Բարիկադների հոտ է գալիս, որը լավ տեղ չի տանի

արմենԲարիկադների հոտ է գալիս, նորից յուրայինի և օտարի բաժանման հոտ է գալիս այս ամենից, որը լավ տեղ չի տանի. Tert.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ՀՅԴ-ն թող իշխանությունների հետ հարաբերությունները ճշգրտի, որից հետո կքննարկեն նրանց հետ հետագա հնարավոր համագործակցության հարցերը, այսպես պատասխանեց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Եթե ճշգրտելու մասին է խոսքը, իրենք էլ են անընդհատ ինչ-որ բաներ ճշգրտում, բայց մենք խոսում ենք 12 կետի մասին՝ որպես ճշգրտված և համաձայնեցված բան, թող այս մասին խոսեն, որ այն, ինչ համաձայնեցրել ենք, այդ համաձայնությունները խախտվել են, և պետք չէ հարցը այլ տեղեր շեղել»,-ասաց նա։

Ռուստամյանը նշեց, որ իրենք իշխանությունների հետ ինչ էլ ճշգրտում են, բաց է ու հրապարակային։ «Մենք պարզ ասել ենք մեր առաջարկը՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, և նրանց պատասխանից մենք կհասկանանք՝ պաշտպանու՞մ ենք, թե՞ ոչ. պարզ ենք ասել»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ թեև քառյակը պայմանավորվել էր, որ հանրահավաքին Դաշնակցության տեսակետը 12 կետի մասով նույնպես պետք է ներառվի ամփոփման մեջ, սակայն եռյակը հայտարարել էր, որ կամփոփեն միայն եռյակի անունից։

«Թող եռյակի կողմից անեն, գումարեն դրան արտախորհրդարանական ուժերին, ինչ ուզում են՝ անեն, բայց այն, ինչ մենք իրար հետ պայմանավորվել ենք, դա չհարգել, չանելն արդեն լավ բանի նշան չի»,-ասաց նա։

Հարցին, թե տպավորություն կա, որ ՀՅԴ-ին դիտարակում են իշխանության դաշտում, Արմեն Ռուստամյանը մեջբերեց Սայաթ-Նովային. «Ղուրթս էնդուր ճամփայ չէ գընում` շատացիլ է խալխի սուտըն, քըսանըն` մէ ղուլ չին պահում. Դօստիրըս դուշման ին դառի»… Ի՞նչ ասեմ, եթե մեր գիծը 20-25 տարի արծարծելը դառնում է այս կամ այն դաշտում հայտնվել, թող իրենք մի քիչ խորը մտածեն։ Մենք երեք նախագահների ժամանակ ասել ենք, որ անհրաժեշտ է համակարգային փոփոխություն, նույն ձևով կարելի է ասել՝ չէ՞ որ առաջին Նախագահի հետ էինք, երկրորդի: Մենք չենք հրաժարվում մեր մոտեցումներից, իսկ այդ չհրաժարվելը ամեն անգամ մեկն իր ձևով է փորձում մեկնաբանել՝ ժողովրդին մոլորեցնելու համար, թե՝ այս մասը ավելի վճռական է, բայց տեսեք՝ դաշնակցությունը անվճառական է»,-նշեց նա:

tert.am

Տպել Տպել