ՀՅԴ-Ն երկու անբարենպաստ ընտրության առաջ


Առաջին աշխարհամարտի նախօրեին ՀՅԴ-ն Կարինում (Էրզրում) կայացած իր 7-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ Արեւմտյան Հայաստանը վերածեց առանձին կազմակերպական միավորի` Հայաստանի Բյուրոյի գլխավորությամբ, որի ենթակայության տակ էին դրվելու հայաբնակ վեց վիլայեթներում եւ Տրապիզոնի նահանգում առկա կառույցները: Հայաստանի Բյուրոյի նստավայրը Կարինն էր 1908թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման նախօրեին` 1907թ. դեկտեմբերին, ՀՅԴ-ն ակտիվորեն մասնակեց Օսմանյան կայսրության ընդդիմադիր ուժերի երկրորդ համաժողովին եւ սուլթանական բռնակալության դեմ պայքարելու համար մարտավարական դաշինք կնքեց երիտթուրքերի «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության (Իթթիհատի) հետ: Սահմանդրության վերականգնումից հետո կուսակցությունը պահպանեց այդ դաշինքը, քանզի կանգնել էր երկու անբարենպաստ ընտրության առջեւ` համագործակցություն Իթթիհատի կամ իսլամիստ ծայրահեղականներից բաղկացած ընդդիմության հետ: ՀՅԴ-ն նախատեսվածից մի փոքր ավելի երկար պահեց այն հույսը, թե իր հետ համագործակցության պատճառով Իթթիհատը կաջակցի հայ ժողովրդի ազգային իրավունքների պաշտպանությանը: Սակայն, դրան զուգահեռ` 1909թ. Վառնայում եւ 1911թ. Կ.Պոլսում կայացած իր 5-րդ եւ 6-րդ ընդհանուր ժողովների որոշումներով «Իթթիհատի դաշնակից» ՀՅԴ-ն սկսեց արեւմտահայությանը ինքնապաշտպանության նախապատրաստելու գործը` ձեւավորելով Ինքնապաշտպանության մարմին: 1912-ին խզելով համագործակցությունը Իթթիհատի հետ, ՀՅԴ-ն Արեւմտյան Հայաստանում մեծ տերությունների կողմից ծրագրվող բարենորոգումների խնդրին իր աջակցությունը զուգորդեց արեւմտահայությանն ինքնապաշտպանության նախապատրաստելու քաղաքականության հետ:

Մինչ Օսմանյան կայսրության տարածքում գործող ՀՅԴ կազմակերպությունը փորձում էր իր գործունեությունը համապատասխանեցնել 1908թ. հուլիսյան հեղաշրջման հետեւանքով երկրում ստեղվված նոր կացությանը` 1908թ. վերջերից ու մանավանդ` 1909 թվականին Ռուսաստանում սկիզբ առան դաշնակցականների զանգվածային ձերբակալություններն ու հալածանքները: Ցարական հետադիմությունը հատուկ կարեւորության գործերով դատական քննիչ Ն.Լիժինի գլխավորությամբ փորձում էր հաշվեհարդար տեսնել 1905-1907թթ. հեղափոխության արդյունքում հզորացած կուսակցության հանդեպ` օգտագործելով իր կողմից վարձված շուրջ 283 վկաներին, որոնց ցուցակը գլխավորում էր ցարական Օխրանայի գործիքը դարձած խմբապետ Միհրանը(Քեշիշյան): Սկիզբ առած հետաքննությունը եւ դրան հետեւած` ՀՅԴ Մեծ կամ` Լիժինյան դատավարությունը Կառավարող Սենատի Հատուկ Ներկայացուցչությամբ 1912թ. հունվարի 17-մարտի 20-ին վճիռ կայացրեց 146 հոգու վերաբերյալ, որոնցից 94-ը ազատվեցին` համարվելով արդարացված, իսկ մյուսները դատապարտվեցին տաժանակիր աշխատանքի կամ` կարճաժամկետ բանտարկության: ՀՅԴ Մեծ դատավարությունը սկսվելով որպես մեկ առանձին կուսակցության դեմ ուղղված ծավալուն դատական գործ, հակառակ նրա կազմակերպիչների մտահղացման, շուտով վերածվեց հայ մտավորականության ընտրանու եւ ընդհանրապես` ողջ հայ ժողովրդի դեմ ուղղված դատական հաշվերարդարի, որը 1912-ին` Հայկական հարցի վերաբացման ու Առաջին աշխարհամատի նախապատրաստությունների պայմաններում դարձավ ծանր բեռ` հենց ցարական իշխանությունների համար, ուստի նրանք հարկադրված էին մեղմել ՀՅԴ բազմաթիվ գործիչների պատժաչափերը: Հակառակ դրան` իր արժանի պատիժը կրեց Օխրանայի պաշտպանության տակ գտնվող Միհրան Քեշիշյանը` ահաբեկման ենթարկվելով ՀՅԴ լավագույն մարտիկներից մեկի` Դալի Ղազարի ձեռքով:

Առաջին աշխարհամարտի նախօրեին ՀՅԴ-ն Կարինում (Էրզրում) կայացած իր 7-րդ ընդհանուր ժողովի որոշմամբ Արեւմտյան Հայաստանը վերածեց առանձին կազմակերպական միավորի` Հայաստանի Բյուրոյի գլխավորությամբ, որի ենթակայության տակ էին դրվելու հայաբնակ վեց վիլայեթներում եւ Տրապիզոնի նահանգում առկա կառույցները: Հայաստանի Բյուրոյի նստավայրը Կարինն էր: Արդյունքում` 1898-ից գործող երկու Բյուրոների համակարգը սկսեց համապատասխանեցվել հայկական բարենորոգումների գործընթացից ու Առաջին աշխարհամարտի նախապատրաստություններից բխող նոր մարտահրավերներին: ՀՅԴ-ն դարձավ Հայաստանակենտրոն, իսկ Արեւելյան Բյուրոյի ենթակայության տակ մնացին միայն Ռուսաստանի ու Իրանի կառույցները: Նույն շրջանում Էրզրումում հաստատված Ռոստոմի անմիջական ղեկավարությամբ եւ Արամ Մանուկյանի եւ Իշխանի (Վան), Դրոյի (Բայազետ), Ռուբենի եւ Կարո Սասունու (Մուշ-Տարոն), Փիլոս Սարգսյանի (Փիլոս Մարալ) (Էրզրում) ջանքերով արտակարգ միջոցառումներ ձեռնարկվեցին մոտեցող պատերազմի պայմաններում արեւմտահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար:

1914թ. մարտին Բեռլինում գումարված ՀՅԴ Խորհուրդը որոշեց վերականգնել դրամական միջոցների պարտադիր հանգանակությունը եւ թույլատրեց անգամ տեռորի գործադրումը` թշնամիներին պատժելու եւ դրամական միջոցների հանգանակության նպատակով:
Իսկ 1914թ. հուլիսին կայացած ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովի որոշումներով վերացվեց Արեւմտյան Բյուրոն, Կ.Պոլիսը եւ արեւմտյան երկրների դաշնակցական կառույցները դրվեցին Կարինում հաստատված Հայաստանի Բյուրոյի ենթակայության տակ: Արտակարգ իրավիճակում Հայաստանի Բյուրոն Արեւմտյան Հայաստանի վերաբերյալ կարող էր ընդունել ցանկացած որոշում եւ նույնիսկ` բեկանել Ընդհանուր ժողովի որոշումները: Հավանական պատերազմի հանդեպ ՀՅԴ դիրքորոշման մասին 8-րդ Ընդհանուր ժողովի որոշումը հիմնված էր չեզոքության սկզբունքի վրա` յուրաքանչյուր երկրի հայ քաղաքացին պետք է կատարի իր պարտքը տվյալ երկրի հանդեպ: Այդ մասին հանգամանորեն տեղեկացված էին նաեւ ժողովից հետո ՀՅԴ-ի հետ բանակցելու համար Էրզրում ժամանած Իթթիհատի գործիչները:

Պատմական անհերքելի փաստերը վկայում են, որ ընդհուպ մինչեւ 1915թ. ապրիլին սկսված Մեծ եղեռնը, ի դեմս 7-րդ եւ 8-րդ Ընդհանուր ժողովների որոշումներով ՀՅԴ Արեւմտյան Հայաստանի ու արեւմտահայ հատվածի անունից հանդես գալու լիազորություն ունեցող միակ մարմնի` Հայաստանի Բյուրոյի ու նրա ներկայացուցիչներ Ռոստոմի եւ ապա` Փիլոս Սարգսյանի, ինչպես նաեւ Վան-Վասպուրականի, Տարոնի, Բարձր Հայքի կենտրոնական կոմիտեությունների ղեկավարների (Արամ Մանուկյան, Իշխան, Վռամյան, Ռուբեն եւ այլք) ՀՅԴ-ն խստորեն պահպանել է չեզոքության սկզբունքը:

Հետագայում ՀՅԴ-ի դեմ զանազան մեղադրանքների «հիմք» դարձած` Կովկասում սկսված կամավորական շարժմանն աջակցելու մասին` Արեւելյան Բյուրոյի եւ Կովկասի շրջանային ժողովի (1914թ. սեպտեմբերի 21-23) որոշումները որեւէ կերպ չէին հակասում ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովի որդեգրած եւ երիտթուրք պարագլուխներին քաջ հայտնի` չեզոքության սկզբունքին, քանի որ վերջիններն ընդունվել էին Ռուսաստանի քաղաքացի դաշնակցականների կողմից: Ավելին` 8-րդ Ընդհանուր ժողովի որոշմամբ Արեւմտյան Հայաստանում ՀՅԴ-ն ներկայացնելու իրավասությամբ օժտված Հայաստանի Բյուրոյի վերջին ներկայացուցիչը` Փիլոս Սարգսյանը, ընդհուպ մինչեւ Մեծ եղեռնը մնացել է Էրզրումում` վտանգված ժողովրդի մեջ, ճշտապահությամբ կատարել 8-րդ Ընդհանուր ժողովի որոշմամբ նախատեսվող իր բանակային ծառայությունը եւ Հայոց ցեղասպանությունը սկսվելու հենց առաջին օրերին սպանվել է թուրքական իշխանությունների կողմից: Նույն կերպ են վարվել նաեւ ՀՅԴ Վան-Վասպուրականի ու Տարոնի գործիչները (Վռամյան, Իշխան եւ ուրիշներ)` դառնալով Մեծ եղեռնի առաջին զոհերը:
1914-ին բռնկված Առաջին աշխարհամարրտը Երիտթուրքերի համար լավ հնարավորություն էր իրագործելու դեռեւս իրենց 1910-1911թթ. Սալոնիկի համաժողովներում ծրագրված մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունը` Մեծ եղեռնը: Վասպուրականում, Սասունում, Շապին Գարահիսարում, Ուրֆայում ՀՅԴ գլխավորությամբ տեղի ունեցած ինքնապաշտպանական մարտերում զոհվեցին կուսակցության բազմաթիվ ղեկավարներ ու շարքային անդամներ:

1914-ի վերջերից ՀՅԴ Ռուսաստանի հատվածը գործուն մասնակցություն ունեցավ Կովկասում ինքնաբուխ կերպով սկսված կամավորական շարժմանը` Կամավորական գնդերի կարգադրիչ մարմնի միջոցով: Կամավորական գնդերի (խմբերի) գլուխ անցան Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին, Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Հովսեփ Արղությանը (Խանասորի Իշխան) եւ ուրիշներ: 1915-ի ապրիլ-մայիսին Արամ Մանուկյանը ղեկավարեց Վանի ինքնապաշտպանությունը, որին օգնության հասնելու գործում վճռորոշ դեր խաղացին Ռոստոմի հրահանգով եւ Դրոյի անմիջական ղեկավարությամբ Վանի ուղղությամբ սրընթաց առաջխաղացում իրականացրած Դաշնակցական Խեչոյի եւ Դալի Ղազարի հեծյալ-կամավորականները: Կարճ ժամանակով Վանի նահանգապետը դարձած Արամ Մանուկյանը Վասպուրականում առաջին քայլերը ձեռնարկեց Հայոց պետականության հիմքերի ձեւավորման համար, սակայն 1915թ. հուլիսի կեսերին ցարական բանակի` ռազմական անհրաժեշտությամբ չթելադրված, հանկարծակի նահանջը հայ կամավորական գնդերին ստիպեց կազմակերպել վասպուրականցիների գաղթը դեպի Արեւելյան Հայաստան ու Ատրպատական: Ստեղծված քաոսային իրավիճակում նրանց մեծամասնության անվտանգ նահանջը հնարավոր դարձավ միայն Աբաղայի շրջանում Դրոյի առաջնորդությամբ 2-րդ կամավորական գնդի եւ Վասպուրականի մարտիկների մղած հերոսական կռիվների շնորհիվ:

Ռուսական բանակի հուլիսյան նահանջը շուրջ մեկ տարով հետաձգեց Տարոնին օգնության հասնելու գործը, ինչն անսուսափելի դարձրեց ՀՅԴ կազմակերպած Մուշ-Սասունի ինքնապաշտպանության պարտությունը:
Թեեւ 1916-ին հայ կամավորական ուժերը ներառվեցին կովկասյան բանակի կանոնավոր ստորաբաժանումների կազմում, սակայն, կարճ ժամանակամիջոցում նրանց հաջաղվեց փրկել հարյուր հազարավոր հայ գաղթականների: Միաժամանակ` 1915-1917թթ. ՀՅԴ-ն Կովկասում գործող հայ բարեգործական կազմակերպությունների նյութական աջակցությամբ սկսեց Արեւմտյան Հայաստանի վերաշինությունը թուրքական բանակից ազատագրված տարածքներ արեւմտահայության վերադարձի եւ տնտեսական կյանքի վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումներով, որոնց իրականացման գործում կարեւոր դեր խաղացին Ռոստոմը (Կարինում), Համո Օհանջանյանը (Վանում), Սեբաստացի Մուրատն ու Սեպուհը` Երզնկայում ու Բաբերդում, Կարո Սասունին (Տարոնում), Մուշեղ Թումանյանը (Ալաշկերտում):

Տպել Տպել