Սա անարխիզմ է

Արծվիկ Մինասյանը` կառավարության վարած սոցիալական քաղաքականության մասին

FotorCreated99ԱԺ նիստում, երբ քննարկվում էր 2015թ. բյուջեի նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իր դիրքորոշումը` ասելով, որ այն արտացոլում է տնտեսության վիճակը` ցածր դիմադրողությամբ, արտաքին անմրցունակությամբ, նվազող ներդրումներով ու բարձր գործազրկությամբ:

Պատգամավորը նշեց, որ ուշադրությամբ հետևել է կառավարության անդամներին, որոնք ներկայացնում էին բյուջեի նախագիծը: Առանձին բացառություններով, բոլորն էլ ներկայացնում էին տնտեսական ցուցանիշներ, բայց ոչ ոք չխոսեց տարվող քաղաքականության մասին: «Դուք էստեղից պետք է ներկայացնեք քաղաքականությունը, թե որն է լինելու սոցիալական պետության քաղաքականությունը, դրա փոխարեն ներկայացնում են ինչ-որ ֆինանսական ցուցանիշներ»,- ասաց Արծվիկ Մինասյան` հավելելով, որ տեսլականի ու զարգացման մասին խոսք չկար, թե ինչ ուղղությամբ է զարգանում Հայաստանը:

Պատգամավորի համոզմամբ` բյուջեն պետք է կազմվի առնվանզ երեք տարվա կտրվածքով:

Բյուջեն չպետք է դիտվի որպես նպատակ, այն պետք է դիտվի որպես միջոց` հայտարարված նպատակին հասնելու համար:

Արծվիկ Մինասյանի կարծիքով` Հայաստանի տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի փուլում, և ավելի լավ է` անկեղծորեն խոսվի դրա մասին, որպեսզի հնարավոր լինի այդ ախտորոշման հիման վրա ռազմավարական մոտեցումներ ցուցաբերել, քան թողնել այդ ամենը անտեսանելի ռիսկերի տիրույթում: «Սոցիալական քաղաքականությունը, որը հիմա վարվում է, ոչ միայն կապ չունի սոցիալական պետության հիմնարար սկզբունքների հետ, այլև հիմնավորումների հետ կապ չունի: Սա անարխիզմն է: Սոցիալական ոլորտը չի կարող պաշտպանել գործատուի կամ օլիգարխի շահերը: Կամ` գյուղատնտեսության ոլորտում ասվել է, և դրա մասին կա 12 կետերի մեջ, որ պետք է վարել միասնական սուբսիդավորման քաղաքականություն, բայց դուք ի՞նչ եք բերել այստեղ, ի՞նչ քաղաքականություն եք վարելու գյուղատնտեսության ոլորտում, երբ Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ, ինչպե՞ս են ապահովելու գյուղատնտեսական մթերքների մրցունակությունը այդ շուկայում: Բայց ոչ մի խոսք դրա մասին»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ տարեցտարի գյուղատնտեսությունը վերածվում է անարդյունավետ համակարգի, որովհետև չկա ուղղվածություն:

Որպես թերություն` նա նշեց այն, որ փաստաթղթում հստակ նշված չէ ստվերի չափը:

Պատգամավորն ասաց` որպեսզի անընդհատ իր կողմից քննադատություն չհնչի, առանձնացրել է նաև բյուջեի փաստաթղթի դրական կողմերը: Առաջին անգամ փաստաթղթում ներկայացվում է հարկային ծախսումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչը լավ նախադեպ է: Մյուս դրական կողմը եկամտային հարկով շինարարության ոլորտում որոշակի խթանման քաղաքականությունն է:

Պատգամավորը նշեց, որ պետք է հրաժարվել ԱԱՀ գաղափարից և տնտեսությունը կառուցել իրացման հարկի սկզբունքի հիման վրա:

Տպել Տպել