Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սատարում է Ռոբերտ Դոլդի թեկնածությունը

Fotor01002115351ԱՄՆ Իլինոյսի նահանգի կոնգրեսի առաջիկա ընտրություններում Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սատարում է ամերիկահայերին հուզող խնդիրների երկարամյա ջատագով Ռոբերտ Դոլդի թեկնածությունը: «Պարոն Դոլդը երկար տարիներ եղել է ամերիկահայերի համար կարևորություն ունեցող խնդիրների հզոր պաշտպանը և ապացուցել է, որ հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության բարեխիղճ խաչակիր և արդարության ջատագով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Իլինոյս նահանգի Հայ դատի հանձնախմբի նախագահ Մայք Դեմիրճյանը:

Իսկ նույն նահանգի բնակիչ, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանն իր ակնկալիքները հայտնեց, որ տեղի հայ համայնքը տեղեկացված և Դոլդի կողմ հակված որոշում կկայացնի ընտրությունների օրը:

Հայ դատի հանձնախմբի հարցումների ժամանակ կոնգրեսի թեկնածուն նշել է, որ աջակցում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման , Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հայ և քրիստոնյա այլ համայնքներին ԱՄՆ-ի կողմից օգնության ցուցաբերմանը:

«Թուրքիան պետք է առանց վերապահության ճանաչի այս ահավոր չափերի հասնող հանցագործությունը և լիովին փոխհատուցի»,- ասել է նա:

Դոլդը նաև Թուրքիային կոչ է արել «անհապաղ ետ վերադարձնել» հայերից, հույներից և ասորիներից բռնագրավված կրոնական գույքը:

Ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրին` նա հայտարարել է, որ ամբողջովին սատարում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և հորդորել է ռազմական օգնություն չցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ այն շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ:

armenpress.am

Տպել Տպել