Առձեռն խորհուրդ` Հայ դատի նորելուկ զինվորներին

հայ դատ5«Հրապարակ»-ի դեկտեմբերի 10-ի համարում հրապարակվել է Վահրամ Աթանեսյանի հերթական փառավոր հոդվածը, որի վերնագրից դատելով («Ողորմաթասից անդին-2») կարելի է եզրակացնել, որ հեղինակը ենթաշարք է սկսում իր «անդին»-ների շարքի մեջ:

Լավ է անում, գովելի է Վահրամ Աթանեսյանի ոգեւորությունը: Սակայն գրչավորների պրակտիկայում կան ճշմարտություններ, որոնց մասին չի կարելի մոռանալ, որքան էլ մեծ լինի մուսայի հեղեղը:

Ես նկատի ունեմ կովի ու կաթի պատմությունը: Ինչքան էլ ոգեւորվես կենդանու կաթնատվությունից, չպետք է մոռանաս, որ նա սովորություն ունի հետեւի ոտքով կաթի դույլը շրջելու: Ճիշտ այդպես ոգեւորված ու ոգեւորող հեղինակը կարող է մի հիմար ենթաշարքով փչացնել ողջ շարքը:

Վահրամ Աթանեսյանին ավելորդ չոգեւորելու համար միանգամից անցնենք «Հրապարակ»-ի դեկտեմբերի 10-ի համարում լույս տեսaծ «Ողորմաթասից» անդին-2»-ին: Ինչպես ասացի, փառավոր հոդված է` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարում ՀՅԴ բարձրաձայնած հինգ հիմնական պահանջներին, որոնք ոչ այնքան ՀՅԴ-ի, ինչպես սխալմամբ կարծում է Վահրամ Աթանեսյանը, որքան հայ ժողովրդի պահանջներն են:

Անցնենք առաջ:

Վահրամ, եթե մենք չունենք Հայաստանի Հանրապետության Հայ Դատի գրասենյակ, իսկ ՀՅԴ-ն ունի, դա չի նշանակում, որ ՀՅԴ-ն մեղավոր է դրանում կամ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը համահայկական չէ: Եվ, առհասարակ, ՀՅԴ-ն շատ ուրիշ գրասենյակներ էլ ունի, որոնց մասին ընդհանրապես քչերը գաղափար ունեն: Հիմա ի՞նչ, պիտի նեխե՞ս: Ի դեպ, համահայկական հարցերով զբաղվող ՀՅԴ գրասենյակներ աշխարհի շատ մասերում են գործում` Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում, որոնց անվանումներում ՀՅԴ-ն չի նշվում, եւ որոնց գոյության համար Հայաստանի եւ հատկապես Ղարաբաղի բյուջեն չի վճարում:

Փոխարենը այդ գրասենյակները Ղարաբաղի եւ ընդհանրապես Հայ դատի խնդիրներն են առաջ տանում, ճանաչելի դարձնում աշխարհում: Եթե կարող ես ավելի լավ անել այդ գործը, ինչպես դու ես ասում` ղարաբաղա-ադրբեջանական ճակատային գծում, արա, ո՞ւմ ես սպասում:

Եվրոպական եւ ամերիկյան քանի՞ երկրում ճանաչելի դարձան ու ընդունելություն ունեցան Ղարաբաղի ղեկավարները` Բակո Սահակյանից մինչեւ արտգործնախարար եւ ԱԺ նախագահ, աշխարհի քանի՞ երկիր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ Ղարաբաղը որպես անկախ միավոր: Վահրամ, ո՞վ պետք է գլուխ խոնարհի այս հսկայական աշխատանքի առաջ:

