Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայերը


1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո` 1917թ. ապրիլին Թիֆ‎լիսում կայացած ՀՅԴ Կովկասի մարմինների առաջին լեգալ ռայոնական ժողովի եւ մայիսին` Երեւանում կայացած ՀՅԴ արեւմտյան հատվածի ռայոնական ժողովի որոշումներով կուսակցությունը ողջունեց Ռուսաստանում ժողովրդավարական կարգերի հաստատման փաստը, սակայն, միաժամանակ անհանգստություն հայտնեց պատերազմի մեջ գտնվող երկրի թուլացման հեռանկարներից, քանի որ Ռոստոմի բնորոշմամբ` ՀՅԴ-ն «…իր վրայ ունի այնպիսի պարտականութիւններ, որոնցից ազատ են ուրիշ կուսակցութիւնները:Մենք ունենք ազգովին վտանգուելու հոգսը…»: Այդ վտանգը կանխելու համար ՀՅԴ-ն Պետրոգրադ ուղարկեց իր ներկայացուցիչներ Լիպարիտ Նազարյանին եւ բժիշկ Հակոբ Զավրյանին (Զավրիեվ), որոնք սերտ կապերի մեջ էին Ժամանակավոր կառավարության ականավոր դեմքերի` Ա.Կերենսկու, Պ.Միլյուկովի եւ այլոց հետ:Շուտով նրանց միացավ նաեւ Ռոստոմը` Ժամանակավոր կառավարությունից պահանջելով հայկական ազգային կանոնավոր զորամիավորումների ձեւավորումը:Այլ ազգությունների, մասնավորապես ուկրաինացիների, նույնիմաստ ցանկության առկայության պատճառով ամիսներ շարունակ ձգձգված` ՀՅԴ համառ պահանջը իրականություն դարձավ հայկական գումարտակները` գնդերի վերածելու, եւ ապա` Ռուսաստանի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի 1917թ. հոկտեմբերի 23-ի հրամանով` հայկական երկու հրաձգային բրիգադների ստեղծման միջոցով, որոնք դարձան Հայկական կորպուսի հիմքը:Կարեւոր ձեռքբերում էր նաեւ Արեւմտյան Հայաստանի վարչությունը անմիջականորեն արտգործնախարարությանը ենթարկեցնելու եւ դաշնակցական Հ.Զավրիեվին նրա քաղաքացիական մասի կառավարիչ նշանակելու` Ժամանակավոր կառավարության որոշումը:Իսկ Անդրկովկասում 1917-ին կայացած Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում ՀՅԴ-ի առաջադրած թիվ 4 ցուցակը անվերապահ հաղթանակ արձանագրեց հայերով բնակեցված գավառներում ու նահանգներում:

Փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո կանխազգալով Ռուսաստանի որպես պետության փլուզման վտանգը, ՀՅԴ քայլեր ձեռնարկեց նաեւ վտանգված ազգի քաղաքական ղեկավարության ձեւավորման համար:1917թ. ապրիլի 13-14-ին Թի‎ֆլիսում հրավիրվեց հատուկ խորհրդակցություն համազգային կամ` համահայկական մարմին ձեւավորելու նպատակով, որը ընտրվելու էր Երեւանում նախատեսված Ազգային համագումարի կողմից:Սակայն` 1917-ի աշնանը փոխվեց այդ նախնական մտադրությունը եւ մինչեւ Ազգային համագումարը Թի‎ֆլիսում հրավիրեց Համախորհրդակցություն:Սեպտեմբերի 27-ին նշանակված, սակայն իրականում սեպտեմբերի 29-ից իր աշխատանքները սկսած Հայոց ազգային համախորհրդակցության համար Ռուսաստանի ողջ հայությունից ընտրված 185 պատգամավորների մոտ կեսը (91) դաշնակցականներ էին, մնացածը‎` ազգային (ՍԴ Հնչակյան, Հայ ժողովրդական) եւ սոցիալիստական (սպեցի‎ֆիկներ, հայ մենշեւիկներ ու էսեռներ) կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ ու մտավորականներ: Համախորհրդակցության հրավիրումով եւ Հայոց (արեւելահայոց) Ազգային կենտրոնական (Թիֆ‎լիսի) խորհրդի ձեւավորումով լուրջ քայլ ձեռնարկվեց Հայոց անկախ պետականության ստեղծման ուղղությամբ, որի աշխարհագրական սահմանների հստակեցումն ընթանում էր1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո երկրամասում սկիզբ առած` ազգային-տարածքային սահմանազատման պայմաններում:

Այս գործընթացի հանդեպ ՀՅԴ դիրքորոշումները հիմնվում էին Ավ. Շահխաթունու առաջադրած գիտական փաստարկների վրա, որոնց մեկնակետը Ռուսաստանում պաշտոնապես ամրագրված ՙԱնդրկովկաս՚ հասկացությունից «Անդրկովկասյան» կամ` ՙ«Կովկասյան» Հայաստանի տարանջատումն էր աշխարհագրական առումով` Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան հատվածի, քաղաքական առումով` Արեւելյան Հայաստանի, ժողովրդագրական առումով` հայաբնակ գավառների:Արդեն 1917-ի քաոսային աշնանը ՀՅԴ ջանքերի շնորհիվ այդ տարածքներում ձեւավորված զեմստվոների հիման վրա փաստացի կերպով գոյություն ուներ Ինքնավար Հայաստան իր երեք` Ալեքսանդրապոլի, Գանձակի ու Երեւանի նահանգներով, որոնք ընդգրկում էին նաեւ Կարսի մարզի, Ջավախքի, Հյուսիսային Լոռու (մինչեւ Խրամ գետը), Գանձակ քաղաքի հայկական հատվածի` Քուռ գետով տարանջատվող Լեռնային Գարդմանի, Ղարաբաղի լեռնային մասի ու Զանգեզուր-Նախիջեւանի տարածքները:1917-ին այս տարածքների հանդեպ հայության իրավունքներն ընդունվում էին Ռուսաստանի օրինական, ժողովրդավարական իշխանության` Ժամանակավոր կառավարության կողմից եւ այն 1918-ին իր հարեւանների միջեւ բաժան-բաժան արվեց միայն արտաքին ագրեսիայի` թուրքական արշավանքի հետեւանքով:

1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջումը, որը հանգեցրեց Ռուսաստանի որպես պետության ժամանակավոր փլուզմանը, ՀՅԴ-ին կանգնեցրեց ոչ միայն ռուսական բանակի հեռանալու հետեւանքով անպաշտպան մնացած արեւմտահայության բեկորներին փրկելու, այլեւ թուրքական ագրեսիայից Արեւելյան Հայաստանը պաշտպանելու` թվում էր թե անլուծաելի խնդիրների առաջ:Ստեղծված պայմաններում, երբ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը կանգնեց մի ողջ կայսրության դեմ հանդիման, տարածաշրջանում իրենց շահերն ունեցող երկրներից ոչ մեկը շահագրգռված չէր նրա բեկորների փրկության գործում:1917 թվականի քաոսային աշնանը ստեղծված այդ 100 տոկոսանոց պարտված դիրքը մինչեւ առաջին աշխարհամարտի ավարտը անխուսափելի էր դարձնում ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան Հայաստանի կործանումը:Ուստի` այդ անելանելի իրավիճակից դուրս գալու եւ ճակատագրի հանդեպ հաղթանակ տանելով` հայոց անկախ պետականությունը վերականգնելու փաստը դարձավ ՀՅԴ մեծագույն ծառայությունը հայ ժողովրդի առաջ:Այս առաքելության իրականացումը գլխավորեցին Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը` Արամ Մանուկյանը Երեւանում եւ Ռոստոմը` Պետրոգրադում եւ ապա` Բաքվում ծավալած իրենց գործունեությամբ:
1917թ. դեկտեմբերի վերջերին Թիֆլիսից ժամանելով Երեւան եւ տեղի Ազգային խորհրդի հիմքի վրա ձեւավորելով 3 հոգուց բաղկացած Հատուկ կոմիտեն, իսկ շուտով նաեւ փաստացի կերպով ստանձնելով դիկտատորի լիազորություններ, Արամ Մանուկյանը առաջադրեց անելանելի կացությունից փրկության ելք գտնելու միակ հնարավոր բանաձեւը. «Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա°յն մեր ուժերին` թէ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:
Նույն օրերին Պետրոգրադում խորհրդային իշխանության հետ վարած բանակցություններից հետո, որոնց գլխավոր նպատակը Արեւմտյան ու Հարավ-Արեւմտյան ճակատներից հեռացող հայ զինվորականության տեղափոխումն էր Կովկաս` կործանվող հայրենիքի փրկության համար, 1918թ. մարտի սկզբներին երկաթուղով Բաքու հասավ Ռոստոմը եւ սկսեց նախապատրաստել Երեւանին օգնության հասնելու համար անհրաժեշտ` հայկական երկրորդ ճակատի ձեւավորումը:
1918թ. փետրվարի 10-ից հարձակման անցած եւ իրար հետեւից Երզնկան, Էրզրումն ու Կարսը գրաված Օսմանյան կայսրության` ռազմական բոլոր չափորոշիչներով հայկական ուժերին գերազանցող բանակի` Երզնկայից մինչեւ Երեւան ու Բաքու առաջխաղացումը դանդաղեցնելու եւ ապա` կասեցնելու համար, ժամանակին ՀՅԴ իրականացրած «թիկունքային» քաղաքականությունը` Թի‎‎ֆ‎լիսի (Կենտրոնական), Երեւանի ու Բաքվի Ազգային խորհուրդների «հակասական» թվացող արեւելումների ու դրանցից բխող` դերաբաշխումների միջոցով, ստեղծված վիճակից դուրս գալու միակ ելքն էր:

