Արդարացի լուծում

ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

պահանյ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑԸ

Վերջնական զեկույցը – Սեպտեմբեր 2014

Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խումբը

Նախագահ՝ Հենրի Թերիո
Անդամներ՝ Ալֆրեդ դե Զայաս
Ջերմեյն Օ. Մաքքալփին
Արա Պապյան

Այս անկախ զեկույցը հնարավոր է դարձել Հայ Յեղափոխական Դաշնակցության սկզբնական դրամաշնորհի օգնությամբ: ՀՑՀՈւԽ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ջորջ Աղջայանին զեկույցի 8-րդ գլխում զետեղված ֆինանսական հատուցումների վերլուծությանը որպես խորհրդատու մասնակցելու համար:

ՀՑՀՈւԽ-ն նաև իր երախտագիտությունն է հայտնում դեսպան Ջոն Էվանսին և դոկտորներ Լևոն Չորբաջյանին, Սուսան Կարամանյանին, Անդրանիկ Գասպարյանին, Ասպետ Քոչիկյանին, Ռոջեր Սմիթին, Էռնեստո Վերդեխային և Մարագարեթ Ուրբան Ուուքերին, որոնք ներկայացրել են իրենց արժեքավոր մեկնաբանությունները զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ: ՀՑՀՈւԽ-ն փորձել է ներառել նրանց արժեքավոր առաջարկները և նրանց քննադատությունը հաշվի առնելով՝ բարելավել զեկույցը: ՀՑՀՈւԽ-ն ստանձնում է զեկույցում տեղ գտած բոլոր թերությունների պատասխանատվությունը:

Զեկույցում ներկայացված դիրքորոշումները և մոտեցումներն արտահայտում են ՀՑՀՈւԽ-ի անդամների տեսակետները և կարող են չհամընկնել Հայ Յեղափոխական Դաշնակցության կամ զեկույցի նախնական տարբերակի վերաբարյալ մեկնաբաննություններ ներկայացրած անձանց տեսակետների հետ:

Վերջնական զեկույցի ամբողջական տեքստը PDF ֆորմատով շուտով զետեղվելու է http://www.armeniangenocidereparations.info կայքում: Կայքում արդեն զետեղված են վերջնական զեկույցի համառոտագրությունն ու ներածությունը։

ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ձեր առջև Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի (ՀՑՀՈւԽ) վերջնական զեկույցն է: Զեկույցում ներկայացված է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հատուցումների հարցի իրավական, պատմական, քաղաքական և բարոյական կողմերին առնչվող աննախադեպ համապարփակ վերլուծությունը: Զեկույցում ներառված են նաև հատուցումների լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ:

Զեկույցը հրապարակվում է ճիշտ ժամանակին: 2015-ին նշվելու է Ցեղասպանության սկզբի 100-ամյակը, և այն մեծ հետաքրքրություն է առաջացնելու միջազգային քաղաքական, գիտական, լրատվական, մշակութային և հանրային շրջանակներում: Բացի այդ, վերջին տարիներս Ցեղասպանության հատուցումների հարցը դուրս է եկել նեղ շրջանակից՝ իր վրա հրավիրելով հանրային և գիտական շրջանների մեծ ուշադրությունը՝ հիմնականում կենտրոնանալով անհատական հատուցումների պահանջով իրավական հայցերին:

Այս զեկույցը վճռական քայլ է դեպի ավելի լայնածավալ ու ընդգրկուն գործընթաց՝ գտնելու Ցեղասպանության դեռևս շարունակվող վնասները շտկելուն ուղղված համարժեք լուծում: Բացի այդ, Թուրքիայում թափ է հավաքում Ցեղասպանության ժառանգությանն անդրադառնալու անկեղծ, ոչ ժխտողական մոտեցումը: Վերջին տասնամյակում նաև առաջացել է հատուցումների համաշխարհային շարժումը, որում ընդգրկված են մարդու իրավունքների զանգվածային խախտումներն զոհ գնացած բազմաթիվ խմբեր: Հայոց հարցն այդ շարժման բաղկացուցիչ մասն է:

ՀՑՀՈւԽ-ն ճանաչում է, որ նույն ժամանակաշջանում հայերի հետ զանգվածային բռնությունների և թալանի են ենթարկվել նաև ասորիները և հույները: Սակայն հաշվի առնելով ՀՑՀՈւԽ-ի անդամների մասնագիտական գիտելիքների և փորձի շրջանակները, խումբը չի ստանձնել նրանց վերաբերյալ վերլուծություն և առաջարկություններ անելու պատասխանատվությունը: Դա ավելի լավ կարող են անել այդ հարցում ավելի մեծ գիտելիքներ ունեցող մասնագետները:

Մի շարք գործոնների պատճառով հատուցումների հարցը բավականին բարդ է: Օրինակ՝ զավթված գույքի հանցագործ խմբի ձեռքում մնալը ժամանակի ընթացքում սկսվում է նկալվել որպես նորմալ ստատուս քվո, իսկ դրա վերադարձը՝ չարդարացված: Տարածքային հատուցումների համար հատկապես մեծ խոչընդոտ է ժամանակակից պետությունների համար սրբագույն «տարածքային ամբողջականության» սկզբունքը: Համաշխարհային քաղաքական կարգի հիմք համարվող այդ սկզբունքը համարյա անհնարին է դարձնում միջպետական սահմանների փոփոխությունը, այն դեպքում, երբ ՀՑՀՈւԽ-ը սահմանների փոփոխությունը դիտարկում է որպես համապարփակ և արդյունավետ հատուցումների փաթեթի գլխավոր բաղադրիչը:

ՀՑՀՈւԽ-ն նաև գիտակցում է, որ կլինեն մարդկի, ովքեր կառարկեն զեկույցին՝ ոչ այն պատճառով, որ ներկայացված վերլուծությունը սխալէ կամ անհամարժեք, այլ համարելով, որ Հայոց ցեղասպանության հատուցումների, հատկապես հողերի վերադարձի համար պայքարը հաջողությամբ չի պսակվելու և հետևաբար այդ պայքարն անիմաստ է: Սակայն պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ արմատական հասարակական ու քաղաքական փոփոխությունների համար պայքարող բազմաթիվ մարդիկ համարվում էին անիրատես և անհաջողության դատապարտված, ինչպես օրինակ ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների համար պայքարողների առաջնորդները: Այնուամենայնիվ ժամանակը ցույց տվեց, որ հոռետեսները սխալվում էին. խորը փոփոխությունները կայացան: ՀՑՀՈւԽ-ը գործում է այն համոզմամբ, որ ինչքան էլ մեծ լինի փոփոխությունը, այն հնարավոր է, եթե օրենքի և բարոյականության տեսանկյունից հիմնավորված է:

Գլուխ Ա. Նախապատմությունը

Հայոց ցեղասպանության գլխավոր փուլում (1915-918) Օսմանյան կայսրությունում իշխանությունը զավթած Միություն և Առաջադիմություն Կոմիտեն (երիտթուրքեր), ծրագրեց և ղեկավարեց մոտ 1,5 միլիոն հայերի բնաջնջումը, իսկ մնացած 1 միլիոնը դարձան փախստականներ ու սփռվեցին աշխարհով մեկ: Ցեղասպանության ընթացքը զուգորդվում էր հսկայան տառապանքներով՝ բռնաբարություններով և սպանված հայերի գրեթե ամբողջ ունեցվածքի թալանով՝ սկսած փողից, ոսկեղենից ու հողից մինչև խոհանոցի պարագաներ ու հագուստ: Երկրորդ փուլում (1919-1923) թուրք ազգայնամոլները ներխուժեցին 1918թ.-ին հիմնադրված Հայաստանի Հանրապետություն և բռնազավթեցին նրա տարածքի մեծ մասը՝ այն միացնելով նոր ստեղծվող Թուրքիայի Հանրապետությանը, իսկ մյուս մասն էլ դարձավ Խորհրդային Միության մաս: Ազգայնամոլների ուժերն ու նրանց կողմնակիցները նաև արգելեցին հայերին Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը:

