Հանուն երկրի անվտանգության պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ

FotorCreated Շաբաթ ուշ երեկոյան ավարտվեց ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։ Իր աշխատանքների ավարտին ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը ընտրել է նոր Բյուրո:Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հրանտ Մարգարյանը, իսկ քաղաքական ներկայացուցիչ՝ Արմեն Ռուստամյանը:

Այսօր Երկրի հարցը ծրագրի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

– Նախ թույլ տվեք շնորհավորել, միանում եմ բոլոր շնորհավորանքներին, որ այս օրերին հնչում են Հայաստանից եւ Սփյուռքից: Պարոն Մարգարյան պաշտոնական հաղորդագրությունները կարծես ամեն ինչ ասում են, բայց իրականում շատ քիչ բան են ասում: Նախ ուզում եմ անդրադառնաք մինչեւ ժողովը ստեղծված իրավիճակին: Այն տպավորությունն ունեմ, որ ձեր ժողովներից առաջ ինչ-որ խորհրդավորություն է տիրում, տարբեր խոսակցություններ, իրական եւ կամ ոչ իրական ասեկոսեներ, չգիտեն որտեղ են անելու ժողովը, ի՞նչ է կատարվում՝ արդյո՞ք կան պառակտություններ, արդյո՞ք դժգոհություններ կան դրսից, ներսից: Դուք, ժողովի մասնակիցներդ, ընդհանրապես կուսակցությունը, ինչպես եք վերաբերվում այս կարգի խոսակցություններին:

-Մեր կուսակցությունը ժողովներին լուրջ է վերաբերվում, դրանք լուրջ, իրական ժողովներ են եւ ոչ ցուցադրական շոուներ: Դա ժողով է, որտեղ քննարկումներ են տեղի ունենում եւ որոշումներ կայացվում: Բնականաբար ժողովի նախօրյակին ստեղծվում է մի քիչ ավելի մեծ լարվածություն, ստեղծվում մի քիչ ավելի մեծ ազատություն, ստեղծվում տարաձայնությունների մի քիչ ավելի թեժ մթնոլորտ, որովհետեւ ժողովի ենք պատրաստվում, հետեւաբար այդ վիճակը՝ կարծիքների տարբերությունը, բախումը բնական է:
Այս անգամ արտառոցն այն էր, որ դրանք ունեցան որոշ չափով հրապարակային բնույթ: Անշուշտ հավատացած եմ, եւ ասածիս մեջ ձեւական մաս գոյություն չունի, դաշնակցական դաստիարակություն ստացած մարդը, անկարելի է, որ ներկուսակցական խոհանոցը հրապարակայնացնի: Անշուշտ կարելի է որ ռազմավարության, քաղաքական հարցերի շուրջ հրապարակային ելույթներ լինեն, հրապարակային հոդվածագրություն լինի, լինի քննարկում, բայց այսպես ասած նեղ խոհանոցային հարցերը դժվար թե որեւէ դաշնակցական հրապարակայնացնի: Այս առումով կար մի քիչ արտառոց վիճակ, քան նախորդ Ընդհանուր ժողովներին: Բայց ես հավատացած եմ, որ դա երրորդ ուժի գործ էր, դա դաշնակցականի գործ չէր: Ես հավատացած եմ, մեր մեջ կարող են տարաձայնություններ լինել՝ կարծիքների տարբերություն, բայց այդ տարբերությունները դաշնակցականների միջեւ են, երկու կողմն էլ դաշնակցական է:

Մեկը փորձեց ջուր պղտորել, մեկը փորձեց տրամադրություն փչացնել, մեկը փորձեց մթնոլորտ ստեղծել, հավանաբար, չճանաչելով մեզ՝ դաշնակցականներիս, որ մենք կարող ենք այո, վիճել, բանավիճել, կարող ենք իրար բախվել, բայց վերջում կառնենք որոշում եւ որոշումը բոլորիս համար պարտադիր կլինի:

– Այս անգամ, Դուք էլ նշեցիք խոսքի մեջ, այդ տարաձայնությունները մի փոքր ավելի սրված էին, սրված մրցակցություն էր թե Բյուրոյի անդամների եւ թե ներկայացուցչի ընտրության հարցում:

