Ե՞րբ են բացելու փակագծերը

Ինչո՞ւ չի բացահայտվում Հրաչ Մուրադյանի սպանությունը

Հրաչ
Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, գործում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով ստեղծված համատեղ օպերատիվ-քննչական խումբը: Հիշեցնենք, որ Մուրադյանն անհայտ անձի կողմից արձակված կրակոցից սպանվել էր 2013թ. ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց:

Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ սպանության գործի նախաքննությունը շարունակվում է, ՀՀ քննչական կոմիտեի ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում կատարվում են քննչական որոնողական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ Մուրադյանի սպանության ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազն էր Աղվան Հովսեփյանը, ով ներկայումս զբաղեցնում է քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Գործով մեղադրյալ անցնող միակ անձը` Պռոշյան գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին, այս տասն ամիսների ընթացքում որևէ քննչական գործողության չի մասնակցել, քննիչների հետ նրա հանդիպումները սահմանափակվել են միայն կալանքի փոփոխման հետ կապված փաստաթղթային հարցերը կարգավորելով:

Նախաքննական մարմինը, ինչպես Պետրոսյանին կալանքի տակ պահելու 8 ամիսների ընթացքում, այնպես էլ հիմա չի ընդունում նրա անմեղության փաստը: Պետրոսյանը թեև ազատության մեջ է, սակայն դեռ գործով մեղադրյալ է, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ: Ի դեպ, նրա իրավունքները խախտելու եղանակով նրան 8 ամիս շարունակ ապօրինի կալանքի տակ պահելու հանգամանքը կդառնա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննության առարկա:

Հիշեցնենք, որ Պետրոսյանի փաստաբանը ՄԻԵԴ դիմել էր դեռևս նախորդ տարի: Իսկ ինչ վերաբերում է սպանության բացահայտման ուղղությամբ կատարվող քննչական գործողություններին, ապա դրանք, կարծես, վաղուց են մտել փակուղի` այն պահից սկսած, երբ իրավապահներն ընկան այն «հանցագործի» հետքի վրա, որին 8 ամիս անց պետք է ազատ արձակեին: Նշենք, որ Մուրադյանի վրա, ամենայն հավանականությամբ, կրակել են ընթացող մեքենայից: Սակայն, որքան էլ տարօրինակ է, քննություն իրականացնող մարմնին չի հաջողվել անհրաժեշտ տվյալներ գտնել անգամ Երևան-Աշտարակ ճանապարհի` Պռոշյան գյուղին հարակից հատվածից առգրավված տեսախցիկներից:

Հիշեցնենք նաև, որ մի քանի անգամ Մուրադյանի սպանության բացահայտման գործով Պռոշյան են այցելել և համայնքի բնակիչների հետ հանդիպել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Գյուղապետի սպանության գործը գտնվում է Կոստանյանի անմիջական վերահսկողության տակ: Թեեւ որեւէ նոր հանգամանքի ի հայտ չի եկել, Կոստանյանը հակված չէ այն կարծիքին, որ գործը մտել է փակուղի: «Քննություն, իրոք, իրականացվում է, և նպատակահարմար չէ, որպեսզի քննության ընթացքի վերաբերյալ բարձրաձայնենք, բայց չբարձրաձայնելը դեռևս չի նշանակում, որ քննություն չի ընթանում»,- մի առիթով yerkir.am-ին ասել էր դատախազը:

Հետաքրքիր է` ե՞րբ է հասունանալու այն պահը, երբ գլխավոր դատախազն ու նախաքննություն իրականացնող մարմնի` քննչական կոմիտեի ղեկավարը բացեն փակագծերն ու, ի վերջո, տան հանրությանն այդքան հուզող մի քանի հարցերի պատասխաններ: Ինչո՞ւ մինչ օրս չի բացահայտվում սպանությունը, հարց, որի պատասխանին շատերն են սպասում:

Հ.Գ. Yerkir.am-ը գործի վերաբերյալ մի քանի գրավոր հարցադրումներ է ուղարկել քննչական կոմիտե և այժմ սպասում է պատասխանին:

yerkir.am

Տպել Տպել