Պետությունը պետք է այնպես անի, որ սփյուռքահայ ներդրողներն այստեղ խնդիրներ չունենան

Fotor0921190510«Անշուշտ, սփյուռքահայերը պատրաստ են իրենց անձնական միջոցները բերել Հայաստան և գործեր հիմնել այստեղ, բայց, դժբախտաբար, հնարավորությունները մի քիչ ավելի դժվար են: Պետությունը պետք է լուծի այդ հարցերը, որ սփյուռքահայերը այստեղ դժվարությունների, խոչընդոտների չհանդիպեն, ինչպես հիմա է»,- Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՕՄ կենտրոնական վարչության ատենապետ Վիկի Մարաշլյանը՝ հավելելով, թե ուրախ է, որ գոնե վարչապետը կարևորում է այդ հարցը, քանի որ նոր սերունդը իսկապես պատրաստ է Հայաստանում ներդրումներ անելու:

Խոսելով առկա խոչընդոտների մասին՝ տիկին Մարաշլյանը չցանկացավ առանձնացնել դրանք: Միայն նկատեց, որ այդ խոչընդոտները շատ-շատ են, և միայն Հայաստան-Սփյուռք միասնությամբ կարող են այդ խնդիրները լուծվել: «Ես միայն կուզենայի ասել, որ մեր հայրենակիցները, ովքեր այսօր Սփյուռքում են, շատ լավ կլիներ, որ վերադառնային հայրենիք և օգտակար լինեին: Հայաստանի հետ իրենց կապը պետք է վերականգնվի, ինչը շատ կարևոր է»:

Իսկ Հայաստանի կառավարությունը վստահություն ներշնչո՞ւմ է ներդրումների համար՝ հարցրինք մեր զրուցակցին: «Ժողովրդի մեջ վստահություն այնքան էլ չկա, բայց մենք պիտի շարունակենք, քանի որ սփյուռքահայերը անքակտելիորեն կապված են հայրենիքին՝ բոլոր դժվարություններով հանդերձ: Կան շատ հարցեր, խոչընդոտներ, բայց մենք չենք ուզում այդ կետի վրա կանգնել, ուզում ենք առաջ գնալ»,- ասաց տիկին Մարաշլյանը:

1in.am

Տպել Տպել