Ծնունդ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 124-ամեակի տօնակատարութիւնը՝ Թեհրանում

levon-aliq «Աւելի քան վեց դար անկախութիւն ու սեփական իշխանութեան հնարաւորութիւն չունեցող հայ ժողովուրդը այդ վիճակից դուրս գալու միակ ելքը վստահեց հայ ազատագրական շարժման առաջնորդներին: Իսկ ազատագրական պայքարի հսկաները, սոցիալիզմի կարմիր դրօշի տակ ռանչպարների բահով, ֆիդայիների թրով եւ մտաւորականութեան գրչով, դրօշակակիրն եղան հազարամեակների անցեալ ունեցող ժողովուրդների իրաւունքների ձեռքբերման: 1890 թւական՝ Թբիլիսի. ծնունդ Հայ Յեղափոխական Դաշնակութեան»:

Վերը նշւած փաստացի վաւերական բնաբանով եւ «Մշակ բանւոր» քայլերգով երէկ մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 124-ամեակին նւիրւած տօնակատարութիւնը:
Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում կայացած հանդիսութեան բացման խօսքով հանդէս եկաւ Մելան Սէֆեանը, ով կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջունելով ներկաներին, ասաց. «Հայ ժողովրդի պատմութեան ամենաերկարակեաց ուղեւորներից մէկն այսօր, մէկ անգամ եւս նշում է իր հիմնադրման տարեդարձը: Տօնակատարութիւններից բացի տարեդարձները նաեւ յետ նայելու, ինքդ քեզ ու միւսների արածն ու չարածը վերագնահատելու հերթական առիթներ են»:

Ապա բեմ հրաւիրւեց օրւայ բանախօս ՀՅԴ Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեանը: Բանախօսն իր ելոյթի ընթացքում ծանրացաւ աշխարհաքաղաքական ներկայ բարդ իրավիճակում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան առաքելութեանը եւ իր քաղաքականութեան մէջ որդեգրած ուղուն: Նա մատնանշեց Դաշնակցութեան համար երեք հիմնական առաքելութիւններ, որոնք առգոյ են հիմնադրման իսկ օրւանից, եւ հետեւեալ հերթական ձեւով դասակարգեց դրանք.
ա) Տեսլական, երբ հայ յեղափոխականները համախմբւեցին Հայրենիքի ազատագրման շուրջ, երբ հայրենիքը գտնւում էր սարսափելի ծանր իրավիճակում՝ նրանք իրենց վրայ պատասխանատւութիւն վերցրեցին պահպանելու տեսլականը, որովհետեւ առանց տեսլականի ծնկաչոք ժողովուրդը երբեք չի կարող ոտքի կանգնել:

բ) Գործի կուսակցութիւնը, որը ձեւաւորւեց Քրիստափոր Միքայէլեանի ձեռքով: Նա այդ տեսիլքի հետ միաժամանակ դրեց հանգրւանային նպատակներով, հանգրւանային ձեռքբերումներով, դանդաղ՝ քայլ առ քայլ շարժւելու հիմնախնդիրը եւ այդ հիմնախնդիրը Դաշնակցութեանը պահեց 124 տարի, որովհետեւ առանց գործնական եւ իրապաշտական դաշտի, տեսիլքը չի կարելի կենսագործել:

գ) Տուրք չտալ ամբոխային տրամաբանութեանը եւ թոյլ չտալ, որ դա յաղթի կուսակցութեանը եւ հայ ժողովրդին: Այսպիսով՝ ձեւաւորւեց տեսլականի ու գործնականի շաղախը:
Բանախօսը անդրադարձաւ միջազգային բեմում աշխարհաքաղաքական բարդ եւ ի մասնաւորի՝ տարածաշրջանի պայթիւնավտանգ իրավիճակին եւ շեշտեց, որ այս պայմաններում հայ ժողովուրդը յատկապէս սխալւելու իրաւունք չունի:

Իր ելոյթի մէկ այլ բաժնում բանախօսը անդրադառնալով 1920 թւականի հայ ժողովրդի կորցրած անկախութեան պատճառներին, նշեց որ այսօր մեր ժողովուրդը արձանագրել է որակական երեք փոփոխութիւններ, որոնց շնորհիւ այսօր կարողանում ենք դիմակայել նոր մարտահրաւէրների:
Նա աւելացրեց, որ նախ՝ ճիշտ ռազմավարութեամբ յաղթեցինք Արցախում, երկրորդը՝ ունենք կազմակերպւած Սփիւռք եւ լաւ ու հզօրացող բարեկամներ, ի դէմս բարեկամ ժողովուրդ Իրանի եւ աւելացրեց. «Այսօր ի դէմս Իսլ. Հանրապետութեան՝ մենք ունենք լաւ բարեկամ, անաչառ հարեւան, որը փորձում է իր հաւասարակշռւած եւ հետեւողական քաղաքականութեամբ սատարել իր հարեւան դարաւոր եւ բարեկամ ժողովրդին»: Նա վերջում կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստանի դիմաց ծառացած մարտահրաւէրներին անդրադառնալով Հայաստանի անվտանգութեանը յանգեցնող ռազմավարական քայլերին:

Այնուհետեւ հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը ողջունելով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 124-ամեակը՝ ասաց. «Այսօր մեր ժողովրդի մի արժանաւոր մասնիկը հաւաքւած է իր ե՛ւ սրտի խօսքը, ե՛ւ յարգանքը մատուցելու այն պատմակերտ ու գաղափարական կազմակերպութեանը, որը անցնող 124 տարիների ընթացքում, իր նւիրաբերող ծառայութեամբ, մեր ժողովրդին նւիրեց այն, ինչ որ ոչ մի քաղաքական կազմակերպութիւն չկարողացաւ մինչ այդ տալ»:
Թեմակալ առաջնորդը աւելացրեց. «Երբ ասում ենք եկել ենք տօնելու ՀՅԴ-ի 124-ամեակը, նշանակում է, որ մենք եկել ենք մեր գիտակցութեան մէջ վերակենդանացնելու պատկերը եւ տիպարը բոլոր այն անձանց ու պատմական դէպքերի, որոնք մեր ժողովրդի կեանքի մէջ վճռական ու ճակատագրական դեր են ունեցել եւ այդ դերով իրենց անջնջելի կնիքն են թողել մեր պատմութեան լուսաւոր էջերի վրայ»:

Միջոցառմանը իրենց ներկայութեամբ նաեւ պատւել էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպանը եւ դեսպանութեան մշակութային կցորդը, Իսլ. խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորները, ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանը, «Հայ Դատն այսօր» 11-րդ խորհրդաժողովի արտասահմանեան հրաւիրեալներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:

Օրւայ միջոցառումը յագեցած էր գեղարւեստական յայտագրով, ուր յաջող ասմունքային կատարումներով ու արտայայտութիւններով հանդէս եկան՝ Սեդրակ Գոջամանեանը եւ Փրենի Գոլազիզեանը, մեներգերով՝ Արա Կարապետեանը եւ Թեմա Յակոբեանը, պարային կատարումներով ելոյթ ունեցան «Արարատ» պարախմբի սաները, նաեւ հարւածային գործիքներով իրականացւած երաժշտական բաժնում երիտասարդ կատարողներ՝ Մելանի Աւանէսեանի գլխաւորութեամբ՝ հնչեցին յեղափոխական ոգեչունչ երգերի շարան:

«ԱԼԻՔ» Կ. Դաւթեան

alikonline.ir

Տպել Տպել