Սփյուռքահայ գործարարները շատ չեն գալիս Հայաստան, քանի որ վստահության, օրենսդրության հարցեր կան

Fotor0921184059«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին ներկա Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քննակումներից զատ՝ պետք է տեսնեն, թե հետագայում այդ քննարկումներն ինչ ընթացք պետք է ունենան:

«Եթե սրանով բավարարվենք, ոչ մի տեղ չենք հասնելու: Այս օրերի քննարկումները պետք է ցույց տան, թե որքան լրջությամբ պետք է զբաղվենք հարյուրամյակի ոգեկոչումներով, սիրիահայությանը դեպի հաջորդ հանգրվան տանելու և ընդհանուր առմամբ Սփյուռք-Հայաստան համագործակցությունը ավելի գործակցական ֆոնի վրա դնելու հարցերով, որովհետև զգում եմ, որ հաճախ երևույթով ենք բավարարվում և ավելի խորքային խնդիրները, որ ավելի դժվար է լուծել, չենք քննարկում»,- նշեց նա:

Սփյուռքահայության մեծ մասը, նրա խոսքով, այլևս ընդունում է, որ ներկա Հայաստանը մեր հայրենիքն է, պետք է մեր կորցրած Հայաստանի համար աշխատել, բայց ներկա Հայաստանի համար նաև պետք է պայքարել:

«Չի հերիքում, որ նախարարը ելնի և ասի, որ եթե բոլորդ էլ մեկ բիզնես բացեք, մեր անգործության և աղքատության հարցերը լուծելու եք: Դա այդքան հեշտ չէ, դյուրին է ասելը, թեև սխալ չէ, բայց սփյուռքահայ բիզնեսմենները մեծ թվով և թափով չեն գալիս, քանի որ վստահության, օրենսդրության հարցեր կան, պետք է գործնական մեխանիզմներ ստեղծվեն, որ այդ մարդիկ վստահությամբ գան: Բիզնեսը ուրիշ բան է, միայն հայրենասիրություն չէ, բիզնեսը թվաբանությամբ, հաշվապահությամբ կլուծեն»,- հավելեց նա:

1in.am

Տպել Տպել