Իշխանությունը թաքնվում է արդար ընտրություններից

minasyanՀայաստանում արդար ընտրությունների համար ոչ ոք պատասխան չի տալիս:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի քննարկումների ժամանակ: Նախագիծը ենթադրում է անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Մինասյանի խոսքով՝ այս նախագծի դեմ հնչող բոլոր հնարավոր փաստարկների դեպքում՝ անգամ, ոչ ոք չի կարող ժխտել այն ակնհայտ ընտրախախտումները, որոնք թույլ են տրվում միամանդատ օկրուգներում ընտրությունների ժամանակ:

«Եթե ուզում ենք, որ ընտրողը չվերահսկվի որեւէ երրորդ անձի կողմից, եթե ուզում ենք փարատվի կասկածը ընտրացուցակների վերաբերյալ, պետք են համակարգային փոփոխություններ: Կա չէ՞ բոլորիդ մոտ այդ կասկածը՝ ընտրացուցակների հետ կապված ու այն չի փարատվում, այն ստվերում է ընտրությունների ամբողջ գործընթացը: Այո, եղել է, որ ընտրություններին մասնակցել են մարդիկ, որոնք ոչ միայն ֆիզիկապես ՀՀ-ում չեն, այլեւ անձնագիր էլ չեն ունեցել: Մեծամասնական համակարգի վրա լուրջ ստվեր է գցվել, եւ դուք երբ միայնակ, ինքներդ ձեզ հետ եք մնում, խոստովանում եք դա: Եւ գիտեք, որ մասնավորապես արդար ընտրությունների հետ կապված կասկածները չի կարելի հաշվից հանել: Ուստի չպետք է գլուխը թաղել ավազի մեջ ու ձեւ անել, թե ընտրությունների հետ կապված ամեն բան կարգին է»,-ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավորը՝ դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին:

Նա հավելել է, որ ընտրական բարեփոխումները պետք է լրացնեն քաղաքական կուսակցությունների եւ ԿԸՀ ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացումը:

Տպել Տպել