Այ մարդ, լացացրեցիր Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմով ու Ջոն Կիրակոսյանի «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» աշխատությամբ: Մանավանդ, որ ընդգծել ես, թե Պարույր Սևակի գործը Խորհրդային պետության մեծ նվերն է Հայ Դատին, անչափ հուզիչ է: Արի, ուրեմն, ասա, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էլ է Սովետի նվերը ու Սովետն է հետապնդել Հայ դատը: Ողբամ զքեզ, որ այդ խելքին ես` երկրորդ Մհեր Սեդրակյան: Ասենք` ինչու՞ եմ զարմանում: Բա՞ ԼՂԻՄ-ը, Նախիջեւանը, Ջավախքը… Լենին-Ստալինից մինչեւ Վահրամ Աթանեսյան` տես ոնց են պահել, պահպանել որպես Հայ Դատի կենդանի վկայություն Ադրբեջանի ու Վրաստանի կազմում…

Այսօր նախավերջին բոլշևիկ Վահրամ Աթանեսյանը զարմացել է, թե այդ ինչի՞ց է, որ ունենք ՀՅԴ Հայ Դատի գրասենյակ: Բա հո՞ ՀՀԿ-ի կամ Հայկոմկուսի Հայ Դատի գրասենյակ չէի՞նք ունենալու: Ռամկավարներին ու Հնչակյաններին է Հիշել Վահրամ Աթանեսյանը եւ ընդգծել, որ սա վիրավորանք է նրանց հասցեին, որովհետև նրանք էլ Սփյուռքում դերակատար են եղել: Բայց ո՞վ է ժխտում այդ դերակատարությունը, այդ ե՞րբ են մեր ավանդական կուսակցությունները դրոշ բարձրացրել Հայ Դատի հարցերում ՀՅԴ-ից ճնշումների ենթարկվելու դեմ: Սա նոնսենս է, պարոն Աթանեսյան:

Ի դեպ, ասեմ, որ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի հետ համագործակցության հարցերում ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարությունը ոչ մի կոմպլեքս չունի: Թե ինչու՞ է Վահրամ Աթանեսյանն այսպես կոմպլեքսավորվել, ինձ համար անհասկանալի է: Իսկ գու՞ցե ինքն ավելի լավ ծրագիր ունի, օրինակ` մի հրաշալի աշխատություն, որ Թուրքիային կստիպի ՀՅԴ-ի դրած հինգ պահանջը հինգ օրում բավարարել:

Ողղվածությունդ, Վահրամ, անդուր է: Լավ էլ արագ-արագ «ողորմաթաս» ես բարձրացնում` մեկ Փետրվարյան ապստամբությունն ես ավանտյուրա որակում, մեկ Հայ Դատի գործունեությունն ու մեկ էլ Հայոց ցեղասպանությունն ես դիտարկում թուրք պատմաբանների աշխարհայացքի լույսի ներքո (Գելիբոլուի ճակատամարտ և Հայոց ցեղասպանություն): Այստեղից հետաքրքիր զուգահեռներ կարող են ծնվել, որ իսկի սիրուն չեն: Ու մեկ էլ տեսար մեկը գրեց «Ողորմաթասից անդին-3» ու այն նվիրեց Արցախի զավակ Վահրամ Աթանեսյանի ու նրան խրատ տվողների անմահ քաղաքական հիշատակին: Սա նախազգուշացում չհամարես, բարեկամ: Պարզապես բոլորի հետ է դա տեղի ունենում, ովքեր փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ կամ սեփական հաջողություններով ոգևորված` սկսում են քեռուն որևէ կնոջ հետ քնել սովորեցնել:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հ.Գ. Մեր ամենամակերեսային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ղարաբաղում խիստ ոգեւորված են ԵՏՄ մտնելու իրողությունից: Ինչ վերաբերում է Աթանեսյանին, ապա նա ընդհանրապես սարսափած է ԵՏՄ համաձայնագրին Հայաստանի դե ֆակտո միանալու նախօրյակին (հունվարի 1-2) Հայ Դատի պահանջների բարձրաձայնման փաստից: Ակամա մտածում ես, որ Ղարաբաղյան կոմունիստական շկոլան դեռ չի մեռել, եւ Աստված չանի այս շկոլայի ներկայացուցիչը Ղարաբաղում գա իշխանության: ԵՏՄ կազմում հայտնված Հայաստանի համար ինքնիշխանության լուրջ դեֆիցիտ կստեղծվի, հավատացնում եմ:

aparaj.am

Տպել Տպել