ՀՅԴ-ն իր կարծիքը կներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին

armenԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով սահմանադրական փոփոխությունների հրապարակված հայեցակարգի մասին, ասաց, որ, ըստ նախնական ուսումնասիրության, այն ուղղությունները, որոնցով Դաշնակցությունն առաջարկել է փոփոխություններ, փաստաթղթում հիմնականում որդեգրված են, ուստի կարելի է աշխատել արդեն սահմանադրական փոփոխությունների իրականացման ուղղությամբ: «Մենք, որպես անհրաժեշտ պայման, ասել էինք, որ չենք մասնակցի փոփոխություններին, եթե իրական արմատական համակարգային փոփոխություն տեղի չունենա, իսկ արմատական համակարգային փոփոխությունը դա անցումն է կառավարման խորհրդարանական համակարգին, ինչն այս հայեցակարգում ամրագրված է: Բայց մենք ունենք մեր մոտեցումները, որոնք հայեցակարգում լիարժեքորեն արտացոլված չեն, այն իմաստով, որ խորհրդարանական համակարգերը տարբեր են լինում, և այն պրոբլեմները, որոնք նշված են հայեցակարգում, մեզ համար ընդունելի են, բայց, լուծումների արդյունավետության հետ կապված, հարցեր ունենք: Մենք աշխատում ենք, որ առավել արդյունավետ լուծումներ առաջարկենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Դաշնակցությունն առավել լիարժեք կներկայացնի իր կարծիքը հայեցակարգի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ երկրի նախագահը վեց ամսով հետաձգում է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իր դիրքորոշման հրապարակումը, պատգամավորը կարծիք հայտնեց, որ չկա դիրքորոշման հետաձգման հարց, որովհետև, ըստ նախագահի հրամանագրի, հստակ նշված է ընթացակարգ, երբ հայեցակարգը ներկայացվում է նախագահի հաստատմանը, նրա կողմից ընդունվելուց հետո վերադարձվում հանձնաժողովին, տասը ամսվա ընթացքում հանձնաժողովը պատրաստում է նախագիծ: Հիմա քաղաքական կոնսուլտացիաների փուլն է: «Ես չեմ կարծում, թե այստեղ ինչ-որ ճնշումների խնդիր կա, պարզապես ընթացակարգի տրամաբանական շարունակություն կա: Քաղաքական կոնսուլտացիաների ժամանակն է գալիս, ինչը ժամանակ է պահանջում, այնպես որ` ես արտառոց բան չեմ տեսնում այստեղ»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Ըստ պատգամավորի` հայեցակարգը դեռևս հիմնադրույթներն են, կան որոշակի անորոշություններ, հստակ պատասխաններ տալու է նախագիծը: Արմեն Ռուստամյանի խոսքով` հայեցակարգը կարելի է հիմք ընդունել և առավել արդյունավետ լուծումներ առաջարկել:

Արմեն Ռուստամյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանի` սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հետաձգումը պայմանավորված չէ եռյակի ճնշմամբ, պատասխանեց. «Եթե եռյակի մոտեցումները ինձ որևէ մեկը ձևակերպի լիարժեք, ես ավելի հեշտ կպատասխանեմ այդ հարցին: Առայժմ հրապարակված տեսակետն այն է, որ եռյակը որևէ քննարկում չի ընդունում, ուրեմն ի՞նչ հետաձգելու մասին է խոսքը: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ հրաժարվում է սահմանադրական փոփոխությունների գործընթացից, բայց նման հայտարարություն չի հնչել: Եթե նման բան տեղի ունենա, ես ձեզ հիմա եմ ասում, որ հետո չասեք, թե Դաշնակցությունն իր դիրքորոշումներըն ըստ ընթացքին ճշտում է, ապա դա կլինի ամենամեծ բացթողումը թե’ մեր երկրի համար, թե’ ընդդիմության համար: Եթե նպատակն այն է, որ համակարգային փոփոխություններ տեղի չունենան, սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան, ուրեմն ողբամ մեր վիճակը, որովհետև եթե հրաժարվենք սահմանադրական փոփոխություններից, ապա կունենանք նոր` չորրորդ նախագահ, որից դժգոհելու ենք»:

Դաշնակցության կարծիքով` եթե ինչ-որ բան պետք է կատարվի երկրում, որը կհանգեցնի ժողովրդի համար ընդունելի զարգացումների, համակարգային փոփոխությունն է, իսկ դա հնարավոր չէ առանց Սահմանադրության փոփոխության: «Ամբողջական իշխանափոխությունը, որի մասին երկար ժամանակ խոսել ենք, հիմա փորձում են աղավաղել կամ իմաստազրկել, ենթադրում է ոչ միայն վարչախմբի հեռացում, այլ նաև համակարգի փոփոխություն, որ նույն բանը չկրկնվի»,- ասաց պատգամավորը:

Տպել Տպել