Կառավարության առաջարկի դեպքում ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել 12 կետերի փուլային լուծման ուղիները

FotorCreated111Հիմա եթե Կառավարությունը ճանապարհային քարտեզ մշակելու առաջարկ կանի, մենք պատրաստ ենք նստել և քննարկել 12 կետերի փուլային լուծման ուղիները. այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ Կառավարությունը պետք է ևս մեկ անգամ անդրադառնա ոչ իշխանական ուժերի կողմից առաջ քաշած 12 կետերին:

Արծվիկ Մինասյանը նկատեց, թե կարևոր է և անհրաժեշտ, որ Կառավարությունը վերանայի իր մոտեցումները, որոնք գրավոր տեսքով ներկայացրել էր:

Tert.am-ի դիտարկմանը, որ նման քայլի գնալով՝ փաստորեն մեծամասնությունն առաջարկում է փոխզիջում, և ըստ ՀՅԴ պատգամավորի՝ ո՞րն է լինելու ոչ իշխանական ուժերից ակնկալիքը, Արծվիկ Մինասյանը նշեց. «Ես չգիտեմ այս դեպքում փոխզիջումն ինչ ձևաչափում է օգտագործվում, ավելին՝ մեզ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ ձևաչափում է իրականացվելու խնդիրների լուծումը, կարևորը՝ լուծվեն խնդիրները: Հիմա մեկը կձևակերպի որպես ճնշման ազդեցություն, մեկը կձևակերպի փոխզիջում, դա երկրորդական և երրորդական հարց է, որովհետև եթե անդրադառնանք Նախագահի արդեն երկրորդ հարցադրմանը՝ սահմանադրական բարեփոխումների մասով, ապա մեզ համար ավելի սկզբունքային հարցը դա է: Եթե մենք սահմանադրական փոփոխություններով հասնենք իսկապես երկրում համակարգային, ամբողջական իշխանափոխության, սահմանադրական մակարդակում երաշխավորված գործունեության ձևակերպմանը, սա կլինի մեր երկրի, մեր պետականության և բոլոր քաղաքական ուժերի հաջողությունը»։

Իսկ թե 12 կետերի հարցին ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտությունն ինչի՞ց առաջացավ, պատգամավորը պատասխանեց, թե չգիտի. «Իմ կարծիքով՝ տեղին է անդրադարձը, որովհետև ունենք քաղաքական երկու կետերից բաղկացած օրակարգային հարցեր՝ մեկը 12 կետերն են, մյուսը՝ սահմանադրական բարեփոխումների հարցը, որ մի կողմից ընդդիմությունն է ներկայացրել, մյուս կողմից էլ՝ Նախագահն է առաջարկում: Թե ինչու հատկապես հիմա, չեմ կարող ասել»։

Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունը Նախագահի խոսքից հետո փշերով չի ընդունի ոչ իշխանականների քննադատությունները, ավելի համեստ կգտնվի իր կեցվածքով, և Կառավարությունն էլ համարժեք պատասխան կառաջարկի:

Հարցին, թե 12 կետերի մասով ականատես կլինենք ա՞յլ եզրակացության, Արծվիկ Մինասյանը դրական պատասխան տվեց. «Այո, կարծում եմ, որ այն պատասխանը, որ տվել էր մեզ Կառավարությունը, մեծամիտ և մեծախոս պինգվինի կեցվածքն էր հայտնի մուլտֆիլմից, մինչդեռ անհրաժեշտ էր խնդիրները լուծել ըստ էության և արմատապես: Այդ առումով՝ ակնկալում ենք, որ Կառավարությունը մեծամիտ կեցվածքը կփոխարինի իրապես լուծելու առաջարկների հաստատակամությամբ»։

Լրագրողներից մեկի հարցին, թե սահմանադրական փոփոխությունների մասով Նախագահն ակնարկել է, որ լայն կոնսոլիդացիա է անհրաժեշտ, արդյո՞ք դա ակնարկ է, որ սահմանադրական բարեփոխումները կյանքի չեն կոչվի, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց, թե ելույթում նման ակնարկ չի տեսել. «Այնուամենայնիվ մեր ուժը վճռական է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են այն բովանդակությամբ, որը երկրում կբերի արմատապես փոփոխությունների՝ թե՛ կառավարման, թե՛ ընտրական համակարգի»:

Իսկ թե առաջացած իրավիճակից, ըստ էության, ՀՅԴ-ն ամենաշահեկան դիրքո՞ւմ չի հայտնվում՝ թե՛ 12 կետերի իրականացման, թե՛ որպես փոխզիջում սահմանադրական բարեփոխումները սեղանին լայն կոնսոլիդացիա ապահովելու համար, Արծվիկ Մինասյանը հակադարձեց. «Չեմ ընդունում այդ ձևակերպումը, որ Դաշնակցությունը շահեկան դիրքում հայտնվեց, եթե շահեկան վիճակում է հայտնվում, ուրեմն պետությունն ու ժողովուրդն է հայտնվում: Դաշնակցությունն այնտեղ է, որտեղ ժողովուրդն է, եթե ժողովուրդը վնաս է կրում, կրում է նաև ՀՅԴ-ն և հակառակը: Պարզապես ևս մեկ անգամ մենք կարող ենք փաստել, որ մեր մոտեցումը ճիշտ է, մենք գտնում ենք, որ երկրում հիմնարար արմատական բարեփոխումներ անցկացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն համախմբում, այլ հարցերի մասով միատեսակ պատկերացում՝ դուրս դնելով ցանկացած ներխմբային շահեր, և եթե մեր այս մոտեցումը հաջողություն է արձանագրում, նշանակում է՝ հաջողություն է արձանագրում ժողովուրդը»:

tert.am

Տպել Տպել