Օր առաջ միջին խավի նկատմամբ նպատակային քաղաքականությունը պետք է դառնա առաջնորդող

Fotor0921181752ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ակնհայտ է համարում, որ Հայաստանում որևէ տնտեսական քաղաքականություն չի նպաստում միջին խավի ձևավորմանը, ինչը նշանակում է երկրի հետընթացի արձանագրում։

«Գլխավոր խնդիրը պետք է լինի փոքր ու միջին բիզնեսի, աշխատավարձի ու աշխատատեղերի ստեղծման քաղաքականության միջոցով նպաստել նման խավի ձևավորումը, ինչը երկրում նաև ժողովրդավարության ամրապնդման կարևոր հենասյունը պետք է լինի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ինչ վերաբերում է միջին խավի բացակայության պարագայում հնարավոր ցնցումներին, ապա Արծվիկ Մինասյանը նշեց, որ ցանկացած հասարակության մեջ թեկուզ գունավոր հեղափոխությունը կամ հեղաշրջումը ակնհայտորեն չի նպաստում երկրի զարգացմանը։

«Լավագույն տարբերակը բնականաբար այնպիսի զարգացում ապահովելն է, որը կբերի տեխնոլոգիական առաջընթաց և երկրում ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացում։ Դա կարող է տեղի ունենալ այնպիսի բարեփոխումների արդյունքում, որի հիմքում դրված է հասարակության, ժողովրդի շահը»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նկատեց, որ բուն արյունալի դեպքերը մեր երկրին հակացուցված են, իսկ հեղափոխություն առանց արյունի դեռևս որևէ տեղ չի հաջողվել։ «Եթե օրինակ է բերվում Վրաստանի վարդերի հեղափոխությունը, ապա պետք է նաև գիտակցել, որ մեր կախվածությունն արտաքին աշխարհից այնքան մեծ է լինելու, որ մենք կորցնելու ենք մեր պետականության այսօրվա ձեռքբերումները»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է Կառավարության կողմից՝ միջին խավի զարգացմանն ուղղված իրականացրած քայլերին, ապա պատգամավորն ասաց. «Ծրագրային դրույթներ շատ կան, սակայն դեռևս դրանք խոսքեր են, գործնական արդյունք, ցավալիորեն, չենք տեսնում»։

Նա նշեց, որ առանց միջին խավի ոչ միայն վտանգված է երկրի կայունությունը, այլ վտանգված է ընդհանրապես երկրի անվտանգությունը։ «Եթե չկա միջին խավ, չկա նաև ազատ միտք, իսկ եթե չկա ազատ միտք, չկա նաև ազատ քաղաքացի, չկա ազատ քաղաքացի, նշանակում է երկրում առաջընթացը բացառված է, իսկ բացառված առաջընթացի պայմաններում երկիրը սկսում է հետընթաց արձանագրել կամ կորցնում է իր պետականությունը, ինչի նշույլներն արդեն երևում են։ Օր առաջ միջին խավի նկատմամբ նպատակային, թիրախային քաղաքականությունը պետք է դառնա բոլորի համար առաջնորդող քաղաքականություն»,- ասաց նա և ավելացրեց, որ այդ խնդրի մասին իրենք ժամանակին բարձրաձայնել են և արտագաղթի տեմպերի նվազեցման ծրագիրը, հիմնականում հենց միջին խավի ձևավորմանն է ուղղված։

tert.am

Տպել Տպել