Սա մեր ոճը չէ, սա անընդունելի ոճ է

արծվիկՎերջին օրերին «Բարգավաճ Հայաստանը»-ը ներկայացնող մի քանի պատգամավորներ կոնկրետ ԶԼՄ-ների միջոցով թիրախ են դարձրել դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանին: Բանը հասել է անձնական վիրավորանքներին:

Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին խնդրել է մեկնաբանել, թե ի՞նչ է կատարվում:

Ռուստամյանի մեկնաբանությունն՝ առանց խմբագրման՝ ստորեւ: «Մեզ համար անհասկանալի, անընդունելի, տգեղ երևույթ է: Հատկապես, երբ մի կուսակցության անդամներն են դրանով զբաղված, որի հետ մենք ունեցել ենք փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված գործակցություն: Կարծում եմ` դեռ ունենալու ենք: Արծվիկ Մինասյանը հերթական հարցազրույցում դիտարկումներ ու գնահատականեր է հնչեցրել, որոնք մեր դիրքորոշումներն են` բազմիցս արտահայտված: Թե ինչո՞ւ են այդ տեսակետները իրենց վրա առել ու անձնական վիրավորանքներով հարձակման անցել, առնվազն զարմանալի է: Մանավանդ` ակնհայտ է հարձակման համակարգված բնույթը: Ի՞նչ է` մեր երկրում ուժեր ու անհատներ կան, որոնք անսխալակա՞ն են, որոնց չի կարելի նույնիսկ անուղղակի քննադատե՞լ: Այդպես մտածողները սխալվում են հիմնովին: Մեզ համար բանավեճի այդ ցածր մակարդակն անընդունելի է: Բայց ամեն բան սահման ունի: Հիշեցնում եմ` Արծվիկ Մինասյանը մեր խմբակցության, մեր Գերագույն մարմնի անդամ է և արտահայտում է Դաշնակցության տեսակետները: Նրան վիրավորողները անպատասխան չեն մնա: Այդուամենայնիվ, մենք մեր ընկերոջը հորդորել ենք այլևս չարձագանքել, չպատասխանել ցեխարձակումներին: Սա մեր ոճը չէ: Մենք նաև ակնկալում ենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ում կանդրադառնան իրենց պատգամավորների վարքագծին և հետևություններ կանեն: Մանավանդ` թեման տաքացնողներ, վիճակից օգտվել ցանկացողներ միշտ կգտնվեն: Մենք համբերատար սպասելու ենք «Բարգավաճ»-ի արձագանքին»:

yerkir.am

Տպել Տպել