100-րդ տարելիցին պետք է խոսել հետեւանքների հատուցման մասին

Կիրո Մ
2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր նվաճումը կլինի այն, որ մենք ազգովի սկսենք խոսել ոչ միայն դրա փաստացի ճանաչման, ժխտումը քրեականացնելու մասին, այլ նաև Ցեղասպանության հետևանքների հատուցման մասին:

Այսօր, դեկտեմբերի 10-ին, «Փաստարկ» ակումբում, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Սա Թուրքիան էլ է հասկանում և մյուս երկրներն էլ, բայց կարևոր է ամրագրել, որ մենք պահանջներ ունենք Թուրքիայից: Ցեղասպանության 100-րդ տարելիցի ուղղությամբ արդեն սկսել ենք ակտիվ միջոցառումներ և արդեն իսկ քաղաքական որոշ տրամադրություն ենք ստեղծել: Դրա վկայությունը Թուրքիայի կողմից արվող այն քայլերն են, որոնցով փորձում են հակադարձել»,-ասել է նա։

Հարցին թե այսօր կա՞ այն հենքը, որը թույլ կտա, որ աննախադեպ դառնա 2015թ.-ը Հայոց ցեղասպանության խնդրի լուծման համար, Մանոյանը պատասխանել է. «Նույնիսկ մի քանի տարի առաջ կար ակնկալիք, որ մեծ բան պետք է կատարվի և եթե չկատարվի, բոլորը կհիասթափվեն: Մենք անցած տասնամյակներին այնքան առաջ ենք գնացել այս հարցում, որ նոր պայթյուն ակնկալելը ճիշտ չէ: Այսօր հայտնի է բոլորին, որ Թուրքիան ցեղասպանություն է գործել ու ատելություն ունի հայ ժողովրդի նկատմամբ»:

Դիտարկմանը, թե այսօր կոչեր են հնչում ապրիլի 24-ին Ստամբուլում հավաքվել հայությանը և հենց այնտեղ հիշել զոհերին, Կիրո Մանոյանը պատասխանել է, որ 2015թ. կարևոր է լինելու ոգեկոչման արարողություններ անցկացնել ամենուր. «Ստամբուլում միշտ էլ ոգեկոչման արարողություններ տեղի են ունեցել: Բայց, իհարկե, հաջորդ տարի Թուրքիայում արարողություններ իրականացնելը հատուկ նշանակություն կունենա, բայց կարևոր է, որ ճիշտ պատգամ փոխանցեն Թուրքիայի հասարակությանը, թե հայությունը ինչ է պահանջում»:

Անդրադառնալով նույն պահանջներին՝ Կիրո Մանոյանը նշել է, որ դեռևս 2007թ. ՀՅԴ Բյուրոն պատվիրել է մասնագետների խմբին մշակել այդ պահանջները.«2010թ. առաջին նախագիծը հրապարակեցին, որտեղ հինգ կարևոր պահանջներ էր ամրագրված՝ ճանաչում, հատուցում, Թուրքիայի օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն հակահայ քաղաքականության վերացմանը, հավաքական վնասի հատուցում և տարածքային խնդիրներ: Տարածքային խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ Հայաստանը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունները»:

Ըստ Կիրո Մանոյանի` Ադրբեջանական կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների հետեւանքով հակամարտության կարգավորման գործընթացում ոչ միայն առաջընթաց չի գրանցվել, այլ ավելի շուտ, Ադրբեջանի մեղքով հետընթաց ենք ունեցել:

Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանի արտաքին քաղաքականության տեսակետից 3 կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել. «Առաջինը, բնականաբար, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է, սակայն այդ բոլոր գործընթացները պետք է դիտարկել նաեւ ուկրաինական իրադարձությունների ֆոնին: Երկրորդը` ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներն ու տարբեր դիվերսիոն գործողություններն են, որոնք բավականին լարված իրավիճակ են ստեղծել: Դրա հետեւանքով առաջընթաց ոչ միայն չի գրանցվել, այլ ավելի շուտ, Ադրբեջանի մեղքով մենք ունենք հետընթաց: Եվ երրորդ կարեւոր իրադարձությունը, որը անմիջականորեն կապված չէ Հայաստանի հետ, թեեւ կարելի է ասել, որ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, Սիրիայի իրադարձություններն են, մասնավորապես, մարտահրավերները, որոնց բախվում է այդ երկրի հայ համայնքը»:

Անդրադառնալով 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանին ուղղված հրավերին, Կիրո Մանոյանն ասել է, դա ավելի շուտ մարտահրավեր էր այն տեսակետից, որ եթե Թուրքիան իրականում կարծում, է, որ իբրեւ թե պետք է քննարկել պատմական իրադարձությունները, ապա նրանց նախագահը պետք է ժամանի եւ տեսնի՝ թե ինչպես են հայերն արձագանքում այդ ամենին:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ Թուրքիան մինչեւ օրս չի խոստովանում, որ նման հրավեր եել է, խոսում է այն մասին որ թուրքական կողմը նման քայլի չի սպասել. «Կարծում եմ, կարեւոր է, որ թուրքական հանրության ներկայացուցիչները մասնակցություն են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին»:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավարը չի բացառել, որ Թուրքիան որոշակի քայլեր կձեռնարկի հայկական նախաձեռնություններին հակազդելու համար. «Մենք պետք է պատրաստ լինենք դրան եւ հետեւապես, պետք է մթնոլորտ ստեղծենք, որը կբացահայտի՝ ինչ մենք նկատի ունենք՝ խոսելով ճանաչման եւ փոխհատուցման մասին»:

Տպել Տպել