Անվտանգութեան հարցերի շւաքը՝ Աստրախանեան գագաթաժողովում

Fotor0930162755Ռուսաստանի Դաշնութեան Աստրախան քաղաքում իր աշխատանքներն է աւարտել Կասպից ծովի աւազանի երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովը:

Աստրախանեան գագաթաժողովին մասնակցել է նաեւ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, ով ելոյթ է ունեցել գագաթաժողովում:

Իր ելոյթում հանրապետութեան նախագահն անդրադարձել է Կասպից ծովի աւազանի անվտանգութեան խնդրին եւ կարեւորել է համատեղ համագործակցութիւնը՝ Կասպից ծովի աւազանում կայունութեան եւ խաղաղութեան պահպանման նպատակով: «Թոյլ չտանք, որպէսզի մերձկասպեան տարածաշրջանը վերածւի ծայրայեղականութեան, ահաբեկչութեան, նարկոբիզնեսի եւ կազմակերպւած յանցագործութիւնների համար յարմար մի վայրի»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Խօսելով Կասպից ծովի իրաւական կարգավիճակի կոնւենցիայի անհրաժեշտութեան մասին՝ նախագահը դա համարել է «Կասպից ծովի աւազանում համագործակցութեան ծաւալման բանալին», միաժամանակ յաւելելով, որ մինչ իրաւական կարգավիճակի ճշտորոշումը, «համագործակցութեան համար պէտք է հիմք ընդունւեն գործող պայմանագրերը»:

Դոկտ. Ռոհանին չի շրջանցել նաեւ Կասպից ծովի անվտանգութեան խնդիրների հետ կապւած թեման: Նա Կասպից ծովի աւազանում խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան պահպանումը պայմանաւորել է մի քանի գլխաւոր սկզբունքներով, որոնցից յատուկ կարեւորել է «սպառազինման մրցավազքից եւ ուժի կիրառումից խուսափելն» ու «ոչ-տարածաշրջանային ուժերի ներկայութեան բացառումը՝ Կասպից ծովի աւազանում»:

Գագաթաժողովի ընթացքին հետեւող փորձագէտների տեսադաշտից չի վրիպել անվտանգութեան հարցերի հետ կապւած պաշտօնական Իրանի եւ Ռուսաստանի տեսակէտներում ու մօտեցումներում նկատւող որոշակի մերձեցումը:

Թէեւ երկու երկրների ղեկավարները կարեւորել են Կասպից ծովի իրաւական կոնւենցիայի անհրաժեշտութիւնը, այդուհանդերձ, փորձագէտների կարծիքով՝ գոնէ այս գագաթաժողովում երկու երկրների համար այդ թեման համարւել է երկրորդական:

Աստրախանում թէ՛ Թեհրանը, եւ թէ՛ Մոսկւան ակնյայտօրէն կարեւորել են Կասպից ծովի աւազանի անվտանգութեան խնդիրների հետ կապւած թեման, փորձելով կասպեան տարածաշրջանի անվտանգութեան հարցերի կարգաւորումը պայմանաւորել աւազանի երկրների համագործակցութեամբ՝ բացառելով ոչ-տարածաշրջանային ուժերի ներկայութիւնը՝ կասպեան տարածաշրջանում:

Այդուհանդերձ՝ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի տեղակալ Իւրի Ուշակովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Կասպից ծովի իրավիճակի ճշտորոշման թեման կարող է ներառւել կասպեան տարածաշրջանի երկրների ղեկավարների յաջորդ՝ 2015 թւականին Ղազախստանում գումարւող գագաթաժողովի օրակարգում:

Աւելի ուշ իր տեղակալի յայտարարութիւնը հաստատել է նաեւ Վլադիմիր Պուտինը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է գագաթաժողովի արդիւնքները:
«Գլխաւոր ձեռքբերումներից մէկը համարւում է զգալի առաջընթացը՝ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիայի պատրաստման հարցում: Դա հնարաւոր դարձաւ ծովում մերձկասպեան երկրների գործունէութեան հանգուցային սկզբունքների համաձայնեցման շնորհիւ»,- ասել է Պուտինը, յաւելելով, որ Կասպից ծովի իրաւական կարգավիճակի մասին կոնւենցիան կարող է ստորագրւել տեսանելի ապագայում:

Այնուամենայնիւ, կասպեան տարածաշրջանի քաղաքական հարցերով զբաղւող փորձագէտների կարծիքով՝ դժւար թէ տեսանելի ապագայում հնարաւոր լինի այդ չափազանց բարդ խնդրի համար գտնել այնպիսի լուծում, որը կը բաւարարի բոլոր կողմերին: Մանաւանդ որ՝ այս կապակցութեամբ Կասպից ծովի հարաւային շրջանում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանն ունեն տրամագծօրէն հակառակ տեսակէտներ: Պաշտօնական Բաքուն չի թաքցնում իր յաւակնութիւններն ու ցանկութիւնը՝ Իրանի եւ Թուրքմենստանի հաշւին ընդարձակելու իր ծովային սահմաններն այն տարածքներում, որոնք հարուստ են ածխաջրածնային էներգետիկ պաշարներով:

Ամփոփելով թեման, պէտք է նշենք, որ Իրանի միջուկային ծրագրի հետ կապւած խնդրի շւաքի ծանրութիւնը զգացւում էր նաեւ աստրախանեան բանակցութիւնների հետ կապւած գրեթէ բոլոր քննարկումներում:

Այս կապակցութեամբ փորձագիտական յօդւածների եւ վերլուծութիւնների դիտարկման արդիւնքում՝ պարզորոշ երեւում էր, որ գրեթէ բոլորը համակարծիք են մի հարցում՝ Իրանի միջուկային ծրագրի կապակցութեամբ համաձայնութեան կայացումն ու դրա արդիւնքում՝ Արեւմուտքի հետ յարաբերութիւնների որոշակի կարգաւորումը, զգալիօրէն կաւելացնի Թեհրանի հնարաւորութիւնը՝ օգտագործելու քաղաքական իր բոլոր տարողութիւնները՝ պաշտպանելու իր աշխարհա-քաղաքական շահերը՝ կասպեան տարածաշրջանում:

Չմոռանանք որ՝ եթէ անվտանգութեան հարցերով համընկնում են պաշտօնական Թեհրանի եւ Մոսկւայի շահերը, ապա նոյնը չի կարելի ասել Կասպից ծովի իրաւական կարգավիճակի հարցով: Այս կապակցութեամբ խնդիրն ունի այլ ընթացք, քանզի անցած բոլոր տարիների ընթացքում Կրեմլն անթաքոյց պաշտպանել է Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ղազախստանի մօտեցումները՝ անտեսելով Իրանի կենսական շահերը՝ կասպեան աւազանում:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir

Տպել Տպել