Հայոց պետականության ձեւավորման ճանապարհին


Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է։ ԵՎ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պէտք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ` քաղաքական ցնցումների վայրկյաններում։ Նիկոլ ԴՈՒՄԱՆ

Հայոց պետականության ձևավորման գործընթացի ռազմա-քաղաքական ապահովմանն էր միտված 1905թ. փետրվարի 6-ից Բաքվում սկսված և ապա Անդրկովկասի այլ բնակավայրերում ծավալված հայ-թաթարական ընդհարումների ընթացքում արևելահայության ինքնապաշտպանության կազմակերպումը` ՀՅԴ-ի կողմից: Բացահայտելով ցարական օխրանայի սադրած արյունալի ընդհարումների թիկունքում թուրքական իշխանությունների համաթուրանական նպատակները, 1905թ. մարտի 5(17)-ին Սոֆիայի մերձակայքում` Վիտոշ լեռան լանջերին, ռումբի փորձարկման ժամանակ զոհված Քրիստափոր Միքայելյանին փոխարինած Ռոստոմի ղեկավարությամբ ՀՅԴ-ն զորաշարժի ենթարկեց իր արևելահայ ու արևմտահայ ուժերը, մեծաքանակ զենք ու զինամթերք տեղափոխեց Եվրոպայից: Անդրկովկասում ՀՅԴ-ի ղեկավարությամբ ստեղծվեց ինքնապաշտպանության կուռ համակարգ, որը սկիզբ առած հեղափոխության պայմաններում հայաբնակ շրջաններում դարձավ փաստացի իշխանություն:

ՀՅԴ հրամանատարներից Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) ստանձնեց Երևանի նահանգի, Սարգիս Մեհրաբյանը (Վարդան)` Ղարաբաղի, Արմեն Գարոն (Փաստրմաճյան) և Հարություն Կիրակոսյանը (Տուրբախ)` Թիֆլիսի հայության ինքնապաշտպանությունը ղեկավարելու գործը: Մարտի նետվեցին ՀՅԴ լավագույն ուժերը` Դրոյի (Երևանի նահանգ-Զանգեզուր), Սևքարեցի Սաքոյի (Ղազախ-Լոռի), Քեռիի (Արշակ Գավաֆ‎յան ) ու Սեբաստացի Մուրատի (Զանգեզուր-Հյուսիսային Նախջևան), Համազասպի (Սրվանձտյանց)-(Ղարաբաղ-Ասկերան) և ուրիշների ղեկավարությամբ: Արդեն 1905թ. երկրորդ կեսին` օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, բեկում արձանագրվեց հայ-թաթարական ընդհարումների հիմնական ռազմաբեմերում` Զանգեզուրում ու Ղարաբաղում: Այն ամրագրվեց թաթար ջարդարարների հիմնական որջը հանդիսացող Գանձակում 1905թ. վերջերին ու 1906թ. սկզբներին Ռոստոմի, Աբրահամ Գյուլխանդանյանի ու Համազասպի գլխավորած հայկական ինքնապաշտպանական ուժերի հաղթանակներով: Զուգահեռաբար ՀՅԴ-ն անխնա տեռորի ենթարկեց ցարական վարչակազմի այն ներկայացուցիչներին, ովքեր հրահրել էին թաթարական ավազակախմբերի հարձակումները և սկսած 1905թ. մայիսի 11-ին ՀՅԴ Բաքվի ԿԿ որոշմամբ Դրոյի կողմից գործադրված` նահանգապետ Նակաշիձեի ահաբեկումից, տասնյակներով պատժական որոշումներ գործադրեց ցարական պաշտոնյաների ու պրովոկատորների հանդեպ: Արդյունքում` ՀՅԴ գլխավորած Զինվորական խորհուրդներն ու Դատական մարմինները դարձան փաստացի իշխանություն` Անդրկովկասի հայաբնակ վայրերում, որոնց տարբեր հարցերով սկսեցին դիմել օտարազգիները և անգամ` պետական պաշտոնյաները: Ցարական իշխանությունների կողմից հրահրվող թաթար խաների ու բեկերի ՙԿովկասյան Վանդեայի» հանդեպ ՀՅԴ մարտական կազմակերպության հաղթանակները բարձր գնահատեց եվրոպական մամուլը` այն համարելով Ռուսաստանում ծավալվող հեղափոխության հաջողությունը: ՀՅԴ հեղինակությունը հասավ իր բարձրակետին և ձեռք բերված հաջողությունն ամրագրելու համար 1906թ. օգոստոսի 17-ին Էջմիածնում իր աշխատանքներն սկսեց Արևելահայերի (Ռուսահայոց) Կենտրոնական ժողովը, որի պատգամավորները հիմնականում դաշնակցականներ էին: Ժողովն անհրաժեշտ համարեց հեղափոխական պայքարի արդյունքում հետ խլված արևելահայ կրթական ու լուսավորական հիմնարկները հոգևոր իշխանությունից հանձնել նոր` աշխարհիկ իշխանությունների կառավարմանը: Արևելահայերի (Ռուսահայոց) Կենտրոնական ժողովը Սահմանադիր ժողովի վերածելու ՀՅԴ-ի փորձը առաջին գործնական քայլն էր Հայոց պետականության ձևավորման ճանապարհին, ինչն ընդհատվեց օգոստոսի 29-ին Էջմիածին ներխուժած ցարական ժանդարմների կողմից:

Տպել Տպել