-Չէի ասի, համենայն դեպս, արդյունքները շատ ավելի հեշտ են ձեռք բերվել, քան սպասվում էր՝ ելնելով այդ մթնոլորտից: Իրականում երկու երրորդով եւ ավելիով ընտրություն է տեղի ունեցել, գրեթե միակամություն է եղել արդյունքների առումով: Համենայնդեպս ժողովի պարագայում չի կարելի ասել, որ որեւէ մեկը հաղթել է, որովհետեւ նախ՝ ընկերը ընկերոջը ոչ հաղթում է, ոչ էի ընկերը ընկերոջից՝ պարտվում: Ընկերները կարող են վիճել, վիճաբանել, հասնել պարզաբանումների, հստակեցումների, գան եզրակացության եւ երկուսն էլ հաղթած են:

-Հիմա չասե՞նք , որ Դուք հաղթել եք ընտրություններում որպես Բյուրոյի ներկայացուցիչ:

-Որեւէ անձ չկա որ հաղթել է, եթե կա հաղթող ապա դա Դաշնակցությունն է: Ընկերների նկատմամբ հաղթանակ տանելը շատ արտառոց է Դաշնակցություն հասկացության համար: Այո մենք քննարկում ենք կատարել, եղել է կարծքիների տարբերություն, կատարվել է իրական քննարկում, բայց հասել ենք միասնական եզրակացությունների, հետեւաբար պարտվողի եւ կամ հաղթողի հարց այստեղ լինել չի կարող:

– Անցնենք ժողովին: Ինչպես գնահատվեց կուսակցության նախընթաց հատվածի գործունեությունը:

-Կարծում եմ դժվար է մեկ- երկու նախադասությամբ ամբողջական իրավիճակը ներկայացնել: Բնականաբար եղան քննարկումներ, որ մենք ինչ ձեռքբերումներ ունենք, ինչ կորուստներ ունենք : Կարող էինք շատ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալ, քան ունեցանք, բայց կար մեկ ընդհանուր եզրակացություն՝ որ մենք հայկական իրականության մեջ գործող դրական պատասխանատու քաղաքակական ուժն ենք, հայկական քաղաքկանության մեջ այն քաղաքկան ուժն ենք, որ դրական է եւ պատասխանատու է: Եվ կարծեմ սա ամենամեծ գնահատականն է, որ մենք կարող ենք մեզ տալ, որը կարծում եմ նաեւ ուրիշները հանգիստ խղճով կտան: Մենք եղել ենք խոսակիցը, գործակիցը թե ընդդիմության եւ թե իշխանության,բայց այդտեղ մենք սկզբունքներ չենք զիջել, մեր սկզբունքներից չենք հրաժարվել: Որտեղ պետք է եղել մենք ընդդիմության հետ ենք աշխատել, իսկ երբ եղել է երկրի անվտանգության հարց՝ մենք չենք խուսափել նաեւ իշխանությա հետ համագործակցել: Բայց մենք չենք համագործակցել իշխանության գոյությունը երկարաձգելու համար: Մենք համագործակցել ենք, որպեսզի Ղարաբաղի հարցում ունենանք հաջողություն, մենք համագործակցել ենք, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների մեջ ունենանք առավելություն: Մենք համագործակցել ենք, երբ մեր երկրի անվտանգության խնդիրն է գոյություն ունեցել: Բայց նաեւ եղել ենք ընդդիմադիր՝ իրական ընդդիմադիր, եղել ենք ընդդիմության դաշտում, համագործակցել ենք ընդդիմադիր ճակատում եւ ընդդիմության համար մեր ուժերի, եւ գուցե մի քիչ էլ ավելի չափով ստեղծել ենք նպաստավոր պայմաններ ընդդիմության ազդեցիկ դառնալու համար:

-Պարոն Մարգարյան Ձեր այդ կեցվածքը կուսակցության ներսում, նկատի ունեմ ոչ միայն հայաստանյան կառույցի, այլեւ ողջ կուսակցության ներսում, ի՞նչ ընկալում ունի, ի՞նչ վերաբերմունք կա: Գիտե՞ք ինչու եմ հետաքրքրվում, որովհետեւ, կարծես, Հայաստանում ստեղծված այս իրավիճակը բերել, հանգեցրել է մի կետի, երբ մարդկանց համար այլևս մի չափանիշ գոյություն ունի` եթե դու ընդդիմություն ես, ուրեմն իշխանությունների հետ պետք է չշփվես, եթե դու իշխանությունների հետ ես շփվում, ուրեմն դու առանձնապես ընդդիմություն չես: Եվ Ձեր այդ շփումը, պետականության անվտանգության հարցերով, առանձնապես դրական ընկալում չի ունեում:

