Բոյկոտը դադարեցնելու ոչ իշխանական ուժերի որոշումը ՀՅԴ աշխատանքի արդյունքն է

Armen RԱզգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ողջունում է ոչ իշխանական մյուս 4 ուժերի՝ կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանի բոյկոտը դադարեցնելու որոշումը և դա նաև իրենց աշխատանքի արդյունքն է համարում:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ռուստամյանը գոհունակությամբ նշեց, որ ոչ իշխանական ուժերը դադարեցրել են բոյկոտը, միևնույն ժամանակ, ընդգծելով, որ դա արդյունք էր այն բանի, որ ՀՅԴ-ն կարողացավ հասնել նրան, որ խորհրդարանն արտահերթ նիստում վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունեց: «Դուք հիշում եք, որ նրանք բոյկոտել էին կառավարության հրավիրած արտահերթ նիստը և պահանջում էին, որպեսզի խորհրդարանն արտահերթ նիստ հրավիրի և քննարկի հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ բռնության վերջին դեպքերը: Մենք կարողացանք հասնել նրան, որ այդ դեպքերը դատապարտող Ազգային ժողովի հայտարարություն ընդունվեց: Թեև նրանք մեր նախաձեռնության տակ չէին ստորագրել, սակայն մասնակցեցին մեր հրավիրած արտահերթ նիստին, իսկ հիմա էլ դադարեցրել են բոյկոտը: Եթե նրանց չբավարարեր երեկվա արտահերթ նիստի արդյունքը, նրանք այսօր չէին դադարեցնի իրենց բոյկոտը»,- նշեց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ի ցանկությունն այն է եղել, որ խորհրդարանը բռնության վերջին դեպքերը դատապարտող հայտարարություն ընդունի: «Ոչ իշխանական մյուս ուժերի նպատակն էլ էր դա՝ Ազգային ժողովում քննարկել այդ դեպքերը և դատապարտող հայտարարություն ընդունել, սակայն նրանք իրենց պատրաստած հայտարարության տեքստում պահանջում էին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրաժարականը, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ նրանց հրավիրած արտահերթը չկայանա, քանի որ պարզից էլ պարզ էր, որ քաղաքական մեծամասնությունը չէր մասնակցելու այդ նիստին, որի ձևաթղթում նման ձևակերպպումներ կային: Մենք ոչ իշխանական մյուս ուժերի հետ այդ հարցը քննարկել էինք, առաջարկել էինք հանել այդ կետը, որպեսզի նիստը կայանա և մենք կարողանանք հասնել հայտարարության ընդունմանը, սակայն նրանք հրաժարվեցին: Մենք, թեև չստորագրեցինք նրանց պատրաստած հայտարարության տակ, միացել ենք նրանց նախաձեռնությանը, գնացել ենք նիստին մասնակցելու, որն այդպես էլ չկայացավ»,- նշեց պատգամավորը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք որոշել են վերջին շրջանի բռնությունները խորհրդարանում քննարկելու նախաձեռնությամբ հանդես գալ այն բանից հետո, որբ ՀՀԿ-ն փորձում էր ամեն ինչ տանել նրան, որ յուրաքանչյուր խմբակցություն այդ դեպքերի հետ կապված հայտարարություն տարածի և այդպիսով հարցը փակվի: «Ես այդ օրն ամբիոնից հայտարարեցի, որ ավելի նպատակահարմար կլինի, որ ոչ թե խմբակցություններն առանձին-առանձին հանդես գան հայտարարություններով, այլ Ազգային ժողովի անունից բռնությունները դատապարտող հայտարարություն հրապարակվի: Դրա համար մենք պատրաստեցինք վերջին բռնությունների դեպքերը դատապարտող հայտարարության նախագիծ, որում չպահանջեցինք հրաժարական, բանակցեցինք քաղաքական մեծամասնության հետ և կարողացանք հասնել նրան, որ արտահերթ նիստը կայացավ և հայտարարությունն էլ ընդունվեց և հրապարակվեց»,- ընդգծեց Ռուստամյանը:

Պատգամավորը երեկ կայացած արտահերթ նիստը կարևորեց նաև այնքանով, որ քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունները, և բոլոր պատգամավորները կարողացել են ամբիոնից հայտարարել այն, ինչ մտածում են:

armenpress.am

Տպել Տպել