Գլխավոր մարտահրավերը ՀՀ իշխանություններինն է

Fotor0921183137«Հայաստանը բազկերակն է, Սփյուռքի մեջքն ու տանիքը: Պետականություն ունեցող Հայաստանը արդեն բացառիկ արժեք է: Ես համոզված եմ, որ ընդհանրական առումով սրա գիտակցումը Հայաստանում ու Սփյուռքում կա, որովհետև մենք քաղաքակրթորեն իսկապես այն բացառիկ ազգերից ենք, որ շատ մեծ սփյուռք ունենք: Ֆենոմենալ է, որ հայերի ընդամենը 1/3-ն է Հայաստանում ապրում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Սփյուռք կապերին, ասաց Համազգային ՀԿՄՄ նախագահ Լիլիթ Գալստյանը, որը մասնակցում էր «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին:

Նրա խոսքով՝ այսօր՝ ցանցային ժամանակներում, փոքրացող աշխարհում այսպիսի ցանցային իրողություն ունենալը հզոր քաղաքական, մշակութային ու մարդկային կապիտալ է:

«Այս գիտակցումը թե՛ Հայաստանում կա, թե՛ Սփյուռքում, բայց խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք կարողանում օգտագործել այս ներուժը, այս էներգիան, որն ուժի ամենազորավոր տեսակն է, որը շատ հաճախ լավ հունավորված չէ: Ուզում եմ հավատալ, որ այս կարգի համաժողովները ոչ միայն համահայկական օրակարգեր պիտի ճշտեն, ինչը մեզ հաջողվում է, այլև այդ օրակարգերը կյանքի կոչեն: Այս պարագայում գլխավոր մարտահրավերը ՀՀ իշխանություններինն է՝ ունենալ այնպիսի պետականություն, որը հրապուրիչ ու արժանապատիվ լինի ցանկացած հայի համար, որպեսզի պատկանելության գիտակցումը, բաժնեկից լինելու գիտակցումը, բացի դրանից՝ նաև մասնակցությունը լինի, մասնակցային հայը ծնվի, և օրեցօր տագնապներ դիմագրավող Սփյուռքում կարողանանք Սփյուռքի արդեն 4-րդ կամ 5-րդ սերնդի մեջ այդ մասնակցային հային արթնացնել»,- նշեց նա՝ մեջբերելով Արամ Վեհափառի խոսքը, թե այսօր Հայաստանը դիմագրավում է բազմաթիվ խնդիրներ, և այդ խնդիրների շուրջ լռությունն ինքնին դավաճանություն է:

«Մենք պիտի կարողանանք ունենալ այն արժանապատիվ երկիրը, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ իր սրտի բաբախյունը Հայաստանով պայմանավորի»,- հավելեց Լիլիթ Գալստյանը:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե տնտեսական դաշտը Հայաստանում պիտի գրավիչ լինի Սփյուռքի համար, Լ. Գալստյանը նշեց. «Անկեղծ ասած՝ այդ տիպի հայտարարություններ մենք առիթ ենք ունեցել լսելու թե՛ նախորդ համաժողովներում, թե՛ դրանցից դուրս, բայց հիմնականում կարգախոսից այն կողմ չի անցնում դա»:

1in.am

Տպել Տպել