Ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցնել


Ազատագրված տարածքների վերաբնակեցման մասին «Կապիտալը» զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ։

– Իշխանությունները ճիշտ են համարում, որ ազատագրված տարածքները շարունակում են մնալ չբնակեցված։ Դուք, ի տարբերություն իշխանությունների, առաջարկում եք օգտագործել ստատուս քվոն և իրականացնել տարածքների արագ վերաբնակեցման ծրագիր։ Ի՞նչ կտա դա հարցի կարգավորմանը։

-Ակնհայտ է, որ յուրաքանչյուր տարածք ճանաչվում է որևէ երկրի իրավազորության ներքո, եթե դրանում կան բնակիչներ, և նրանք, ըստ էության, ընդունում են տվյալ երկրի օրինական իշխանությունների կողմից կայացրած որոշումները, ընդունված օրենքները և այլն։ Պարզ է նաև, որ մենք չենք կարող ունենալ ԼՂ-ի խնդիրի լուծման ակնկալիք, համենայն դեպս այն բանաձևով, որն առաջարկում են Հայաստանի ներկա իշխանությունները կամ մինչև 1998թ. իշխանությունները, ուստի և՛ մեր, և՛ միջազգային հանրության համար կարևորը ստատուս քվոյի պահպանումն է։ Սակայն ստատուս քվոն չի կարող արդյունավետ լինել, եթե այն չի զուգորդվում տարածքներում ազգաբնակչության կենսագործունեություն ծավալելու մեխանիզմներով։ Այս դեպքում խոսքը տարածքները վերաբնակեցնելու ակտիվ քաղաքականությանն մասին է։ Եթե ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր չենք անում, նշանակում է, որ մենք միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ այդ տարածքներում գործունեություն ծավալելու որևէ մտադրություն չունենք։ Մինչդեռ հսկայական թվով փախստականներ, որոնք ադրբեջանական վայրագ գործողությունների հետևանքով այսօր մնացել են անօթևան, այդ տարծքներում ունեն ոչ միայն օրինական պահանջի իրավունք, այլև պետք է ունենային այդտեղ ապրելու և կենսագործունեություն իրականացնելու հնարավորություն։ Այլ կերպ ասած՝ այս տարածքների վերաբնակեցումը պետք է դառնար ադրբեջանական բռնաճնշումների հետևանքով փախստական դարձած հայերի օրինական փոխհատուցումը։ Մյուս կողմից՝ եթե տարածքները բնակեցված լինեին, հայկական կողմը կարող էր ասել, որ այդ տարածքներում ապրում են մարդիկ, որոնց կարծիքը պետք է հաշվի առնել ցանկացած քննարկման ժամանակ։ Սա կուժեղացներ Հայաստանի դիրքերը և կհեշտացներ Ղարաբաղին՝ որպես բանակցային կողմ բանակցությունների գործընթաց վերաներգրավելու գործընթացը։ Ավելին՝ այսօր ադրբեջանական կողմը քարոզում է ԼՂ-ի ադրբեջանական համայնքի իրավունքները, որին հակընդդեմ կարող էինք առաջարկել վերաբնակեցված տարածքները։ Ես ամենևին չեմ քաջալերում թե՛ իշխանությունների, թե՛ առանձին գործիչների այն կեցվածքը, թե որքան ճիշտ են վարվել, որ չեն վերաբնակեցրել տարածքները։ Ի վերջո, ԼՂՀ-ի կայացվածությունը կասկած չի կարող ունենալ, սակայն այլ բան է, երբ այն կրում է հռչակագրային բնույթ, մեկ այլ բան է, երբ այն փաստացի իրողություն է։

-Ենթադրենք՝ Ձեր առաջարկն իրականանում է, և տարածքները վերաբնակեցվում են։ Ի՞նչ է լինելու այդտեղի բնակիչների հետ, եթե մի օր տարածքները՝ որպես փոխզիջում, հանձնվեն Ադրբեջանին։

