Եթե ժամանակին լսեին ՀՅԴ-ին…


ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանձնախմբի կազմակերպած Եվրոպական Խորհրդարանի անդամների` Հայաստան և Արցախ կատարած այցի մանրամասները: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պաշտոնական հանդիպումներից բացի, պատվիրակությունը հանդիպում է ունեցել փախստականների հարցերով զբաղվող կազմակերպությունների ղեկավարների հետ: «Վերջապես ԵԽ պատգամավորները հասկացան, թե որտեղից առաջացան և ինչ էին անում հայերը Ադրբեջանի խորքի քաղաքներում, ոչ թե Ադրբեջանի այն մասում, որը պատմական Հայաստանն է` Արցախ, Ուտիք, մինչև Կուր գետը, այլ դրանից այն կողմ, որտեղ հայերը գնացել են Ցարական Ռուսաստանի կամ Խորհրդային Միության տարիներին»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից առաջարկվող Հայաստան-Լեռնային Ղարաբաղ ռազմաքաղաքական դաշինքի մասին հայտարարությամբ հանդես գալու մասին հարցին, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց, որ եթե այդ հայտարարությունը ԱԺ-ն ժամանակին աներ, ապա խորհրդարանը ստիպված չէր լինի ԼՂՀ ճանաչման հարցը քննարկել:

«Հանկարծ պարզվեց, որ մեր հասարակությունը պետք է սրտատրոփ սպասի, թե Աստանայում ինչ պիտի լինի, իսկ Աստանայում ոչինչ էլ չի լինելու: Մենք, իհարկե, շատ կուզեինք, որ Աստանայում Ադրբեջանը վերջապես հասկանար, ընդուներ, որ ինքն էլ պիտի զիջումների գնա, որ զիջումները միակողմանի չեն, և մենք թունելի վերջում լույս կտեսնենք,- նշեց խմբակցության ղեկավարն և ավելացրեց,- եթե իշխանությունն ու ընդդիմությունը լավ մտածեին և ժամանակին լսեին Դաշնակցությանը, ապա այս ամենը տեղի չէր ունենա»:

Տպել Տպել