Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստարկներ ամփոփող ուղեցույցը հանձնվել է ընթերցողի դատին

kiro manoyan kayq «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը հատել է եզրագիծը: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դեկտեմբերի 15-17-ն անցկացվող միջոցառումը կազմակերպել էր «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնը»` Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում մասնագետներն անդրադարձ են կատարել Արցախի շուրջ ծավալված իրադարձություններին, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ու արաբական աշխարհում համապատասխան զարգացումներին, Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության իրավական և քաղաքագիտական դիտանկյուններին:

Դեկտեմբերի 17-ին` գիտաժողովի փակման օրը, տեղի է ունեցել Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար, թուրքագետ Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գրքի շնորհանդեսը: Այն տպագրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ Նախագահ գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Գիրքն, ըստ էության, անդրադառնում է Հայոց ցեղասպանության խնդրին և ամփոփ ներկայացնում, թե ՀՀ-ն պաշտոնապես ինչ է պահանջում Թուրքիայից` որպես հատուցում:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը գիրքը համարել է կարևոր հրատարակություն: «Այն զինում է երիտասարդությանն այն կարևոր պատասխաններով ու մոտեցումներով, որոնք հաճախ թուրքական կողմը խեղաթյուրում է` իր տեսակետի մեջ ներկայացնելով»,- նշել է նա: Կիրո Մանոյանը հատկապես կարևորել է գրքի առաջաբանը, որտեղ ներկայացվում է, որ Թուրքիան որդեգրել է կասկած հարուցելու քաղաքականություն:

Մանոյանի ներկայացմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին միայն մեզ հաջողվեց ունենալ Հայոց ցեղասպանության հատուցում պահանջող համապարփակ թղթածրար, քանի որ նախկինում բազում նման փորձերը անհաջողության էին մատնվել:

Արտակ Շաքարյանը, ներկայացնելով «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գրքի օգտակարությունը, նշել է. «Թվում է, թե հայ հասարակությունը լիովին տեղեկացված է Հայոց ցեղասպանության մանրամասներին: Սակայն, իրականում Հայոց ցեղասպանության մասին մեր հասարակության անդամների զգալի մասի գիտելիքները ո′չ հիմնավոր են, ո′չ էլ, առավել ևս, փաստարկված: Մինչդեռ նշված հիմնախնդիրների վերաբերյալ թերի տեղեկացված հայ երիտասարդները, արտասահմանում զանազան առիթներով հանդիպելով թուրք և ադրբեջանցի՝ համապատասխան կառույցների կողմից նախօրոք պատրաստված անձանց, հաճախ դժվար իրավիճակներում են հայտնվում: «Ուղեցույց երիտասարդ դեսպանին» աշխատանքը ուղղված է լրացնելու այս բացը լրացնելուն»:

Գրքում ներկայացված նյութերի շրջանակներում ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության մասին թուրքական գրականությունն ու հակահայկական կայքերի քարոզչական բնույթը: Այս բնագավառի ճանաչված հայ մասնագետների հետ քննարկվել են թուրքական ժխտողական հիմնական թեզերը, համատեղ փորձ է արվել վերջիններին տալ հնարավորինս հիմնավոր, սեղմ և ընդգրկուն պատասխաններ: Գրքում, մասնավորապես, քննարկվում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայերի թիվը, հայերի ինքնապաշտպանությունները, բռնագաղթի՝ որպես բնաջինջ գործիքի օգտագործումը, ինչպես նաև օսմանյան դատարանի կողմից հայերի կոտորածների դատապարտումը:

Գիրքը նախատեսված է արտասահման մեկնող երիտասարդների համար, ովքեր այս կամ այն ձևաչափով քննարկելու են Հայոց ցեղասպանությունը կամ հանդիպումներ են ունենալու թուրք գործընկերների հետ:

armenpress.am

Տպել Տպել