Մենք չպաշտպանեցինք մեր պայմանավորվածությունը

Ռուբեն Հակոբյանի համար հասկանալի է Դաշնակցության գնահատականը

Fotor01021193650Այյսօր լրագրողների հետ զրույցում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով այն հարցին, որ եռյակը ՀՅԴ խմբակցությանը ստորագրելու համար ներկայացրել է մի փաստաթուղթ, որն այդ քաղաքական ուժի հետ չի քննարկվել, պատասխանեց. «Իսկապես, մենք պայմանավորվել էինք Դաշնակցության հետ, որ, 12 կետերի հետ կապված, քառյակը պետք է քննարկեր: Ցավոք, մենք չպաշտպանեցինք այդ մեր պայմանավորվածությունը` 12 կետերի հետ կապված, ինչը ընդգծված լուրջ գնահատականի արժանացավ Դաշնակցության կողմից: Ինչ-որ տեղ հասկանալի է ու տրամաբանական, որ եթե քաղաքական ուժը պետք է ստորագրի որևէ փաստաթղթի տակ, ուրեմն պետք է մասնակցի նաև այդ փաստաթղթի մշակմանը»:

Ինչ վերաբերում է Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը նույնպես բանակցում է իշխանությունների հետ, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Չեմ կարծում, թե մեր պետության մեջ չպետք է լինեն բանակցություններ: Մենք չենք բանակցում: Իսկապես, ես չեմ տեսնում, թե եռյակից որևէ ուժ բանակցում է: Համենայն դեպս, ես տեղյակ չեմ դրա մասին: «Ժառանգության» անունից կարող եմ ասել, որ բանակցային պրոցես չկա իշխանությունների հետ: Մյուս կողմից` բոբո մի’ դիտեք բանակցությունները, եթե ապագայում անհրաժեշտ լինի միասին բանակցել` պետությունն այս վիճակից դուրս բերելու համար: Ի՞նչ է եղել, դա նորմալ քաղաքական պրոցես է»:

Պատգամավորի խոսքով` հասարակության մեջ արմատացած է այն կարծիքը, որ ընդդիմությունը պետք է սառը կանգնի, ասի, որ չի ճանաչում իշխանություններին, և այն, ինչ անում է, պետք է միայնակ անի, բայց դա այդպես չէ: «Մենք ուզում ենք պետության մեջ վիճակ փոխել, ոչ թե թշնամի փնտրել: Իշխանությունները պետք է դուրս գան ինքնասիրահարված վիճակից, և եթե այդ ընթացքում ժողովրդի ճնշման տակ իշխանությունը դա կարող է գիտակցել, մենք միայն կողջունենք դա»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Տպել Տպել