Վճռական էր Արամ Մանուկյանի եւ նրա գլխավորությամբ Երեւանում ձեւավորված կառույցների դերը 1918-ի հերոսամարտերի առաջին` Մայիսյան հանգրվանում արձանագրված հոգեբանական բեկումը նախապատրաստելու գործում:Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ-Ապարանի գոյամարտերը ոչ թե հուսահատության հասած հայության «ինքնաբուխ պոռթկման», կամ` «համաժողովրդական պայքարի» արտահայտություն էին, այլ տվյալ դարաշրջանի ազգային ընտրանու` Հայկական կորպուսի միջին ու ստորին օղակների սպայության (Պողոս Բեկ-Փիրումյան, Գուրգեն Տեր-Մովսիսյան, գնդապետներ Սիլիկյան, Ղորղանյան եւ Սամարցյան) ու ՀՅԴ մարտական թեւի լավագույն ներկայացուցիչների (Դրաստամատ Կանայան, Գարեգին Նժդեհ, Նանումյան- Զեմլյակ) կողմից գիտակցված ինքնազոհության գնալոով` ժողովրդին արթնացնելու եւ հերոսացումի առաջնորդելու հետեւանքը:Գաղափարական փոքրամասնության` վճռական մենակի հոգեբանությունն ու գործելակերպը ՀՅԴ գաղափարներով առաջնորդվելու արդյունք էր:

Նույն ելակետով առաջնորդվող Բաքվի հերոսամարտի կազմակերպիչները մարտի 18-22-ի խորհրդային իշխանության դեմ Մուսավաթի կազմակերպած խռովության ճնշման եւ ապա` Բաքվի հայկական զինուժի հարձակողական ու պաշտպանական մարտերի միջոցով մինչեւ 1918թ. սեպտեմբերի կեսերը կաշկանդեցին թուրքական բանակին եւ ընդհուպ մինչեւ 1918թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարը թույլ չտվեցին նրա կենտրոնացումը Երեւանի դեմ:Այդ անօրինակ հերոսամարտի ոգին ՀՅԴ առաջնորդ Ռոստոմն էր, իսկ նրա կազմակերպիչը` տեղի Ազգային խորհուրդը գլխավորող ՀՅԴ Բաքվի կենտրոնական կոմիտեն, եւ նրա շուրջը համախմբված սպաներն ու մարտիկները (Աբրահամ Գյուլխանդանյան, գեներալ Բագրատունի, գնդապետ Ավետիսյան, փոխգնդապետ Խոջաէյնաթյան, Սեբաստացի Մուրատ, Գերասիմ Բալայան եւ ուրիշներ):

1918թ. մայիս 28ին հռչակված Հայաստանի Հանրապետության գոյության ողջ ժամանակամիջոցում ՀՅԴ-ն գործեց որպես իշխող կուսակցություն:

Տպել Տպել