-Երբ մենք խոսում ենք ազատագրված տարածքների մասին, պիտի հասկանանք, որ դրանք ԼՂՀ-ի տարածքներն են։ Պարզապես մեր քարոզչության մեջ կա մի արատավոր գիծ՝ տարածքներն անվանել ազատագրված և տալ հնարավորություն ուրիշներին այն անվանել օկուպացված, գրավված և այլն։ Այս ամենի արդյունքում մենք մեզ մղում ենք մի տիրույթ, որտեղից դուրս գալու տարբերակը դիտարկում ենք փոխզիջումը։ Սա սխալ է։ Պետք էր ի սկզբանե մերժել որևէ զիջման հնարավորությունը, բայց ոչ թե բառերով, այլ կոնկրետ գործողություններով, իսկ կոնկրետ գործողություն ասելով պետք է հասկանալ վերաբնակեցման քաղաքականության իրականացում։ Այս պարագայում որևէ համաձայնագիր չի կարող պարտադրել մարդուն դուրս գալ իր բնակավայրից և գնալ այլ տեղ բնակվելու։ Պատկերացրեք, որ եթե մենք ունենայինք իսկապես նորմալ վերաբնակեցված տարածքները, ցանկացած միջազգային հանրություն անպայման հաշվի կառներ այնտեղ բնակվող հասարակության տեսակետները և իրավունքները։ Լավ, ի վերջո, այսօր, երբ խոսում ենք այդ տարածքների մասին, ո՞ւմ կարծիքը պիտի հաշվի առնի միջազգային հանրությունը։ Սա հարց է, որի պատասխանը մենք այսօր չունենք։ Սա է պատճառը, որ այսօր մենք Նախիջևանի մասին խոսում ենք թուլացած դիրքերից և չենք կարողանում հիմնավորել, թե ինչու Նախիջևանը պետք է լինի Հայաստանի մաս, եթե այնտեղ հայ չկա, չկան մարդիկ, որոնք կասեն, որ իրենք ուզում են ապրել Հայաստանի իրավազորության ներքո։ Սա այն կարևոր սկզբունքներից մեկն է, որ մենք պետք է հաշվի առնենք, և արագ վերաբնակեցնենք այդ տարածքները։ Որքան մենք հապաղում ենք, այնքան թուլացնում ենք մեր դիրքերը։ Կարծում եմ՝ նաև սխալ է մտածել, որ տարածքները չենք վերաբնակեցնում, քանի որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ դրանք ստիպված լինենք հանձնել Ադրբեջանին։ Այսպիսի մտածողությամբ մենք չենք կարող այն վերաբնակեցնել, քանի որ այնտեղ բնակվողի համար անհրաժեշտ է կայունության, զարգացման երաշխիք։ Պետք է դուրս գալ 1994թ. զինադադարին նախորդած այն մտայնությունից, որ այդ տարածքներն անվտանգության գոտի են։ Ոչ, դրանք այլևս անվտանգության գոտի չեն, այլ ԼՂՀ-ի տարածքների օրգանական մասը, և այդ օրգանիզմը կարող է արդյունավետ աշխատել, եթե այն ամբողջական է։

-Իրականությունը, սակայն, այն է, որ այդ տարածքները դրված են բանակցային սեղանին, և դրանք վերադարձնելու գաղափարը տեղավորվում է այսօրվա բանակցությունների տրամաբանության մեջ։

-Երբ խոսում ենք փոխզիջումների մասին և դա դիտարկում ենք դիվանագիտական հարթության մեջ, ապա փոխզիջման տակ կարելի է հասկանալ ամեն բան։ Օրինակ՝ ինչ պակաս փոխզիջում է այն, որ Հայաստանն առ այսօր չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, կամ որ Ղարաբաղը դեռ Հայաստանի Հանրապետության բաղկացուցիչ մաս չէ։ Սակայն երբ մենք տեսնում ենք մեր դիմացինի վարքագիծը, խոսքն Ադրբեջանի իշխանությունների վարքագծի մասին է, երբ նրանց ցանկություն է ամեն գնով վերացնել հայ ժողովրդին, ապա մենք պետք է կանգ առնենք և ասենք, որ այլևս փոխզիջման քայլ չունեք անելու։ Չպետք է սրանից վախենալ՝ ասելով, որ դա կբերի պատերազմի։ Պատերազմ հնարավոր է ցանկացած ժամանակ, քանի որ մեր հակառակորդը արյան հակառակորդ է, ոչ թե սովորական վեճից առաջացած հակառակորդ։ Այս պայնաններում շեշտել, որ մեզ համար փոխզիջում նշանակում է տարածքների հանձնում, նշանակում է հակառակորդին տալ հնարավորություն հոխորտալ, վախեցնել պատերազմով։ Անհասկանալի է, եթե պիտի պատերազմից վախենայինք, ինչո՞ւ սկսեցինք ղարաբաղյան շարժումը, ինչո՞ւ ազատագրեցինք տարածքները։ Այս հարցերին կարելի է պատասխանել, որը և անում են, որ տարածքներն ազատագրվեցին, որ հետագայում դառնան առևտրի առարկա։ Սակայն պիտի հասկանալ, որ հողը առևտրի առարկա չի կարելի դարձնել։ Մեր պապական հողը չի կարող դառնալ առևտրի առարկա։ Պետք է հասկանալ նաև, որ ազատագրումն իրականացրել է ողջ հայ ժողովուրդը, և որևէ իշխանություն իրավունք չունի միանձնյա որոշում կայացնել։ Դա հայ ժողովրդի որոշելիք հարցն է։

-Տեսակետ կա, որ ստատուս քվոն սկսում է աշխատել՝ ի վնաս հայկական կողմի։ Համաձա՞յն եք այդ տեսակետին։

