Ինչո՞ւ է քաղաքացին միշտ դժգոհել իշխանություններից

որովհետև Հայաստանն ունի համակարգային խնդիր

Fotor0912112158Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին: «Սահմանադրությունը ժողովրդի կամքն է, և եթե այդ կամքը ներկայացվում է աղավաղված տեսքով կամ պայմամավորվում է իշխանության ցանկությամբ, ապա նման հասարակությունը չի կարող լավ ապագա ունենալ»,- ասաց նա:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների խնդրին` պատգամավորը նշեց, որ իր համար հասկանալի է, բայց ոչ ընդունելի այն փաստարկը, որ երկրի զարգացման հիմքում կիսանախագահական համակարգն է:

Նրա համար նաև մերժելի է այն փաստարկը, թե արդյո՞ք այսօր ստեղծված իրավիճակի մեղավորը Սահմանադրությունն է:

«Անշուշտ, իշխանության որակից շատ բան է կախված, բայց ինչո՞ւ պետք է հասարակությունը կախվածության մեջ ընկնի միայն իշխանության ցանկությունից: Արդյո՞ք աշխատանքի ընտրության ազատությունը, որն ամրագրված է Սահմանադրության մեջ, բավարար է, որ քաղաքացիները ունենան լավ աշխատանք: Ոչ, բավարար չէ, որովհետև չկա այդ իրավունքի իրացման համար պատշաճ մարմին: Արդյո՞ք բավարար է Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքը: Ոչ, բավարար չէ, որովհետև այն սխեման, որը Սահմանադրության մեջ է ամրագրված, թույլ է տալիս իրականացնել արդարադատություն` մեկ անձի ցանկությունից կախված»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Ուստի, պատգամավորի խոսքով, անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ, որոնք կձևավորեն ամբողջական իշխանափոխության մեխանիզմներ:

Նրա խոսքով` պատահական չէ, որ անկախության տարիների ընթացքում քաղաքացիները միշտ դժգոհել են իշխանություններից` մեկից` մի քիչ շատ, մյուսից` մի քիչ պակաս, որովհետև Հայաստանն ունի համակարգային պրոբլեմ, այլ ոչ միայն անձերի խնդիր, իսկ սահմանադրական փոփոխությունները լուծելու են համակարգային խնդիր:

Նա հորդորեց իր գործընկերներին` ուշադրությունը սևեռել սահմանադրական փոփոխությունների բովանդակային պահանջի վրա, որպեսզի հասնեն Հայաստանում խորհրդարանական համակարգի ստեղծմանը:

Տպել Տպել