Արգենտինայում կմեկնարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեկամյա արշավը

խաչիկԱրգենտինայի հայ համայնքն արդեն ձեւավորել է համայնքային հանձնաժողով, որի որոշմամբ եւ նախաձեռնությամբ էլ պետք է տեղի ունենան Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները: Տեղի կունենան քաղաքական, կրոնական, մշակութային եւ ակադեմիական ուղղվածությամբ միջոցառումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բուենոս Այրեսի Սան Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը շեշտում է, որ միջոցառումների նպատակն է քարոզչական լայն արշավ նախաձեռնել ամբողջ տարվա ընթացքում հարցին հանրային հնչեղություն տալու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015թ. Արգենտինայում կկայանա նախագահական ընտրություն:

«Համայնքային կազմակերպությունները, կենտրոնական ձեռնարկներից բացի, միջոցառումներ կկազմակերպեն երկրի այլ հայաշատ քաղաքներում: Արգենտինայի հայ համայնքն կենտրոնական հանձնաժողովին առաջարկել է միջոցառումների մեջ ներառել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նախագահներ Ռաուլ Ալֆոնսինի եւ Նեսթոր Քիրչների անունով հուշատախտակներ զետեղելը` որպես շնորհակալություն առաջինին՝ 1987թ. Ցեղասպանությունը հրապարակային կերպով ճանաչելու, իսկ երկրորդին՝ 2006թ Արգենտինայի խորհրդարանի ներկայացրած Ցեղասպանության ճանաչման օրենքն ընդունելու համար: Առաջարկն ընդունված է, հետեւաբար մենք ջանք պիտի թափենք, եւ մեր նպատակն է, որ Արգենտինայի պատվիրակությունը մասնակցի 100-րդ տարելիցի պաշտոնական նախաձեռնություններին»,- ասաց Խաչիկ Տեր-Ղուկասյանը: Արգենտինայի հայ համայնքն ուշադիր է լինելու նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի իրականացրած ժխտողականության փորձերին եւ փորձելու է հակազդել դրանց: Խաչիկ Տոր Ղուկասյանի փոխանցմամբ արգենտինացի հասարակությունը ծանոթ է Հայոց ցեղասպանությանը, դատապարտում է եւ կանգնած է հայ ժողովրդի կողքը: Հենց դա է պատճառը, որ վերջին շրջանում խիստ ակտիվացել է թուրք-ադրբեջանական քարոզչությունը: «Բաքվի դիվանագիտական ներկայացուցչությունը լուրջ եւ հետեւողական աշխատանք է կատարում Խոջալուն որպես «Ցեղասպանություն» ճանաչելու ուղղությամբ: Այս հարցի առնչությամբ Ադրբեջանը ակտիվ քարոզչություն է ծավալում հասարակական եւ քաղաքական շրջանակներում: Հետեւաբար, թե որպես համայնք, թե որպես պետություն պետք է անընդհատ աշխատենք, այլապես նրանց փողն ու աշխատանքային ներդրումը կարող են լուրջ հարված հասցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում մեր կատարած ջանքերին»,- ասաց Խաչիկ Տեր- Ղուկասյանը:

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի լավագույն ձեռնարկներից մեկը լինելու է Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի գործարկումը: Դեռեւս հստակ չէ, թե շինարարությունը երբ կավարտվի, սակայն նպատակն է, որ ոչ միայն կառույցը պատրաստ լինի 2015թ, այլեւ կազմակերպվի առաջին ցուցադրությունը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանին 2015թ. Ապրիլի 24-ինբ Երեւան հրավիրելու նախաձեռնությանը, Խաչիկ Տեր- Ղուկասյանն այն գնահատեց հանդուգն մարտահրավեր եւ խելացի պատասխան ապրիլին Էրդողանի արտահայտած «ցավակցությանը», ինչը, փաստորեն, Ցեղասպանության «մեղմ» ժխտողականության նորագույն մարտավարությունն է` ուղղված հատկապես միջազգային հանրային կարծիքին:

Հասմիկ Հարությունյան

Տպել Տպել