Լավ է, որ կառավարությունն իր խոստմանը տեր է կանգնում

Fotor01023140438Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած` սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարության ներկայացրած այդ օրենքը միանշանակ ողջունելի է: «Հուսամ` այս դրական հատվածը կպահպանեք, իսկ այստեղից հնչող առաջարկությունները նպատակ ունեն միայն ու միայն բարելավելու օրենքը: Բացի այդ` սա այն նախագիծն է, որը միասնականության լավ նախագիծ կարող է լինել, քանի որ այդ գյուղերը բազմաթիվ այցելություններ եղան, խոստումներ ու ակնկալիքներ ձևավորվեցին, և շատ լավ է, որ կառավարությունն իր խոստմանը տեր է կանգնում, ինչի կապակցությամբ էլ թույլ տվեք նաև շնորհակալություն հայտնել»,- ասաց պատգամավորը:

Նա կարևորեց, որ կառավարության ներկայացրած երկու օրինագծերը սահմանամերձ համայնքների վերաբերյալ լինեն մեկ ամբողջական փաթեթով, նաև` հնարավորությունը, որ տարվա մեջ երկու անգամ խորհրդարանը անդրադառնար այդ խնդրին: «Գոյություն ունի հաշվետվողական մեխանիզմ օրենքի կատարման վիճակի աստիճանի մասին: Շատ լավ կլիներ, որ պառլամենտը ավտոմատ կերպով ներգրավվի այս նախագծում, շատ լավ կլինի, որ այդպիսի դրույթ ներառվի, և տարվա մեջ կառավարությունը ներկայացնի օրենքի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ԱԺ-ին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա կարևորեց, որ, օրինակ, «Հայանտառ» ընկերությունն իր տարեկան հատման ծրագրի շրջանակներում կարող է աջակցության համար առանձնացված փայտը հանգիստ հանձնել` առանց մտածելու, որ հարկային ճնշման տակ է ընկնելու: Ինչ վերաբերում է սոցիալական ծառայություններ մատուցելուն, որը, ըստ Վաչե Տերտերյանի, իրականացնելու են համայնքի ղեկավարը` մարզպետ հետ միասին, Արծվիկ Մինասյանը կարևորեց, որ այդ ծառայությունները մատուցի նաև սոցիալական ծառայությունների մատուցման պրոֆեսիոնալ համակարգը:

Տպել Տպել