Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովը

spyurqԱյսօր, սեպտեմբերի 19-ին, վաղ առավոտյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մեկնարկեց «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը:

Համաժողովը սկսվեց լիագումար նիստով, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Իրենց օրհնության խոսքը համաժողովի մասնակիցներին հղեցին նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք-Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ-ն:

Համաժողովի միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերի 18-ից՝ ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի՝ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խաղաղության արվեստը» ցուցահանդեսի բացումով:

Երկօրյա համաժողովի օրակարգում են Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող թեմաները, սիրիահայերի եւ արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության հիմնախնդիրները, հայոց լեզվի պաշտպանությանը առնչվող հարցեր, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներ եւ Հայրենիք-Սփյուռք գործակցության կառուցակարգային հարցեր:

Վաղվա օրակարգում են «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության գործընթացի լուսաբանումը» եւ «Հայոց լեզվի իմացության եւ անաղարտ պահպանության խնդիրները» խորագրերով քննարկումները: Համաժողովի մասնակիցները քննարկումներից հետո, երեկոյան այցելելու են ՀՀ Ազգային ժողով, որտեղ սպասվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ընդունելությունը:

Համաժողովի առավոտյան երկու նիստերին մասնակցեց նաեւ Լրագրողների յոթերորդ համաժողովի կազմը, որը այնուհետեւ առանձնաբար անցկացնելու է իր նիստերը:

Սեպտեմբերի 20-ի առավոտյան, աշխատանքներն ամփոփելուց հետո, լրագրողների համաժողովը կրկին կմիանա Հայաստան-Սփյուռք համաժողովի եզրափակիչ նիստին, որի ժամանակ ելույթ կունենա հանրապետության նախագահը, ինչպես եւ տեղի կունենա Հայաստան – Սփյուռք համաժողովի նիստերի արդյունքների ամփոփում:

Տպել Տպել