-Դա իսկապես այդպես կլինի, եթե մենք շարունակենք չվերաբնակեցնել, եթե շարունակենք օլիգարխիկ տնտեսական, մշակութային, քաղաքական գործունեություն։ Քանի դեռ Հայաստանում կարծրանում է մենաշնորհային համակարգը, քանի դեռ ժողովրդավարական արժեքները չեն ակտիվանում և արժևորվում, այնքան թուլանում է մեր միջազգային հեղինակությունը, իսկ բանակցային գործընթացում՝ մեր դիրքերը։ Այս մասով համաձայն եմ այդ տեսակետին։ Սակայն հարց է՝ արդյոք լուծումը ստատուս քվոյի փոփոխումն է։ Կարծում եմ՝ ոչ։ հարցի լուծումը մեր նկատմամբ պահանջներ ձևակերպելն ու դրանց համապատասխան փոփոխվելն է։ ժամանակակից աշխարհն ուզում է տեսնել ավելի ժողովրդավարական Հայաստան, ուզում է տեսնել անվտանգ ներդրումային միջավայր, չկոռումպացված չինովնիկ, նոր մշակութային, քաղաքական, տնտեսական արժեքներ։ Խնդիրն այն է, որ այդպիսի Հայաստան տեսնելու պահանջ միջազգային հանրությունն արդեն ձևակերպել է, սակայն այդ նետված մարտահրավերին մենք այսօր պատրաստ չենք և որպես լուծում սկսում ենք զիջել մեր ձեռքբերումները։ Սա բերում է այն քաղաքականությունների ձևավորմանը, որոնք կոչվում են նախաձեռնողական, սակայն իրականում պարտվողական են՝ սկսած հայ-թուրքականից, վերջացրած ներքին կյանքում օլիգարխիային և տնտեսական մոնոպոլիստներին զիջումների գնալով։

-Վերադառնանք վերաբնակեցման քաղաքականությանը։ Կարծում եք՝ Հայաստանը կամ Ղարաբաղն ունեն ռեսուրսներ այդ քաղաքականությունն իրականացնելու համար, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի գյուղերն են դատարկվում, և հազարավոր հեկտարներ մնում են անմշակ։

-Շատ կարևոր խնդիր եք բարձրացնում։ Այս ամենի պատճառն այն է, որ վերաբնակեցման խնդիր մենք մեր առջև չենք ձևակերպել։ Ես համոզված եմ, որ մենք այդ ռեսուրսներն ունենք, և եթե մենք մեր նկատմամբ ունենայինք որոշակի պահանջներ և ձգտեինք դրանք բավարարել, ապա կկարողանայինք համախմբել այդ ռեսուրսները և ուղղորդել վերաբնակեցման ծրագրերի կյանքի կոչմանը։ Հայաստանի գյուղերն այսօր դատարկվում են, քանի որ չի իրականացվում արդյունավետ տնտեսական քաղաքականություն, սոցիալական կյանքը բարդ է և հասնում է անհնարինության աստիճանի, հանրապետությունում ծանր է հոգեբանական վիճակը, ժողովրդավարական բարեփոխումները դոփում են տեղում, կոռուպցիան և հովանավորչությունը խեղդել են բոլոր ոլորտները։ Սրանք պահանջներ են, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն, որի արդյունքում տեղի կունենա ռեսուրսների համախմբում։ Սակայն պոտենցիալ կա։ Հայաստանում կան տարածաշրջաններ, որտեղ բնակչությունը գերհագեցած է, սա ռեսուրս է վերաբնակեցման համար։ Երկրորդ կարևոր ռեսուրսը դրսում գտնվող հայերի վերադարձի խրախուսման ծրագիրն է, սակայն ոչ թե քարոզով, այլ գործով՝ երաշխավորելով կայուն զարգացման հնարավորությունները։ Երրորդ ռեսուրսը բնական աճի խրախուսումն է։ Մենք դա չենք անում։ Այսինքն՝ մենք ոչ թե պիտի ասենք՝ բազմացե՛ք, այլ ապահովենք պայմաններ, որ մարդիկ ցանկանան վերարտադրվել՝ լուծելով ժողովրդագրական խնդիրները։ Իհարկե, այս ամենը կարճ ժամանակում չի լինում, սակայն մարդիկ այսօր պիտի տեսնեն բարեփոխումների միտում, նրանք պիտի կարողանան կանխատեսել իրենց և իրենց զավակների վաղվա օրը։ Սա մեծ խնդիր չէ, պարզապես պետք է դրսևորել քաղաքական կամք։ Ինչ վերաբերում է ֆինանսական ռեսուրսներին, ապա հավատացնում եմ, որ որևէ ազգ չունի այնքան պոտենցիալ, որքան հայ ժողովուրդը, պարզապես պետք է վեր կանգնել անձնային և խմբակային շահամոլությունից, եսասիրությունից և այն ուղղորդել պետության զարգացմանն ու կայացմանը։ Եթե սա լինի, ապա շատ արագ կլուծվի նաև ֆինանսական ռեսուրսի հարցը։

Արփի ՄԱԽՍՈՒԴՅԱՆ
ԿԱՊԻՏԱԼ բիզնես օրաթերթ

Տպել Տպել