ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել


ԱԺ այսօրվա նիստում ընդունվել է 2011թ. բյուջեի կատարողականը: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել ինչպես 2011թ. բյուջեին կատարողականին, այնպես էլ այս անգամ՝ դրա կատարման հաշվետվությանը:
«Գիտեք, մի տեսակ արարողակարգային գործընթաց է դարձել. ամեն տարի կառավարությունը բյուջեն բերում է, հանձնաժողովները քննարկում են, պատգամավորները քվեարկում ու անցկացնում»,- ընդգծեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ի պատասխան դիտարկմանը, որ, փաստորեն, նույն կերպ կանցկացվի 2013թ. բյուջեն եւ մեծամասնության համար միակ դժվարությունը կլինի քվեարկությունից րոպեներ առաջ ՀՀԿ-ականներին իրար գլխի հավաքել, նա նշեց. «Այո, իրենց միակ դժվարությունը պատգամավորներին հավաքել, դահլիճ բերելն է, ունեն մեծամասնություն եւ ցանկացած հարց կարող են անցկացնել ու ոչ մի բանի առջեւ չեն կանգնում»:

Հարցին, թե նման պայմաններում ընդդիմադիր փոքր խմբակցությունների համար աշխատելը դժվար չէ՞, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց` ի վերջո, սա խորհրդարան է, հարկավոր է կարողանալ մոտեցումները հստակ ներկայացնել, իսկ դրանից հասարակությունը թող դատի` ով ով է, ով ինչ է անում, ով ինչ է ասում:

Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության բոյկոտին` Վարդանյանը նշեց, որ պետք է սպասել, թե այդ կուսակցությունն ինչ որոշում կկայացնի հետագա աշխատանքների համար: Իսկ առհասարակ ՀՅԴ-ական պատգամավորը չի քննադատում ԲՀԿ-ի բոյկոտը եւ համարում է, որ բոյկոտն էլ քաղաքական պայքարի ձեւ է:


ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյան համոզմունք հայտնեց, որ դրամավարկային քաղաքականության ակնհայտ թերություններն իրենց արտացոլում են գտել հարկաբյուջետային ոլորտում, իսկ Կենտրոնական բանկի ու կառավարության համահունչ գործունեությունը վնասել է երկրի տնտեսությանը եւ նվազեցրել է բնակչության կենսամակարդակը. «Երբ ներկայացվում էր 2011-ի պետական բյուջեի ծրագիրը, մենք բազում առաջարկներ ներկայացրինք, սակայն դրանցից ոչ մեկը կառավարությունը չընդունեց:

Մենք ոչ միայն դեմ քվեարկեցինք, այլեւ մտահոգություն արտահայտեցինք, որ այդ բյուջեի ծրագիրը չի կարող ապահովել տնտեսական մրցունակության մակարդակի բարձրացում: Կյանքը ցույց տվեց, որ մենք, ցավոք, ճիշտ էինք: Իրագործված բյուջետային ծրագրի արդյունքում աղքատության մակարդակը աճեց, ժողովրդագրական իրավիճակը վատթարացավ: Ցավոք, կառավարությունը եւ Կենտրոնական բանկը առաջնորդվեցին այն փորձագետների խորհուրդներով, որոնք մեր տնտեսության ու Հայաստանի ապագայի հետ որեւէ առնչություն չունեն»:

Ա.Մինասյանը համոզմունք հայտնեց, որ նման ցուցանիշներով բյուջեի կատարողականին չի կարելի հավանություն տալ, նաեւ թույլ տալ, որ նույն կառավարությունը էլ ավելի վատացնի երկրի վիճակը: Կառավարությունը երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու շատ ավելի լուրջ ծրագրեր պետք է կարողանա ներկայացնել: Այս կառավարությունը դա անել չի կարող։

«Մենք այս տեմպով ու որակով, ստվերայնության այս բարձր մակարդակով ի՞նչ մարտահրավեր կարող ենք հաղթահարել: Կատարողականում գրված է, թե ներդրված է պետական գնումների միջազգային լավագույն փորձին համապատասխանող համակարգ: Եթե այդպես է, ինչո՞ւ են նախագահն ու վարչապետը նույն այդ համակարգը սուր քննադատում: Գրվածի՞ն հավատանք, թե՞ ասվածին»,- հարցնում է ՀՅԴ ներկայացուցիչը։

Տպել Տպել