Հունահայ թեմն իրավական պետական կարգավիճակ է ստացել

Fotor0826131413Հունաստանի խորհրդարանը հերթական սկզբունքային որոշումն է ընդունել` քննարկելով երկրի ներսում կրոնական համայնքներին իրավական կարգավիճակ տալու օրինագիծը: Խորհրդարանի մեծամասնությունը կողմ է քննարկել օրինագծի ընդունմանը: Հունաստանի կրթության նախարար Անդրես Լովերտոսը խորհրդարանում հայտարարել է, որ օրինագիծը կլուծի մի շարք հարցեր, որոնք խոչընդոտում էին Հունաստանում կրոնական տարբեր համայնքների գործունեությունը: Իր ելույթում նախարարը կոչ է արել քվեարկել կողմ, հանուն ավելի ժողովրդավար Հունաստանի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աթենքում հրատարակող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ Հունահայոց ազգային վարչությունն ավելի քան մեկ տարի լուրջ աշխատանք էր իրականացնում, որպեսզի հունահայոց թեմի հարցը նույնպես ներառվեր օրինագծում: «Այսպիսով, Հունաստանի խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն, Հունահայոց թեմը ճանաչում է ստացել որպես առաջնակարգ մակարդակի եկեղեցական իրավական անձ»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը` հավելելով, որ մինչ օրինագծի քննարկումը խորհրդարանի հրավիրած հանձնաժողովի նիստին մասնակցել են Հունահայոց ազգային վարչությունից Ստեփան Փափազյանն ու Հայ համայնքի ներկայացուցիչ Քերոբ Էքիզյանը, ովքեր ներկայացրել են Հունահայոց թեմի դերակատարությունն ու պահանջները:

Համաձայն նոր օրենքի, որպեսզի կրոնական համայնքը ստանա եկեղեցական իրավական անձի կարգավիճակ, անհրաժեշտ է, որ նրան մաս կազմեն եւս երեք կրոնական իրավական անձեր: Համաձայն օրենքի 12.5 հոդվածի, որպես Ազգային առաջնորդարանին ենթակա առանձին կրոնական իրավական անձ են ճանաչվել Աթենքի, Նեոս Կոսմոսի, Գոքինոյի, Սալիոնի, Գավալայի, Քսանթիի, Գոմոթինիի, Ալեքսանդրապոլի եւ Թիթիմոթիխո-Օրեսդիատայի եկեղեցիները: Հռիփսիմե Հարությունյանի փոխանցմամբ, հունական բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են օրինագծի ընդունմանը: Օրինագծի ընդունումն արդեն ողջունել էն Վատիկանը եւ եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը:

Հ. Հ.

armenpress.am

Տպել Տպել