Ֆրանկֆուրտում կներկայացվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին տարիներին հրատարակված գրքերը

Fotor01010134725Հայաստանն ավանդաբար մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը ներկայացված երկրների և մասնակիցների թվով խոշորագույնն է աշխարհում: Այս տարի ևս հոկտեմբերի 8-12-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայաստանյան տաղավարում ներկայացված են ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակությունների կողմից վերջին տարիներին հրատարակված լավագույն նմուշները: Առանձին հատվածով կներկայացվեն նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին տարիներին հրատարակված գրքերը:

Ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 11-ին տեղի կունենա ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքի հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակությունների շնորհանդեսը, ինչպես նաև հայկական խոհանոցի վերաբերյալ գերմաներեն հրատարակության շնորհանդեսը: Հոկտեմբերի 12-ին կանցկացվի «Մարդասիրությունը և գրականությունը» խորագրով քննարկում, որի ժամանակ կխոսվի ցեղասպանությունները կանխելու գործում գրականության դերի մասին: Քննարկման ընթացքում ելույթով հանդես կգան թուրքական «Բելգե» հրատարակության ղեկավար Ռագիփ Զարաքոլուն և թուրք գրող Գուլչիչեկ Գյունել Թեքինը, ով ևս հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ստեղծագործություններով:

Հայաստանյան պատվիրակության կազմում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Զանգակ», «Անտարես», «ԵՊՀ» հրատարակչությունների ղեկավարները, «Գրքի և հրատարակչական գործի» կենտրոնի ներկայացուցիչները և ոլորտի այլ մասնագետներ: Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում կունենա Մայնի Ֆրանկֆուրտի և հարակից երկրամասում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

armenpress.am

Տպել Տպել