Արատավոր միտումներ Ցեղասպանության հարցում. ո՞րն է արդարադատության դերը

asparezՈրոշակի կրճատումներով մեջբերում` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հոդվածից, որը տպագրվել է «Asbarez» թերթում:

Հատկապես արատավոր է այն, որ մարդիկ քարոզում են, թե հայերը պետք է աշխատեն միայն Թուրքիայից եկող փոփոխությունների վրա:

Մենք մի ժամանակ ունեինք նման հնարավորություն եւ, չնայած լուրջ խնդիրներին եւ անգամ մեծ ռիսկերին, մենք տղամարդավայել եւ կարեւոր դեր խաղացինք բարեփոխումներում՝ մինչեւ 1915թ., երբ Թուրքիան սպանեց եւ արտաքսեց մեզ՝ փաստացի զրկելով որպես այդ երկրի քաղաքացի առաջընթացի հասնելու հնարավորությունից: Շատ դաժան եւ միեւնույն ժամանակ հաշվենկատ է ոճրագործության զոհերին քննադատել, թե ունակ չեն եղել ռեաբիլիտացնել իրենց վրա հարձակվողներին:

Եթե հաշվի առնենք թուրքական պետության եւ Ցեղասպանությունից հետո Թուրքիայի ողջ մնացած հայ քաղաքացիների միջեւ ուժերի հսկայական անհամաչափությունը կամ էլ Թուրքիայի եւ դեպի ծով ելք չունեցող, մասնատված եւ շրջափակման ենթարկված Հայաստանի միջեւ անհամաչափությունը, ապա այն պնդումը, թե Հայոց ցեղասպանությունը պետք է թուրքերի եւ հայերի միջեւ կարգավորվելիք հարց լինի, խիստ միջոց է ասելու՝ «Թուրքիային մենակ թողեք, որպեսզի նա ամրացնի իր հանցագործության պտուղները»:

Նման մոտեցումն, իհարկե, հակասում է արդարադատության հիմնական հայեցակարգերին, որոնք կան աշխարհի գրեթե բոլոր մշակույթներում: Ցեղասպանությունը կարող է լինել բոլոր հանցագործություններից վատթարագույնը՝ ունենալով աշխարհաքաղաքական լուրջ հետեւանքներ, սակայն այն հանցագործություն է մնում: Եվ հանցագործության պատասխանն արդարադատությունն է: Արդարադատություն, որը պատժում է հանցագործին, հանգստացնում զոհին եւ կանխարգելում ապագա հանցագործությունը:

Ի պատիվ մեզ՝ տասնամյակների ընթացքում արդարության հասնելուն ուղղված սփյուռքի գործունեությունը, որն իրականացվում է ողջ աշխարհի երկրներում՝ մեր գրեթե ամբողջական բնաջնջումից հետո, սկսել է քանդել Թուրքիայում ժխտման պատերը եւ փոքր, սակայն աճող շարժում առաջացնել երկրի ներսում՝ Հայոց ցեղասպանության ճշմարտացի եւ արդարացի լուծման համար: «Արթնացնելով գարունը»՝ մենք այժմ էլ ավելի վճռական ենք պայքարում երկու միմյանց փոխլրացնող ճակատում. Թուրքիայում եւ աշխարհի մնացած ծագերում:

news.am

Տպել Տպել