Գլուխ Բ. Հայոց ցեղասպանության հասցրած վնասները

Ցեղասպանությունը կործանարար հետևանքներ ունեցավ թուրքահայերի, իսկ հետո նաև Արևելյան Հայաստանի բնակչության համար: Վնասները կարելի է բաժանել երկու կատեգորիայի՝ «անվերականգնելի» և «նյութական»: Անվերականգնելի են այն վնասները, որոնք հնարավոր չէ երբևէ վերականգնել՝ ամբողջությամբ կամ ուղղակիորեն: Դրանք հայերի սպանություններն ու խոշտանգումներն են, այդ թվում բռնաբարությունները, ընտանեկան և համայնքային կառույցների ոչնչացումը, ինչպես նաև այդ ամենի արդյունքում ստացած հոգեբանական տրավման: Այսպես՝ անհնար է վերակենդանացնել մահացածներին կամ կյանք տալ նրանց, ովքեր այսօր պետք է նրանց սերունդները լինեին: Անվերականգնելի վնասների դիմաց հնարավոր է անուղղակի մասնակի հատուցում՝ օրինակ դրամական փոխհատուցման միջոցով, ինչը կնպաստի հայերի թվաքանակի աճին: Նյութական վնասները զավթված անշարժ և շարժական գույքն են, այդ թվում բիզնեսները: Սրանք կարող են վերադարձվել, կամ դրանց դիմաց տրվի կանխիկ փոխհատուցում, ավելացնելով նաև դրանց գնի աճից և ինֆլյացիայից առաջացող գումարները, ինչպես նաև չօգտագործման հետևանքով չստացած օգուտները (շահը):
Կան նաև խառը վնասներ, օրինակ ստրկությունը, որի մի մասի դիմաց (աշխատանքի) հնարավոր է փոխհատուցել, իսկ մյուս մասի դիմաց (հոգեբանական տրավմայի) անհնար է լիակատար կերպով փոխհատուցել:

Գլուխ Գ. Ցեղասպանության հատուցումների հինգ բաղադրիչները

Ցեղասպանությունների հատուցումների համապարփակ փաթեթը պետք է պարունակի հետևյալ բաղադրիչները.

(1) Բոլոր գլխավոր հանցագործների դատավարություն և մյուսների պատասխանատվության չափի որոշում:

(2) Հասանելի զավթված գույքի վերադարձ, և փոխհատուցում անհասանելի գույքի, մահվան, տառապանքի, հարազատների և համայնքի անդամների կորստի, ինչպես նաև մշակութային, կրոնական, կրթական հաստատություների և կորցրած հնարավորությունների դիմաց
(3) Ճանաչում և ներողություն

(4) Զոհերի խմբի վերականգնմանը և երկարաժամկետ կենսունակությանը նպաստող գործողություններ

(5) Հանցագործ հասարակության առողջացում

Գլուխ Դ. Հատուցումները միջազգային իրավունքում և հայերի հարցը

Միջազգային իրավունքը և մարդու իրավունքների օրենքները պահանջում են վնասների վերացում՝ զանազան դրական քայլերի միջոցով: Դրանց թվում՝ դեպքերի քննությունը, ոճրի ճանաչումը, հանցանքների զղջումը, մեղավորներին պատժելը, գույքի վերականգնումը, փոխհատուցումները և զոհերի ու նրանց ժառանգների առողջացումը:

«Անարդարացի հարստացման» օրենքի գլխավոր սկզբունքի համաձայն՝ հանցագործները և նրանց իրավաժառանգները պետք է զրկվեն ցեղասպանության պտուղներից: Իսկ մարդու իրավունքների այնպիսի զանգվածային խախտումների դեպքում, ինչպիսին ցեղասպանությունն է, հատուցումների անհրաժեշտության գլխավոր սկզբունքն ամրագրված է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի «Մարդու իրավունքների միջազգային օրենքի կոպիտ ոտնահարումների, միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների զոհերի՝ հատուցումներ ստանալու իրավունքի մասին հիմնարար սկզբունքները և ուղեցույցը» փաստաթղթում:

Հայոց ցեղասպանության նյութական հատուցումների հիմքերից մեկն առնչություն չունի ցեղասպանության հետ: Միջազգային իրավունքը հստակ սահմանում է, որ անընդունելի է շարժական կամ անշարժ գույքի ապօրինի բռնագրավումը մարդու իրավունքների զանգվածային խախտումների ընթացքում կամ որպես դրանց հետևանք: Արդարադատության մշտական միջազգային դատարանն այս սկզբունքը նշել է Չորզո գործարանի գործի կապակցությամբ՝ «Միջազգային իրավունքի և ընդհանրապես իրավունքի ընդհանուր կոնցեպցիայի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ ցանկացած պարտավորության խախտման դեպքում ծագում է փոխհատուցման պարտավորություն»:

Երբ հանցագործ պետությունը խախտում է այս պարտավորությունը, ծագում է շտկման պարտականություն: Ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունը հայերի նկատմամբ նման պարտավորություն էր ստանձնել, քանի որ՝ (1) 19-րդ դարի կեսերից սկսած ստորագրել էր համաձայնագրեր, որոնցում պարտավորվում էր դադարեցնել հայերի նկատմամբ բռնությունները: Այդ պարտավորությունը հաստատվեց՝ (ա) ցեղասպանության հանցագործներից ոմանց դատավարությամբ, որոնք դատվում էին հայերին բնաջնջելու ձևով կայսրության օրենքները խախտելու համար, (բ) Օսմանյան պատգամավորներից մեկի՝ դատավարություններին սատարող հայտարարությամբ, թե հայերի նկատմամբ կատարվածը Թուրքիայի և այլ երկրների համար պարդադիր ուժ ունեցող «օրենքների ու մարդկության» խախտում էր: Կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ մյուս երկրները նույպես պարտավոր ունեն անօրինական համարել գույքի ապօրինի զավթումը: Միջազգայնորեն ապօրինի արարքների համար պետությունների պատասխանատվության մասին Միջազգային իրավունքի հանձնաժողովի (ՄԻՀ) 41(2) հոդված համաձայն՝ «ոչ մի պետություն իրավունք չունի օրինական ճանաչել այն իրավիճակը, որն առաջացել է հիմնական միջազգային օրենքի պարտադիր նորմով սահմանված պարտավորության լուրջ խախտման հետևանքով»:

Երկրորդ հիմքը ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան է, որը գույքի զավթումից բացի հատուցումների մեջ ընդգրկում է նաև մահը և տառապանքները: Թեև Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել կոնվենցիան ուժի մեջ մտնելուց առաջ, և անգամ «ցեղասպանություն» տերմինի 1944-ին ստեղծումից առաջ, այնուամենայնիվ կոնվենցիան ընդամենը հռչակում էր արդեն գոյություն ունեցող միջազգային օրենքները, որոնցով Ցեղասպանությունն արդեն օրենքից դուրս էր: Հայկական կոտորածների ժամանակ արդեն գոյություն ուներ Ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պետության պատասխանատվության դոկտրինը: Պետության պատասխանատվությունը ենթադրում էր հատուցման և (կամ) փոխհատուցման պարտավորություն և հանցագործների անհատական քրեական պատասխանատվություն:

Պետության պատասխանատվությունը չի վերանում վաղեմության պատճառով: Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ողղված հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չկիրառելու մասին կոնվենցիան հստակորեն ամրագրում է, որ ցեղասպանության հանցանքի վրա չի տարածվում վաղեմության իրավունքը, անկախ նրանից, թե երբ է տեղի ունեցել ցեղասպանությունը, ինչպես նաև վաղեմության պատճառով չի վերանում պետության՝ ցեղասպանության միջոցով ձեռք բերված գույքի դիմաց հատուցումներ և փոխհատուցումներ տալու պարտավորությունը:

Թուրքիան հատուցումներից հրաժարվելը հիմնավորում է նաև նրանով, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը Ցեղասպանությունն իրագործած պետությունը չէ: Եթե անգամ անտեսենք այն հանգամանքը, որ Ցեղասպանության երկրորդ փուլն իրականացրել են քեմալական զորքերը, ապա այս առարկությունը, միևնույն է, անհիմն է: Անկախ փորձագետ, պրոֆեսոր Մ. Շերիֆ Բասյունին մարդու իրավունքների կոպիտ խախտումներ զոհերի՝ հատուցումներ և փոխհատուցում ստանալու իրավունքի վերաբերյալ զեկույցում նշում է.

«Միջազգային իրավունքում՝ պետության իրավական շարունակականության դոկտրինը և պետության պատասխանատվության սկզբունքը հաջորդ կառավարության վրա են դնում նախորդ կառավարության կատարած խախտումներից բխող հայցերի պատասխանատվությունը»:
Այս պարտավորությունը չի վերանում նաև զոհերի մահվան պատճառով: Ցեղասպանությունից փրկվածների՝ հատուցումներ ստնալու իրավուքը, թե՛ անհատապես, թե՛ հավաքականորեն, անցնում է նրանց ժառանգներին, ինչպես նշված է «Մարդու իրավունքների միջազգային օրենքի կոպիտ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների զոհերի՝ հատուցումներ ստանալու իրավունքի մասին հիմնարար սկզբունքները և ուղեցույցը» փաստաթղթում, որտեղ մասնավորապես նշված է՝

«Անհատապես կամ հավաքականորեն հատուցում կարող են պահանջել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարումների անմիջական զոհերը, նրանց ընտանիքները կամ անմիջական զոհերի հետ սերտ առնչություն ունեցող այլ անձինք և անձանց խմբեր»:

Կա հատուցումների հայցերի հետապնդման մի քանի տարբերակ, որոնց թվում՝ հատուկ ժամանակավոր դատարանի ստեղծումը կամ Արդարադատության միջազգային դատարանը, հայցերի ներկայացումը երկրների տեղական դատարաններ՝ գործող օրենքների հիման վրա, կամ այնպիսի ստեղծվելիք օրենսդրության վրա, որը հնարավորություն կտա տեղական դատարաններին շնորհել միջազգային դատարաննների կարգիվաճակ:

Գլուխ Ե. Պատմական պարտավորությունները և հատուցումները

Հայաստանի առաջին Հանրապետությունը, որի կազմում գտնվում էին Օսմանյան և Ռուսական կայսրությունների հողեր, հիմնադրվեց 1918-ին: 1920թ. ապրիլի 26-ին Առաջին աշխարհամարտում որպես դաշնակիցներ հանդես եկած տերությունները ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը որոշելու խնդրագիր: 1920թ. մայիսի 17-ին ԱՄՆ պետքարտուղարը Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին փոխանցեց ԱՄՆ նախագահի՝ իրավարար հանդես գալու համաձայնությունը: 1920թ. օգոստոսի 20-ի Սևրի պայամանագիրը հաստատեց նախագահ Վիլսոնին հղած իրավարարության խնդրագիրը: Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանն անցնում էր Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներով: Այդ տարածնքները անցնում էին Հայաստանին՝ նաև ելք տալով դեպի ծով:

Որպեսզի պայմանագիրն ուժի մեջ մտնի, այն պետք է վավերացվի, իսկ իրավարար վճիռը վավերացման կարիք չունի: Ըստ իրավարարության միջազգային օրենքների՝ վճիռը, ընդունվելուց հետո, պարտադիր է դառնում կողմերի համար՝ անկախ պայմանագրի կամ այլ համապատասխան համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց կամ չմտնելուց: Ավելին, Վիլսոնի իրավարար վճիռը համապատասխանում է այն չորս չափանիշներին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի իրավարար վճիռն ունենա օրինական և իրավական ուժ:

(1) Իրավարար(ներ)ը չպետք է ենթակարկված լինեն որևէ արտաքին ազդեցության՝ ճնշման, կաշառքի կամ կոռուպցիայի: Գոյություն չունի որևէ ապացույց, որ նախագահ Վիլսոնը ենթարկվել է ճնշման, կաշառքի կամ կոռուպցիայի:

(2) Ապացույցները չպետք է կեղծված լինեն և ունենան էական սխալներ: Հանձնաժողովի կազմի և գործունեության ուսումնասիրումը հաստատում է, որ այս չափանիշի պահանջները կատարվել են: ԱՄՆ նախագահը հավաքել էր փորձագետների կոմիտե, որը կոչվում էր Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի որոշման կոմիտե: Կոմիտեի նախագահը Վիլյամ Լին Վեսթերմանն էր, որն այդ ժամանակ Վիսքոնսինի Համալսարանի պրոֆեսոր էր, այնուհետև Կոլումբիայի Համալսարանի պրոֆեսոր (մինչև 1948-ը): Նա Մերձավոր և Միջին Արևելքի պատմության և քաղաքականության մասնագետ էր: 1919-ին նա ղեկավարում էր Փարիզում ընթացող խաղաղության բանակցություններում ԱՄՆ հանձնաժողովի Արևմտյան Ասիայի բաժինը:

Գլխավոր աշխատակիցներն էին՝ ԱՄՆ Բանակի Գխավոր շտաբի անդամ, մայոր (և պրոֆեսոր) Լոուրենս Մարտինը, որը որպես աշխարհագրագետ մասնակցել էր Հարբորդի առաքելությանը, և ԱՄՆ Պետքարտուղարության Մերձավոր Արևելքի բաժնի աշխատակից Հարիսոն Դուայթը: Հանձնաժողովի բոլոր անդամները գիտակ, փորձառու և անկողմնակալ փորձագետներ էին: Նրանց աշխատանքն առ այսօր շարունակում է մնալ որպես նմանատիպ գործընթացների օրինակելի մոդել: Նրանք օգտագործել էին զանազան վստահելի աղբյուրներից ստացած հսկայական տեղեկություններ, որոնցում հաշվի էին առնվում՝
«բնական սահմնանի» և «նոր պետության աշխարհագրական ու տնտեսական միասնականության» անրհաժեշտությունը, (բնակչության ազգային և կրոնական գործոնները հաշվի էին առնվել միայն որոշակի չափով), անվտանգության և դեպի ծով ելք ունենալու հարցերը

(3) Դիմումը պետք է իրավաբանական ուժ ունենար: Սա հաստատված է այն փաստով, որ բոլոր համապատասխան կողմերը, այդ թվում Հայաստանը և Թուրքիան, տվել էին իրենց համաձայնությունը: Թուրքիայի կառավարությանը հնարավորություն էր տրվել Սևրի պայմանագրի քննարկման շրջանակներում առարկելու իրավարար վճռին, սակայն Թոււրքիան որևէ առարկություն չէր ներկայացրել: Խնդրագիրը ստորագրվել էր Օսմանյան կայսրության օրինական կառավարության ներկայացուցիչների կողմից:

(4) Իրավարարները չպետք է գերազանցած լինեն իրենց լիազորությունները: Դիմումը խնդրում էր իրավարարին՝ (ա) որոշել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում, (բ) Հայաստանին տրամադրել ելք դեպի ծով, (գ) մշակել թուրք-հայկական սահմանին հարակից շրջանների ապառազմականացման դրույթները: Իրավարար վճիռը ճշգրտորեն կատարել էր այդ պայմանները և այլ տարածքների վերաբերյալ որևէ բան չէր պարունակում:

Հետևաբար Վիլսոնի իրավարար վճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը տարածք էր շնորհվում, պարտադիր ուժ ուներ՝ անկախ նրանից, որ Սևրի պայմանագիրն այդպես էլ չվավերացվեց: Սրանից բխում է, որ Թուրքիայի կողմից «Վիլսոնյան Հայաստանի» այսօրվա օկուպացիան հանդիսանում է միջազգային պարտավորության խախտում և իրավական գործողությունների հիմք է տալիս, օրինակ՝ դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ համաձայն այդ դատարանի կանոնադրության 36(2) հոդվածի, որով դատարանը պետք է որոշում կայացնի «միջազգային պարտավորություն խախտման հետևանքով ծագած հատուցումեների բնույթի և հայցի կապակցությամբ»: 1920-ից առ այսօր այդ տարածքի օկուպացիան, այդ տարածքում ժողովրդագրական փոփոխությունները (ստիպողական կամ այլ կերպ) և ակնհայտ մշակութային ապացույցների ոչնչացումն ու բնակավայրերի անվանափոխումները Թուրքիային որևէ իրավական հիմք չեն տալիս տիրելու այդ տարածքին:

1923թ. հուլիսի 24-ի Լոզանի պայմանագիրը հաճախ ընկալվում է որպես չվավերացված Սևրի պայմանագրին փոխարինող պայմանագիր: Սակայն այդպես չէ: Լոզանի պայմանագիրը Սևրի պայմանագրի լրամշակված տարբերակը չէ, որովհետև այն չէր կնքվել Սևրի պայմանագիրը ստորագրած պետությունների միջև: Ստորագրող երկրներն այլ էին, իսկ պայմանագիրը կարող է փոփոխվել միայն այն ստորագրած բոլոր կողմերի համաձայնությամբ: Ավելին, Լոզանի պայմանագիրը որևէ ուժ չունի որևէ հայկական կազմավորման համար, քանի որ որևէ հայկական կազմավորում այն չէր ստորագրել, թեև դեռևս գոյություն ուներ Սևրի պայմանագիրը ստորագրած պատվիրակությունը: Ավելին, երկու պայմանագրերի շրջանակը, նպատակները և կոնտեքստը բացարձակապես տարբեր էին. Սևրի պայմանագրի նպատակն էր ավարտին հասցնել Առաջին աշխարհամարտի Թուրքիային առնրվող մասով և խաղաղություն հաստատել, իսկ Լոզանի պայմանագիրը վերաբերում էր միայն 1919-1922թթ. թուրք-հունական հակամարտությանը:

Վիլսոնի իրավարար վճիռը հատկապես կարևոր նշանակություն ունի Հայոց ցեղասպանության հատուցումների հարցում: Վճիռը կարելի է դիտել որպես Հայոց ցեղասպանության առաջին փուլից հետո միջազգային հանրության կողմից մշակված հատուցումների փաթեթի կենտրոնական բաղադրիչը: Դրա նպատակը հայերին համարժեք տարածքի հատկացումն էր, ինչը կնպաստեր Ցեղասպանությունից հետո ազգի վերականգնմանը և հետագա կենսունակությանը: Եթե արդարացված են Հայոց ցեղասպանության հատուցումները, ապա նախկինում ընդունված հատուցումների ձևը պետք է ընդունվի որպես ողջամիտ տարբերակ: Վճիռն այսօր իրագործելը կարող է նաև դիտարկվել որպես թուրք ազգայնամոլ ուժերի կողմից հասցրած վնասների շտկում, քանի որ նրանք արգելափակեցին վճռի իրագործումը և բռնազավթեցին Հայաստանին հատկացված տարածքը, որն արդեն գտնվում էր հայկական պետության իշխանության ներքո: Այս իմաստով վճռի իրագործումը հանդիսանում է Թուրքիայի կողմից իր պարտավորության խախտման դիմաց հատուցում, խախտում, որը մասն էր Հայոց ցեղասպանության երկրորդ փուլի և ազգայնամոլների կողմից իրագործվեց մինչև 1923-ը:

Գլուխ Զ. Հատուցումների հարցի բարոյական կողմերը

Հատուցումները ոչ միայն պետք է իրավական տեսանկյունից ճիշտ լինեն, այլև պետք է համահունչ լինեն քաղաքական կոնտեքստին: Սովորաբար հատուցումների հարցն ուժեղ դիմադրության է հանդիպում աշխարհաքաղաքական տիրույթում, որտեղ գերիշխում է   հզոր տերությունների շահերից բխող «իրատեսությունը»: Երբ ուժերի հիերարխիայում կամ քաղաքական դերակատարների շահերում էական փոփոխություններ չեն կատարվում, բարոյական սկզբունքները գործում են որպես փոփոխության գլխավոր մեխանիզմ:

Բարոյականության վրա խարսխված շարժումները երբեմն հաջողությամբ առաջ են բերել խորը դրական փոփոխություններ ի հեճուկս   հզորների շահերի: Բրիտանական տիրապետությունից ազատվելու Հնդկաստանի անկախության շարժումը, ԱՄՆ քաղաքացիական իրավունքների շարժումը և հակաապարտեիդյան շարժումը դրա օրինակներն են: Օրենքը/քաղաքականությունը և բարոյականությունը հակադիր ուժեր չեն, հակառակը՝ բարոյական սկզբունքները կարող են կարևոր դեր խաղալ մարդու իրավունքների հարգումն ապահովող օրենքների, իրավական որոշումների և քաղաքական կարգում: Բարոյական հրամայականներն այն բանալին են, որը կարող է հանցագործ հասարակության մեջ փոփոխություններ առաջացնել: Գիտակցումը, թե ինչու են բարոյապես ճիշտ Հայոց ցեղասպանության հատուցումները, կարող է առաջ բերել հատուցումների իրավական և քաղաքական որոշումների համար անհրաժեշտ մեծ և արդյունավետ աջակցություն: Հետևաբար ՀՑՀՈւԽ-ն այս զեկույցում ընդգրկել է Հայոց ցեղասպանության հատուցումների հարցի բարոյական կողմերին նվիրված գլուխ՝ ի լրումն իրավական և քաղաքական հիմնավորումների:

Արևմտյան հիմնական փիլիսոփայական-բարոյագիտական տեսությունները՝ Արիստոտելյանը, Կանտյանը, Ուտիլիտարիստականը և Իրավունքահենք տեսությունը, բոլորն էլ հիմնականում պաշտպանում են հատուցումային արդարությունը: Իսկ այն բարոյական տեսությունները, որոնց կենտրոնում հատկապես ճնշումներն են, ավելի հեռուն են գնում՝ մարդու իրավունքների խախտումներից բխող հատուցումներին տալով առաջնահերթ դեր: Միևնույն ժամանակ ժամանակակից Արևմտյան փիլիսոփայական միտքը, հատկապես դրա լիբերալ ուղղությունները, փորձում են թուլացնել կամ մերժել շտկման կարևորագույն ասպեկտներից մեկը՝ խմբին հատկացվող հատուցումները: Սակայն ցեղասպանության նպատակը ոչ թե բազմաթիվ անհանտներին ոչնչացնելն է, այլ խումբը որպես այդպիսին ոչնչացնելը:

Հետևաբար հատուցումների համապարփակ և արդյունավետ փաթեթը պետք է կենտրոնանա խմբային վնասների վրա, օրինակ՝ խմբի տնտեսական և քաղաքական կյանքի ու նրանց ինքնության վերականգնման վրա, այլ ոչ անհատական հատուցումների: Թեև վերջինս կարող է համընդհանուր գործընթացում որոշակի դեր ունենալ, այնուամենայնիվ միայն խմբային հատուցումներն են, որ ի վիճակի են ուղղակիորեն և համարժեք լուծել ցեղասպանության հասցրած վնասների հարցը:

Թեև հատուցումներն արդարացվում են ընդհանուր բարոյական մոտեցումներով, սակայն երբ խոսքն արդեն կոնկրետ բարոյական վերլուծության մանրամասներին է վերաբերում, առաջանում են այլընտրանքներ ու բարդություններ, հատկապես երբ հարկ է լինում կիրառել ընդհանուր սկզբունքները կոնկրետ դեպքի համար, այս դեպքում՝ Հայոց ցեղասպանության համար: Զեկույցն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետ առնչվող այսպիսի 10 բարդությունների և այլընտրանքների:

(1) Վաղեմությունը վերացնու՞մ է պահանջատիրության իրավունքը: Միայն այն դեպքում, երբ այլևս հնարավոր չէ տարբերակել համապատասխան խմբերը, իսկ հասցված վնասներն այլևս որևէ կերպ չեն ազդում ներկայի վրա: Հայերն ու թուրքերը և նրանց քաղաքական կազմավորումները հստակորեն գոյություն ունեն ներկայում և նրանք ուղղակիորեն սերում են Ցեղասպանության ժամանակաշրջանում ապրածներից: Ցեղասպանության հասցրած վնասները շարունակում են հսկայական ազդեցություն ունենալ հայերի վրա, օրինակ՝ հայերի համատարած աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի քաղաքական, ռազմական և տնտեսական թուլությունն ու անկայունությունը, Սփյուռքում հայկական ինքնության և ընդհանրականության կորուստը, Սփյուռքի տարբեր համայնքների անապահովությունը և խոցելիությունը, և հայկական բնակչության փոքրաթիվությունը այլ խմբերի, օրինակ թուրքերի համեմատ:

(2) Ցեղասպանությանը նախորդած իրավիճակի վերականգնումն անհնար է և անցանկալի: Սա ճիշտ է, որովհետև՝ (ա) ներկայում ոչինչ հնարավոր չէ անել հետ բերելու Ցեղասպանության զոհերին կամ նրանց հնարավոր ժառանգներին, (բ) խիստ անհավանական է, որ որևէ հայ կցանկանա ապրել այն պայմաններում, որ հայերն ապրում էին 1915-ից առաջ կամ նույնիսկ դրանից էլ առաջ՝ 1894-1896թթ. հայկական կոտորածների ժամանակ: Սակայն պահանջատիրությունը չի նշանակում, թե կոչ է արվում ամբողջովին հետադարձել վնասները կամ վերադառնալ անհնարին ու անցանկալի իրավիճակին: Պահանջատիրությունը կոչ է անում այսօր ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կմեղմեն Ցեղասպանության հասցրած վնասները և կապահովեն հայերի՝ որպես խմբի վերականգնումը, նրանց ինքնությունը և ապագա քաղաքական կենսունակությունը:

(3) Անհնար է լիակատար հաշվարկել հայերին տրվելիք հատուցումները:
Գուցև ճիշտ է, որովհետև թերի են մահվան, տառապանքների և գույքի զավթումների վերաբերյալ փաստաթղթերը, բայց կան հսկայական թվով արձանագրություններ, որոնց հիման վրա կարելի է ուղղակիորեն կամ տրամաբանական հաշվարկների հիման վրա կազմել հատուցումների փաթեթը: Արձանագրությունների թերությունների դեպքում կարելի է կատարել նվազագույն հաշվարկ: Եվ եթե բոլոր վնասները կամ կորուստները հնարավոր չէ հատ առ հատ պարզել, չի նշանակում, թե ոչինչ չպիտի տրվի:

(4) Արդյո՞ք նյութական հատուցումներն անընդունելիորեն խաթարիչ չեն լինի, չեն վնասի այսօրվա թուրքերին, ու դրանցից չեն շահի այն հայերը, որոնք հատուցումներ ստանալու պատճառ չունեն: Բայց չէ՞ որ շատ թուրք ընտանիքներ, անհատներ և բիզնեսներ դեռևս շարունակում են հսկայական օգուտներ քաղել Ցեղասպանության ընթացքում թալանված գույքից, իսկ թուրքերն ընդհանրապես այսօր օգտվում են պետությանը, բանակին ու այլ քաղաքական կառույցներին անցած գույքի պտուղներից: Այսօրվա թուրքերը կրում են հատուցումների պատասխանատվությունն այնքանով, որքանով իրենց պետությունը, հասարակությունը և բազմաթիվ անհատներ դեռևս օգուտներ են քաղում: Ավելին, թուրքերը պատկանում են նույն ազգությանը, որն իրագործել է Ցեղասպանությունը: Եթե նրանք ցանկանում են ընդունել և ըստ արժանվույն գնահատել այդ ազգային ինքնագիտակցության դրական կողմերը, ապա պետք է ընդունեն նաև դրա բացասական կողմերը, այդ թվում Ցեղասպանության փաստը:

Խմբային հատուցումների նպատակը առանձին հայերին շահ ապահովելը չէ, այլ հայերի՝ որպես խմբի վերականգնմանը և հետագա կենսունակությանը նպաստելը: Իսկ հայերը դրան արժանի են, քանի որ Ցեղասպանության թողած ժառանգությունը շարունակում է խաթարել նրանց՝ որպես խմբի գոյությունը:

(5) Ինչքանո՞վ է անխոցելի այդ տարածքը Ցեղասպանությունից առաջ «հայկական տարածք» համարելը: Թեև Օսմանյան կայսրության կազմում գտնվող հայկական պատմական վեց նահանգներն ունեին խառը բնակչություն, այնուամենայնիվ դրանք մշտապես ասոցացվում էին հայերի հետ, իսկ շատերի բնակչության մեծամասնությունը հայեր էին: Ավելին, հայ բնակչությունը դրանցում նվազեցվում էր միտումնավոր քաղաքականության շնորհիվ: Բացի այդ, մեծաքանակ հայ բնակչություն կար նաև Օսմանյան կայսրության այլ վայրերում, այդ թվում Կիլիկիայում և քաղաքներում: Հատուցումների փաթեթում ընդգրկվելիք հողերը կփոխարինվեն հայերին պատկանած այն հողերով, որոնք կմնան Թուրքիային, այդպես լուծելով խառը բնակչությամբ հողերի հարցը: Այսպիսով, հողերը հայկական ճանաչելու դեմ ուղղված դիմադրությունը ոչ թե հիմնված է փաստերի անաչառ վերլուծության վրա, այլ գալիս է ցեղասպան գաղափարախոսությունից, որի նպատակն էր հայերին ընհանրապես հանել Օսմանյան կայսրության, և հետո նաև Թուրքիայի Հանրապետության պատմությունից՝ արդարացնելու հողերի թուրքականացումը:

(6) Ճանաչումը և (կամ) ներողությունը բավարա՞ր են Ցեղասպանության հարցը լուծված համարելու համար: Թեև երկուսն էլ հանդիսանում են հատուցումների համապարփակ փաթեթի կարևոր բաղադրիչները, սակայն առանձին վերցրած դրանք (ա) անբավարար են Ցեղասպանության շարունակվող ազդեցությունը, հատկապես դրա նյութական մասը վերացնելու համար և (բ) անշրջելի չեն, եթե չեն ուղեկցվում նյութական հատուցումներով, քանի որ դրանք պարզապես բառեր են, որ կարող են հետագայում չեղյալ հայտարարվել:

(7) Հայ-թուրքական հաշտեցման երկխոսությունը ավելի լա՞վ ճանապարհ է, քան հատուցումները: Թեև երկխոսությունը կարող է դրական լինել, և ՀՑՀՈւԽ-ն առաջարկում է ճշմարտության հանձնաժովը որպես հատուցումների գործընթացի էական մեխանիզմ, սակայն միայն երկխոսությունն ի վիճակի չէ լուծում տալ Հայոց ցեղասպանության չլուծված ժառանգությանը: Խմբերի միջև առկա է խոր ուժային ասիմետրիա, որը Ցեղասպանության հետևանք է, և դա կարող է մեղմվել միայն նյութական միջոցներով: Երկխոսությունը ոչ միայն չի փոխի այդ հարաբերակցությունը, այլև այն ավելի կխորացնի՝ ի վնաս հայերի: Թեև երկխոսությունը կհանգեցնի հարաբերությունների բարելավմանը, դա կարվի հայերի հաշվին. նրանք կհրաժարվեն նյութական և անգամ խորհրդանշական հատուցումներից՝ ընդունելով իրենց ստորադասությունը թուրքական պետության և հասարակության նկատմամբ:

(8) Թուրքիայի ժողովրդավարացումը դրական զարգացում կհանդիսանա: Դա գուցեև փոխի Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների, այդ թվում հայերի նկատմամբ վերաբերմունքը, և ճանաչվի հայերի ներդրումը Թուրքիայի պատմության մեջ, սակայն ինքնին չի վերացնի Ցեղասպանության հասցրած վնասները: Դա կարող է անել միայն հստակ հատուցումների գործընթացը: Ավելին, ինչպես ցույց են տալիս բազմազան պատմական օրինակները, ժողովրդավարական քաղաքական ինստիտուտները և իրողությունները կարող են կատարելապես համատեղվել փոքրամասնությունների և արտաքին խմբերի նկատմամբ վատ վերաբերմունքի հետ: Թուրքիայի ժողովրդավարությունը չի ենթադրում, թե Թուրքիայում կամ դրա սահմաններից դուրս կփոխվի հայերի նկատմամբ վերաբերմունքը:

(9-10) Հատուցումները կամ պահանջատիրության հետապնդումը կառաջացնի՞ թուրքերի հակազդեցությունը: Նաև, տարածքային հատուցումները կսպառնա՞ն թուրքական պետականությանը և ինքնագիտակցությանը: Եթե այս հարցերից յուրաքանչյուրի պատասխանն «այո» է, ապա պատճառն այն չէ, որ հայերը փորձում են վերականգնել իրենց իրավունքները կամ գործում են ագրեսիվ կերպով: Պատճառն այն է, որ Ցեղասպանությունից հետո քաղաքական և գույքային ստատուս քվոն ու հայերի ստորադասումն այնպես են ամրապնդվել թուրքական պետության ու հասարակության մշակույթում և ինստիտուտներում, որ արդարության կոչն իսկ ընկալվում է որպես թուրքերին վնասելու անարդար փորձ կամ թուրքերի հանդեպ ագրեսիվ սպառնալիք:

Գլուխ Է. Հատուցումների գործընթացը և հատուցումներ հանդիսացող գործընթացը

Հատուցումների գործընթացի համար ՀՑՀՈւԽ-ն առաջարկում է նոր մոտեցում՝ Հայոց ցեղասպանության ճշմարտության և ուղղման հանձնաժողովի (ՀՑՃՈւՀ) մոտեցումը: ճշմարտության հանձնաժողովը կմեծացնի հատուցումների հավանականությունը, դրանց անկեղծության հավանականությունը և կնպաստի թուրքական պետության և հասարակության առողջացմանը: Վերջինս չի քննարկվել իրավական և պայմանագրերի վերլուծություններում և միայն մասամբ քննարկվել է բարոյական վերլուծության մեջ: Այս մոտեցումն առաջարկում է շտկման նոր ուղի, որտեղ ընդգրկված են ճանաչման և ներողության, երկխոսության ու Թուրքիայի ժողովրդավարացման բոլոր օգուտները՝ միևնույն ժամանակ առանց զոհաբերելու հատուցումների նյութական և այլ բաղադրիչները: Ճշմարտության հանձնաժողովը թուրք անհատներին և ինստիտուտներին կդարձնի հատուցումների գործընթացի ակտիվ մասնակիցներ՝ հնարավորություն տալով, որ որոշումները կայացվեն բարոյական սկզբունքների հիման վրա՝ դրանք կապելով իրավական պահանջների հետ: Հատուցումները դրսից թուրք բնակչությանը պարտադրելու փոխարեն դրանք կբխեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքներից:

Հանձնաժողովը եզակի հնարավորություն կտա հատուցումների արդյունավետ ներդրման համար, ինչն էլ հենց դրանց նպատակն է, բայց հաճախ դուրս է մնում իրավական և քաղաքական գործընթացներից: Հաջորդը՝ ճշմարտության հանձնաժողովի գործընթացը ոչ միայն կնպաստի թուրքական պետության և հասարակության առողջացման համար անհրաժեշտ գիտակցության ստեղծմանը, այլև ինքնին կհանդիսանա առողջացման և վերափոխման գործընթաց:

Ճշմարտության հանձնաժողովը թուրքական պետության և հասարակության առողջացման լավագույն մեխանիզմն է:

Հանձնաժողովի նպատակը 1915-ին սկսած իրադարձությունների ժխտման և շղարշման նպատակով քննարկումները չէ: Ճիշտ հակառակը՝ հանձնաժողովը ելնելու է Հայոց ցեղասպանության փաստի անժխտելիությունից: Սա մի մեխանիզմ չէ, որը պիտի պարզի, թե արյդոք Հայոց ցեղասպանությունն իսկապես եղել է, – Ցեղասպանությունն ապացուցող պատմական ապացույցներն անհերքելի են, – սա մի մեխանիզմ է, որ (1) վերհանելու է պատմական եղելության մանրամասները և դրանց հետևանքները, (2) օգնելու է ժամանակակից Թուրքիային և թուրքերին ընկալելու Ցեղասպանության ճշգրիտ պատմությունը, (3) հայերին և թուրքերին ընդգրկելու վնասների շտկման քննական գործընթացի մեջ: Սա Ցեղասպանության ժառանգությանն անդրադառնալու մեխանիզմ է, այլ ոչ Ցեղասպանության եղելությունը հարցականի տակ դնելու մեխանիզմ: Հետևաբար այն միանգամայն տարբեր է 2001-2004թթ.-ին գործած ոչ պաշտոնական «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովից» (ԹՀՀՀ) և 2009-ի հայ-թուրքական արձանագրություններում առաջարկված «պատմական ենթահանձնաժողովից», որը շատերին մտահոգոթյան առիթ է տալիս, ինչքան էլ փորձեն հակառակը հավաստիացնել:

Իբրև լայն հանրային գործընթաց, ՀՑՃՈւՀ-ն թուրքական հասարակությանն առաջին անգամ հնարավորություն է ընձեռում Ցեղասպանության պատմության հետ (այսինքն իր պատմության հետ) առնչվել բաց, անկեղծ և համապարփակ կերպով, ձերբազատվել ժխտողականության ճնշումից և անցյալի մասին պետական սխալ ու վնասող պատմությունից: Այս մեխանիզմը շարունակվող ազգային անդունդների ու հիերարխայի վրա հիմնված «խորապես երկփեղկված» թուրքական հասարակությանն առաջարկում է ստեղծել ինքնաընկալման նոր պատկերացում, որի շնորհիվ կհաղթարավեն այդ տարբերությունները: Այդ իմաստով ՀՑՃՈւՀ-ն շատ արդյունավետ գործիք կդառնա Թուրքիայի ժողովրդավարացման համար՝ հասնելու այն նպատակներին, որոնց հնարավոր չէ հասնել Ցեղասպանության ժառանգությունն անտեսելով:

Երկարաժամկետ լուծման դրական իմպուլսն անհրաժեշտ պայման է, բայց այն հաճախ սխալ է ընկալվում ճշմարտության հաձնաժողովներում: Հայոց ցեղասպանության հարցի լուծումը, ինչպես զանգվածային բռնությունների այլ հարցերինը, պետք է կենտրոնանա ճշմարտահենք արդարության, այլ ոչ պարզապես հաշտեցման վրա: Լուծմանն ուղղված ջանքերի նպատակը պետք է լինեն վերհանումն ու հատուցումները: Հաշտեցումը նույնպես կարևոր է, սակայն պետք է գիտակցել, որ իրական հաշտեցում հնարավոր չէ, քանի դեռ կողմերը չեն անցել Ցեղասպանության իրողությունը վիճարկելուց դեպի արդարության հաստատում: Անարադարացի ստատուս քվոն ընդունելու միջոցով ձեռք բերված հաշտեցումն արդյունավետ լուծում չէ, այլ վնասների ամրապնդում և զոհերի ավելի թուլացում ու մարգինալացում: Ճիշտ հաշտեցումն ածանցյալ արդյունք է, այլ ոչ վերջնանպատակ կամ ճշմարտության հանձնաժողովի գործունեության պարտադիր արդյունք: Եթե հանձնաժողովի գործունեության արդյունքում Հայոց ցեղասպանության հարցը ստանա արդարացի լուծում, բայց հայ-թուրքական հաշտեցում տեղի չունենա, հանձնաժողովը, միևնույն է, իր նպատակին հասած կլինի և գոնե ճանապարհ հարթած կլինի ապագա հաշտեցման համար:

Ճշմարտության հանձնաժողովի իրականացումը գործնականում շատ բարդ կլինի: ԹՀՀՀ-ի անդամների ընտրությունը և քաղաքականացված բնույթը զգուշանալու առիթ է տալիս: Ճշմարտության հանձնաժողովի անդամների ընտրությունը միշտ էլ խնդրահարույց է լինելու: Հանձնաժողովում պետք է ներկայացված լինեն հայեր, թուրքեր և այս երկուսի հետ չկապված անձինք: Կարևոր է նաև, որ նրանք ներկայացնեն բազմազան շահեր և չգտնվեն կողմերի քաղաքական ազդեցության տակ: Հաշվի առնելով հանձնաժողովի սկզբնակետը՝ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը և դրա հետևանքների լուծումը, ժխտողները պետք է տեղ չունենան հանձնաժողովում:

Պետք է սահմանվի հանձնաժողովի լիազորությունների շրջանակը, հստակ ազդարարվի և ընդունվի հայերի և թուրքերի կողմից: Սովորաբար ճշմարտության հանձնաժողովները դատական ատյաններ չեն և հետևաբար չունեն դատակոչելու կամ դատելու լիազորություններ: Նրանք սովորաբար իրենց հայտնաբերումների հիման վրա առաջարկություններ են ներկայացնում, բայց դրանից ավելին անել ի վիճակի չեն: Այդ հանձնաժողովները նաև պատասխանում են այն հարցին, թե իրենց հայտնաբերումներից ելնելով ով է կրելու պատասխանատվություն և ով պետք է իրագործի իրենց առաջարկությունները:

Հանձնաժողովը պետք է նաև նշի, թե ով պետք է տրամադրի հատուցումների համար անհրաժեշտ ռեսուրսները: Այս հարցը ամենայն հավանականությամբ խնդիրներ կառաջացնի թուրքական պետության ու հասարակության մեջ, և կառաջանա ներքին քննարկումների անհրաժեշտություն: ՀՑՃՈւՀ-ն հնարավորություն կտա, որ այդ քննարկումներն անցնեն բաց գործընթացի ձևով:

Գլուխ Ը. Առաջարկություններ համապարփակ
հատուցումների փաթեթի վերաբերյալ

ՀՑՀՈւԽ-ը ներկայացնում է Հայոց ցեղասպանության հատուցումների վերաբերյալ հետևյալ առաջարկությունները, որոնք հիմնված են համապարփակ հատուցումների հինգ բաղադրիչների վրա:

(1) Պատիժ
Ցեղասպանության անմիջական հանցագործներին պատժելը կարևոր է զոհերի արժանապատվությունը և արժեքը հաստատելու համար՝ պաշտոնապես ցույց տալով, որ նրանց նկատմամբ կատարվածն անարդարություն է: Սակայն Հայոց ցեղասպանության դեպքում անմիջական հանցագործներն այլևս ողջ չեն, որ դատվեն, հետևաբար այս բաղադրիչը հնարավոր չէ կիրառել:

(2) Ճանաչում, ներողություն, կրթում և հիշատակում

Թուրքիայի կառավարությունը և մեղսակից ոչ-կառավարական կազմավորումները պետք է պաշտոնապես ճանաչեն Ցեղասպանությունը և ներողություն խնդրեն: Ճանաչման և ներողության մեջ պետք է հստակ նշվեն Ցեղասպանության կոնկրետ մանրամասները, կոնկրետ ով և ինչ է արել և ովքեր են զոհերը: Պետք է հստակորեն նշվի Ցեղասպանության հետ ժամանակակից Թուրքիայի կապի բնույթը և բացատրվի այսօր Թուրքիայի պատասխանատվությունը հայերի հանդեպ: Թուրքիան պետք է երկրում և երկրից դուրս բոլոր մակարդակներում իրականացնի լայնածավալ կրթական նախաձեռնություններ, այդ թվում Ցեղասպանության պատմությունը դարձնի Թուրքիայի հանրային կրթական ծրագրերի կարևոր բաղադրիչը: Նաև, Թուրքիան պետք է հիմնի բազմաթիվ թանգարաններ և ֆինանսավորի Ցեղասպանության հիշատակման միջոցառումներն ամբողջ Թուրքիայում, միաժամանակ աջակցելով նման միջոցառումների անցկացմանն ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում: Այն տարածքներում, որոնք որպես հատուցում չեն վերադարձվելու հայերին, պետք է վերականգնվեն պատմական հայկական տեղանունները:

(3) Աջակցություն հայերին և Հայաստանին

Թուրքական պետությունը պետք է քաղաքական և այլ աջակցություն ցուցաբերի հայկական պետությանը և համայն հայությանը՝ նրանց երկարաժամկետ կենսունակության ապահովման նպատակով: Բացի նյութական հատուցումներից և վնասաբեր գործողությունների դադարեցումից (ինչպիսին հայ-թուրքական սահմանը երկու տասնամյակ փակ պահելն է), Թուրքիան պետք է դրական քայլեր կատարի, ներառյալ Հայաստանի Հանրապետության օգտին դիվանագիտական գործունեությունը և Հայաստանի պաշտպանությունն արտաքին սպառնալիքներից:

(4) Թուրքիայի առողջացումը

Բացի ժխտողական գործունեության ամբողջական դադարեցումից և թուքիաբնակ հայերի ու մյուս այլազգիների նկատմամբ հարգանքի հաստատումից, թուրքական պետությունը և հասարակությունը բոլոր ինստիտուտներից, մշակույթից և այլն պետք է արմատախիլ անեն հակահայության և ցեղասպանության գաղափարախոսության ու պրակտիկայի հետքերը, ինչպես օրինակ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը:

(5) Գույքի վերադարձ և գույքի, մահվան ու տառապանքի դիմաց փոխհատուցում

Ցեղասպանության ընթացքում բռնագրավված հողը, շինությունները և այլ հասանելի անշարժ և շարժական գույքը պետք է վերադարձվեն: Ոչնչացված կամ անհասանելի գույքի դիմաց պետք է տրվի փոխհատուցում: Վերադարձված կամ փոխհատուցված գույքի դեպքում պետք է փոխհատուցում տրվի նաև չստացած շահի դիմաց: Ինչպես ստորև ավելի մանրամասն կներկայացվի, հողերի անհատական և խմբային հատուցումներն այնպես պետք է արվեն, որպեսզի հնարավորություն ստեղծվի հայերին համապատասխան տարածքի քաղաքական փոխանցման համար: Ցեղասպանության զոհերի մահվան և տառապանքների դիմաց պետք է տրվեն փոխհատուցումներ: Պետք է վերադարձվի Հայ Առաքելական Եկեղեցուց, հայկական բողոքական և կաթոլիկ եկեղեցիներից բռնագրավված գույքը՝ անկախ գտնվելու վայրից:
Բացառությամբ այն գույքի, որ այսօր տնօրինում են Ցեղասպանության ընթացքում այն զավթածների անմիջական ժառանգները, թուրքական կառավարությունը պետք է փոխհատուցի այն թուրք քաղաքացիներին, որոնց հողերը վերցվելու են որպես հատուցում: Այդ գործընթացի ծախսերը պետք է արդարացիորեն բաշխվեն թուրքական հասարակության մեջ: ՀՑՃՈւՀ-ն կարող է մշակել այդ գործընթացի մեթոդները:

Բացառությամբ այն դեպքերի, երբ անհատ հայերն ունեն կոնկրետ գույքի վերաբերյալ լիակատար փաստաթղթեր, գույքի վերադարձը և բոլոր տեսակի փոխհատուցումները պետք է տրվեն հայությանը որպես խմբի: Այս ռեսուրսների հատկացումը Հայաստանի կառավարությանը, աշխարհի կամ տեղական հայկական ինստիտուտներին և կազմակերպություններին և համայն հայությունը ներկայացնող անհատներին պետք է կատարվի արդարացի գործընթացի միջոցով, որտեղ առաջնահերթությունը պետք է տրվի խմբի երկարաժամկետ կենսունակության ապահովմանը և անհատ հայերի կարիքներին: Ամենուր ապրող և ցանկացած կարգավիճակ ունեցող բոլոր հայերը պետք է գործընթացում ունենան լիակատար ձայն, և պետք է հատուկ ուշադրություն դարձվի, որ   հզորները չկարողանան իրենց ձեռքը վերցնել գործընթացը:

Քաղաքական փոխանցման միջոցով հատկացվելիք տարածքի որոշման հարցում կարելի է կիրառել զանազան մոտեցումներ: ՀՑՀՈւԽ-ը համարում է, որ Վիլսոնի իրավարար վճռով որոշված տարածքը քաղաքական փոխանցման տարածքի լավագույն տարբերակն է: Այդ տարածքի որոշման ժամանակ հաշվի էին առնվել այն գործոնները, որոնք անհրաժեշտ էին հայկական պետության հետագա կենսունակության համար, ինչն էլ հենց հանդիսանում է այս զեկույցի գլխավոր առարկան: Բացի այդ, նշված տարածքն ընդգրկում է Օսմանյան կայսրության մեջ գտնված վեց պատմական հայկական նահանգներից ու Կիլիկիայից միայն չորսը, որպեսզի հաշվի առնվի նաև խառը բնակչության հանգամանքը: Հետևաբար դա ողջամիտ փոխզիջում է: Թեև լավագույն տարբերակը մնում է այդ տարածքի քաղաքական փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը, ՀՑՀՈւԽ-ը դիտարկում է այլընտրանքային տարբերակ ևս. Վիլսոնյան տարածքի ապառազմականացում և հայերին այդ տարածքում ազատ տնտեսական գործունեություն վարելու և բնակվելու իրավունքի տրամադրում:

Վերադարձի համար անհասանելի գույքի, ինչպես նաև չստացած շահի դիմաց փոխհատուցման հաշվարկի համար կարելի է կիրառել տրամաբանական մեթոդ, հիմնված՝ (1) վավերագրված գույքային կորուստների և (2) Ցեղասպանությունից առաջ հայերի ունեցվածքի մասին տեղեկությունների վրա: Քանի որ այս հաշվարկների համար հարկավոր է կատարել լայնածավալ վերլուծություն և ուսումնասիրել նոր ի հայտ եկող փաստերը, ՀՑՀՈւԽ-ն առայժմ անկարող է ներկայացնել վերջնական թիվը: Իսկ ինչ վերաբերում է մահվան և տառապանքի դիմաց փոխհատուցումներին, ապա կարելի է կիրառել Մարությանը և այլոք ընդդեմ Նյու Յորք Լայֆ ընկերության հայցում կիրառված երկու մեթոդներից որևէ մեկը, որոնց արդյունքում կստացվեն հապապատասխանաբար 33.358.953.125 ԱՄՆ դոլար և 10.450.000.000 ԱՄՆ դոլար: Առաջին թիվը ճշգրտելով ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի ինֆլյացիոն հաշվիչով, կստացվի 70.030.167.080 ԱՄՆ դոլար:

Որպես այլընտրանքային մեթոդ, այդ թիվը կարելի է հաշվել 1919-ի Փարիզի խաղաղության կոնֆերանսին ներկայացված՝ գույքի կորստի և մահվան ու տառապանքի փոխհատուցման հաշվարկի հիման վրա: Օգտագործելով Նյու Յորք Լայֆի մեթոդը և վերածելով ստացվածը 2014-ի արժեքների, կստացվի 41.500.000.00 ԱՄՆ դոլար: Այս թվին ավելացնելով 20 տոկոս, որպեսզի դրանում ընդգրկվեն նաև Ցեղասպանության երկրորդ փուլի (1919-1923թթ.) կորուստները, ընդհանուր թիվը կկազմի համապատասխանաբար՝ 49.800.000.000 ԱՄՆ դոլար կամ 104.544.260.400 ԱՄՆ դոլար:

Բացի Նյու Յորք Լայֆի և ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի մեթոդներից, կորուստների, մահվան ու տառապանքների փոխհատուցումների հաշվարկի համար կարելի է կիրառել նաև Ցեղասպանության ժամանակաշրջանում կամ դրանից հետո կիրառվող այլ մեթոդներ: Որպես հատուցումների կոնկրետ թիվ կարելի է ընտրել կա՛մ այս զեկույցում նշված թիվը, կա՛մ մեկ այլ թիվ, որը կորոշվի իրավական վճռով կամ քաղաքական համաձայնությամբ կամ էլ Հայոց ցեղասպանության ճշմարտության և ուղղման հանձնաժողովի գործունեության արդյունքում:

http://www.armeniangenocidereparations.info/

Տպել Տպել