Վահան Հովհաննիսյան. Ես չեմ հավատում վստահեցմանը, թե ոչինչ չի պատահի Օսկանյանի հետ


hayeli.am-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի հետ

– Ձեր ելույթում բավական ուշագրավ փաստ նշեցիք` եթե մինչեւ անձեռնխելիությունից զրկելը Վարդան Օսկանյանը` որպես գործով վկա, խուսափում էր հարցաքննությունից, ապա հիմա` որպես մեղադրյալ, առավել եւս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով հրաժարվել հարցաքննությունից: Եվ այս դեպքում ի՞նչ իմաստ ունի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը: Աղվան Հովսեփյանը պատասխանեց Ձեր հարցադրմանը: Ձեզ բավարարե՞ց նրա պատասխանը:

-Բավարարված համարել ինձ չեմ կարող: Վստահեցմանը, թե ոչինչ էլ չի պատահի Օսկանյանի հետ, ես չեմ հավատում, որովհետեւ կարող է հետո դա գնահատեն որպես իրավիճակի փոփոխություն եւ ինչ-որ բան կիրառեն:

– Օսկանյանն էլ հետաքրքիր դիտարկում արեց` “Իմ տեղում կարող է լինել ձեզնից յուրաքանչյուրը”:

– Ճիշտ է ասում:

– Լսեցիք Հայկ Բաբուխանյանի ելույթը: Ինչո՞ւ կրակոտ են հատկապես այն պատգամավորների ելույթները, ովքեր Օսկանյանի տեղում հայտնվելու դեպքում շատ ավելի լուրջ մեղադրանքների առաջ կարող են կանգնել:

– Ես չեմ ուզում մեկնաբանել առանձին պատգամավորների, այդ թվում նաեւ ամենախայտառակ, լպրծուն, կոշիկ լպստող ելույթները: Բայց ես մի բան գիտեմ` նրանք իրավական առումով բացարձակ անգրագիտություն դրսեւորեցին: Բոլորի մոտ հնչում էր այն, ինչ ես նկատեցի երեկ` նրանք չարախնդում են Վարդան Օսկանյանի վրա, թե` “Տե’ս, ինչ պատժի կարող ես արժանանալ իշխանության կողմից, որին քննադատել ես”: Սա է նրանց հոգու խորքում, եւ այդ հոգին մաքուր չէ:

-Դուք նաեւ առաջարկում էին հրավիրել Հանթսմաններին եւ նրանց նույնպես հարցաքննել:

-Ինչ վերաբերում է ապուշ հայտարարություններին, թե նման ֆոնդերը ծառայում են արտասահմանյան ուժային կենտրոնների եւ պետությունների շահերին, ապա սա բոլորովին ուրիշ հոդված է: Ուրեմն մարդուն կոնկրետ մեղադրանք ներկայացրեք եւ մեղադրանքը կապեք ուրիշ պետության շահերի ծառայելու, հայրենիքի դավաճանության մեջ: Բերեք այդ մեղադրանքը ներկայացրեք: Ինչո՞ւ չեք ներկայացնում: Փողերը լվանում են, երբ դրանք կեղտոտ են: Հայտնաբերեք, թե ինչու են կեղտոտ այդ փողերը: Եվ ընդհանրապես, կարելի է հարցաքննության հրավիրել նաեւ մի շարք երկրների նախագահների, որոնք նույնպես ֆինանսավորել են Օսկանյանի հիմնադրամը:

– Պարոն Հովհաննիսյան, ՀՅԴ-ն որոշե՞լ է, թե ինչպես է մասնակցելու նախագահական ընտրություններին` միասնակա՞ն, թե՞ սեփական թեկնածուով:

– Այդ հարցը Գերագույն մարմինն է որոշում: Չգիտեմ:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի
hayeli.am

Տպել Տպել