես՝ Նոր Գյուղ թաղամասին: Վտանգ կա՞ այդտեղ:

-Հիմա վիճակը համեմատաբար կայուն է: Հրասանդային պայթյունները տակավին շարունակվում են: Պայթյունի նմանօրինակ գործողություններ կատարվում են, սակայն համեմատաբար նվազել են հայաբնակ շրջաններում, որովհետև մասամբ հեռացել են, սակայն դա չի նշանակում, որ ապահովությունը վերահաստատված է: Դեռ կացությունը նույնն է, միայն պայթյուններն են նվազել:

Ընդդիմադիր կոչվող այդ զինյալ խմբավորումները, ահաբեկիչները քաղաքի մասնավորապես՝ հայաբնակ շրջանների մոտ առաջխաղացում չեն ունեցել: Ինչպես նշեցիք Նոր գյուղի պարագան, Նոր գյուղի շրջանը գրեթե սահմանային շրջաններից է, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունենում: Ընդդիմադիր կոչվող այս զինյալն խմբավորումները, որոնք մինչև Նոր գյուղի մոտ Բոսթան Փաշայի շրջան են հասել, առաջխաղացում չեն գրանցել, այնպես որ սահմանային կամ ուժի հակակշռի պատկերով սահմանները գրեթե նույնն են:

-Տվյալներ ունե՞ք, թե քանի սիրիահայ է դուրս եկել Սիրիայից՝ խնդիրների սկսվելուց հետո: Ասում են, որ համայնքն այնքան է փոքրացել, որ վերջին հարյուր տարում երբեք այսքան փոքր չի եղել:

-Այս ուղղությամբ մենք վիճակագրական տվյալներ չունենք, սակայն Հայաստանի պաշտոնական տվյալներով հայտարարվում է, որ շուրջ 13 հազար սիրիահայեր հասել են Հայաստան, լիբանանահայերն ասում են շուրջ 10 հազար սիրիահայ հասել է Լիբանան, այս տվյալներն են, բայց սիրիական համայնքը վիճակագրական տվյալներ չունի:

-Նյութական ի՞նչ վնասներ է կրել համայնքն այս 3 տարիների ընթացքում: Առհասարակ, համայնքի ապագան ո՞նց եք պատկերացնում: Հնարավոր համարու՞մ եք, որ մի օր Քեսաբի նման հայերը Հալեպ կվերադառնան:

-Համայնքը նյութական անբացատրելի վնասներ է կրել. շենքեր, բնակարաններ, գործատեղերի քանդումներ: Մարդկային զոհերի կամ վիրավորների դեպքում ես չեմ կարող ճշգրիտ թվերով խոսել, որովհետև վիճակագրական տվյալներ չունեմ: Մենք ունեցել ենք նահատակներ, որոնք զինծառայության ընթացքում են զոհվել, ունեցել ենք մարդկային զոհեր՝ պատահական փամփուշտներից կամ դիպուկահարներից, ունեցել ենք նաև առևանգվածներ, որոնց մեծ մասը մեծ նյութական միջոցներով դուրս են եկել, սակայն եղել են նաև ահաբեկիչների կողմից սպանվածներ: Դեռ ունենք փոքրաթիվ առևանգվածներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ և չգիտենք ուր են:

Ինչու չէ, բնականաբար, նորմալացած պայմաններում կվերադառնան, կյանքի ապահովության պայմանները եթե վերականգնվեն, մարդիկ կուզեն վերադառնալ և տեր կանգնել իրենց ունեցվածքին, իրենց սովորած կյանքին: Իհարկե՛, չվերադարձողներ էլ կլինեն:

-Ի՞նչ են ակնկալում սիրիահայերը Հայաստանից. հայրենիքն ինչո՞վ կարող է օգնել նրանց:

-Հայրենիքից ակնկալություն ասելով անշուշտ հայրենիքը փորձում է օժանդակել իր հայրենակիցներին: Նրանք, որոնք տեղաշարժվում են և դուրս են գալիս Սիրիայի քաղաքներից, կուզեինք, որ նրանք ուղղվեին ոչ թե Արևմուտք, այլ Հայաստան: Կյանքը շարունակելու համար մարդ երկու բան է ակնկալում, առաջինը՝ բնակություն, երկրորդը՝ աշխատանքի արժանապատիվ միջոցներ։

Հայրենիքից երկու հիմնական սպասելիք կա. առաջինը հատուկ պայմաններով բնակավայրի ստեղծում, մանավանդ, որ ժողովուրդը տնտեսական ծանր պայմաններում է, և աշխատանքի առիթներ ստեղծել՝ որոշ արտոնություններ տալով, նույնիսկ որոշ օրենքների ժամանակավոր շրջանցման տեսքով:

-Չնայած պատերազմական վիճակին՝ շարունակում եք միջոցառումներ, համերգներ, մշակութային ձեռնարկներ իրականացնել. կյանքը շարունակվում է: Ինչպե՞ս եք կազմակերպում, համախմբում համայնքին:

-Այս պարագայում միակ բանը, որ կասեմ, ժողովրդական այն խոսքն է, որ կյանքը պիտի շարունակվի՝ չնայած դժվարություններին: Կյանքը ոչ միայն կերուխումով է, այլ նաև հոգեկան արժեքներով՝ լինի մեր կրթական հաստատությունների, եկեղեցական, հոգևոր կյանքի, մեր ակումբների, մշակութային միությունների գործունեությամբ: Անշուշտ դա նախկին մասշտաբով տեղի չի ունենում, բայց փորձում ենք ժողովրդի հոգևոր պահանջմունքները բավարարել:

tert.am

Տպել Տպել