-Ես, արդեն ինչքան ժամանակ է, վերջին մեկ ամիսը, ինձ հաճախ բռնացնում եմ մեկ մտքի վրա՝ Ֆրանսիայում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն, որտեղ մի շարք անմեղ մարդիկ զոհվեցին: Ամբողջ երկիրը միասնականություն ցուցաբերեց: Վտանգ զգացին: Դա Ֆրանսիայի նման երկրի համար շատ մեծ չէր, բայց ամբողջ երկիրը փորձեց միասնական կեցվածք ցուցաբերել: Հենց այն ընդդիմությունը, որ չէր ընդունում իշխող ուժին, առաջինը ինքը վազեց, կանգնեց երկրի նախագահի կողքին, հասկանալով, որ կա վտանգ, որի համար պետք է ֆրանսիայի ժողովուրդը միասնական կեցվածք դրսեւորի:

Մենք ամեն օր սահմանի վրա զոհ ունենք, մենք գրեթե պատերազմական վիճակի մեջ ենք: Մենք պատերազմի մեջ էինք, չնայած, թվում էր, զինադադարի ժամանակաշրջան էր: Բայց վերջին դեպքերը ցույց են տալիս, որ սկսվել է մի մաշող պատերազմ: Սա չի կարող չազդել քաղաքական ուժերի դիրքորոշումների վրա: Սահմանը երկրինն է: Եվ ինչ սահմանի վրա է տեղի ունենում, առաջին հերթին պետք է հետաքրքրի բոլորին, ողջ ժողովրդին: Ես զարմանում եմ, ի՞նչ պետք է լինի, որ մենք կարողանանք միասնական լինել: Որ այս իշխանությունները թերություն ունեն, անշուշտ ունեն, որ այս իշխանությունները կարող են շատ ավելի նպաստավոր վիճակ ստեղծել, հոգատար վերաբերմունք ունենալ ժողովրդի հանդեպ եւ ժողովրդավարության հարցերում, անշուշտ այդպես է: Իշխանությունները սոցիալական արդարության առումով ունեն հստակ անելիքներ եւ կարող են անել եւ պետք է անեն:

Այդ առումով մենք պետք է պահանջատեր լինենք: Բայց այս հարցը չի կարող պատճառ դառնալ, որ մենք արտաքին վտանգի նկատմամբ միասնականություն ցույց չտանք: Եթե ուրիշ ժողովուրդներ արդեն կարողանում են դա անել, մե՞նք երբ պետք է դա անենք: Ո՞ր վտանգն է, որ մեզ պետք է համախմբի, ո՞ր վտանգն է, որ մեզ պետք է պատասխանատվության կանչի: Սա վտանգ է, որ մեր երկրին է ուղղված: Ես չեմ ասում, որ այդ վտանգը պետք է պատճառ դառնա, որ մենք մեր ներքին հարցերը չկարեւորենք եւ չզբաղվենք այդ հարցերով, ոչ, բայց մենք մեր շեշտադրումները պետք է փոխենք, մեր ոճը պետք է փոխենք: Եվ առաջինը ես այդ ակնկալիքը ունեմ իշխանությունից, որ պետք է քայլեր անի ժողովրդի միասնականության համար, իսկապես ստեղծի համապատասխան հնարավորություն, ֆոն, համապատասխան կարելիություն: Ես նաև ակնկալում եմ, որ քաղաքական ուժերը հասկանան վտանգի չափն ու տարողությունը եւ նույնպես համապատասխան կեցվածքներ ունենան: Այն քաղաքկանությունը, որ Դաշնակցությունը կիրառել է Հայաստանում, անկախ այն բանից` ով է ընդունում, ով չի ընդունում, վերջիվերջո գնահատվում է թե ընդդիմության եւ թե իշխանության կողմից: Վերջապես փաստ է, որ թե ընդդիմությունն է փնտրում մեզ հետ համագործակցություն, թե իշխանությունը: Սա նշանակում է, որ մենք դրական ուժ ենք, մենք ազդու ուժ ենք, իրենք փնտրում են մեր համագործակցությունը, որովհետեւ գիտեն, որ մենք մաքուր ուժ ենք, սկզբունքային ուժ ենք: Մենք հետին նպատակներով խաղացող ուժ չենք: Որքան էլ ուզում են մեզ քննադատեն, բայց երբ միաժամանակ ասում են եկեք համագործակցենք , նշանակում է , մեզ չեն մերժում, նշանակում է հավատում են, որ Դաշնակցությունը զորավոր ուժ է: Մենք մեր ժողովրդի մեր երկրի հետ ենք: Մեր ժողովրդի ու երկրի համար պատրաստ ենք, այո, լինել ընդդիմության տարբեր ուժերի հետ, լինել նաեւ իշխանության հետ, եթե կա երկրի անվտանգության հարցը: Հասկանալով, որ մեք ընդդիմադիր ուժ ենք: Մենք գործադիր մաս չենք կազմում եւ նպատակ էլ չունենք կազմելու: Բայց սա չի նշանակում, որ սահմանի հարցով մենք կարող ենք լինել անհոգ ու անպատասխանատու: Սրանք տարբեր խնդիրներ են: Քաղաքական ուժի էությունը հենց սա պետք է լինի, որ կարողանա հասկանալ` ո՞րն է այն սահմանը, որ մեր ներքին հակադրությունները , մեր ներքին պայքարը տանենք մինչեւ այդտեղ: Այդ սահմանը այնտեղ է, որտեղ արտաքին վտանգն է կախված երկրի վրա: Ադրբեջանը իր ներքին խնդիրները մեղմելու համար փորձում է պատերազմ սկսել, փորձում է արտաքին առճակատման վտանգ ստեղծել, որպեսզի մեղմի իր ներքին հարցերը:

-Լարվածության հիմնական պատճառը Ադրբեջանի ներքին խնդիրնե՞րն են:

-Այո, հիմնական պատճառը իրենց ներքին հարցերը կոծկելու, իրենց ժողովրդին շեղելու նպատակ է հետապնդում: Մեզ մոտ, հաճախ ինձ թվում է, որ արտաքին վտանգը առիթ ու հնարավորություն է ներքին հարցերը արծարծելու համար, ինչն անընդունելի է: Ես հասկանում եմ, սոցիալական արդարության համար, ժողովրդավարության կայացման համար մենք մեր երկրի մեջ իրական պայքար ունենք, պետք է այդ պայքարը տանենք, պետք է պահանջատեր լինենք եւ պետք է հասնենք արդյունքի: Մենք հասկանում ենք եւ հավատում ենք որ սա սահմանադրության փոփոխության կարող է տանել: Սահմանադրության փոփոխությունը ամենաէական հարցն է մեզ համար, որ հիմնական լուծում կբերի երկրի խնդիրների առումով: Բայց նաեւ ուզում ենք , պետք է կարողանանք աշխարհին ապացուցել, որ եթե պատերազմ եղավ ողջ հայությունը դառնալու է մեկ բռունցք, ողջ հայությունը ի սփյուռս աշխարհի եւ Հայաստանի մեկ բռունցք է դառնալու որպեսզի չթողնի որ որեւէ մեկը կամք պարտադրի մեր երկրին եւ մեր ժողովրդին: Սա ինձ համար ամենակարեւոր հարցն է: Սա կյանքի հարց է: Սա մեր սերունդի խնդիրն է: Սրանից ավելի կարեւոր հարց չկա: Ոչ մեկ հարց չի կարող այս հարցի հետ համամատվել: Ոչ իշխանության հասնելու մեր ձգտումը, ոչ իշխանությանը կործանելու մեր կիրքը՝ չեն կարող գալ, հավասարվել այս անհրաժեշտության հետ: Երկրի անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը , օտարի կողմից մեզ կամք չպարտադրելը այսօրվա ամենակարեւոր հարցն է, որի շուրջ պետք է համախմբված լինի ողջ հայ ժողովուրդը, աշխարհի որ անկյունում էլ որ լինի: Այն ինչ իբրեւ արդյունք մենք ձեռք ենք բերել 25 տարի պայքարելով, զրկանքների եւ չարչարանքների գնով, այսօր չպետք է կորցնենք ներքին պառակտման, ներքին ինքնանպատակ պայքարների պատճառով:

-Պարոն Մարգարյան, սահմանին ստեղծված լարվածության միակ ասեմ, հիմնական, թե գլխավոր պատճառը , նշեցիք ,որ Ադրբեջանի ներքին իրավիճակն է, այդ իրավիճակը աղերսներ չունի՞ ապրիլի 24-ի Ցեղասպանության 100 -ամյակի, կամ Հայաստանի` ԵՏՄ -ին անդամակցելու հետ:

-Երկրորդ պարագայում դժվարանում եմ առնչություն տեսնել, բայց առաջին պարագայում Ցեղասպանության 100 ամյակի առիթով, պարզ է, որ մենք աշխարհին պետք է ներկայանանք քաղաքական մեկ այլ որակով, քաղաքական մեկ այլ մակարդակով: Հիմա Ադրբեջանի կողմից դա փորձ է, որ կարողանան այս լարվածությամբ հարվածի տակ առնել 100-ամյակի հետ կապված մեր անելիքները: Բայց վստահ եմ` Ադրբեջանը չի հավատում, որ պատերազմով կարող է հարց լուծել: Ադրբեջանը պատերազմով փորձում է նաև իր ներքին հարցերը լուծել եւ պահանջում է, որ դրա գինը մեր ժողովուրդը վճարի: Մենք պետք է կարողանանք պինդ լինել, որ Ադրբեջանը հասկանա, որ դա իր համար ապագա կերտող ճանապարհ չէ: Դա իր հարցերի լուծումը չէ, ընդհակառակը` բարդացումն է: Դա առաջին հերթին պետք է մեր իշխանությունները հասկանան: Եթե այսօր մենք պետք ունենք ազգային միասնության, ապա ազգային միասնություն հնարավոր է միայն արդարության պայմաններով, ազգային միասնություն ստեղծվելու է ազատության պայմաններով: Սա մեր երկրի մեջ ամենահիմնական հարցն է: Մենք միասնականությամբ միայն կկարողանանք ներքին հարցերը շրջանցել եւ արտաքին ուժի նկատմամբ ստեղծել միասնական ճակատ:

-Փառք Աստծո, Ադրբեջանի հետ հարաբերություններում ունենք բանակ, որ մինչ օրս արդյունավետ հակադարձում է եւ պահում է մեր սահմանները եւ մեր անվտանգությունը: Մյուս կողմում այս միջոցին Թուրքիայի կողմից ձեռնարկվող քաղաքական չար խաղերին հակադարձելուն մենք ինչքանո՞վ ենք պատրաստ: Նկատի ունեմ այս հայտարարությունները, ապրիլի 24-ի հետ կապված Թուրքիայի նախագահի այդ հրավերը:

-Թուրքիան անընդհատ մեզ փորձում է ուրիշ դաշտ մղել: Մենք ինչ-որ առումով անցած տարիներին, այդ կուտը կերել ենք եւ գնացել ենք ուրիշ դաշտ: Առաջին հերթին մենք պետք է դեռ վերադառնանք մեր ուղիղ ճանապարհին: Այս տարի՝ 2015 թվականին, պետք է արձանագրությունները հետ կանչվեն, այդ էջը պետք է փակվի: Սա ամենակարեւոր բանն է: Որպեսզի դավութօղլուները չմտածեն, որ այդ սուտ, խափուսիկ հայտարարություններով մենք անցյալը կմոռանանք , դեպի ապագան կգնանք, երկխոսություններ կսկսենք, պատմաբանների քննարկումներ կանենք եւ այլն, այս գործընթացին պետք է վերջ տանք: Խոսքը Թուրքիայի հետ առճակատման մասին չէ: Առճակատումը մեկ ծայրահեղություն է, զիջել ի սկզբանե, շեղվել ճիշտ ճանապարհից` մեկ այլ ծայրահեղություն: Պետք է հասկանանք, որ այդ ծայրահեղություններին գնալու հնարավորությունը մենք չունենք: Մենք պետք է կարողանանք մեր հստակ դիմագծով պահանջով, հաստատակամությամբ աշխարհին ներկայանալ իբրեւ մի միասնական ժողովուրդ:

-Պարոն Մարգարյան, Ձեր խոսքի մեջ հպանցիկ ակնարկ արեցիք նաեւ սահմանադրական բարեփոխումներին, որ ենթադրում է կառավարման համակարգի փոփոխություն: Ես անկեղծորեն չգիտեմ, կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգն է ավելի արդյունավետ թե խորհրդարանական կառավարման համակարգը: Խորհրդարանականը չեմ տեսել, նախագահականը տեսել եմ ու առանձնապես ոգեւորված չեմ: Բայց այստեղ մի նրբություն կա: Հարցն այն է, որ իմ սուբյեկտիվ տպավորությամբ հանրային ավելի լայն շրջանակների մոտ ժամանակավրեպ է այդ Սահմանադրական փոփոխությունների գաղափարն առաջ մղելը:

-Դա մեզ համար կենսական անհրաժեշտություն է: Մարդը կենդանուց տարբերվում է նրանով, որ կարողանում է իր նմանների փորձառությունից օգտվել: Եթե մարդը չկարողանար ուրիշների փորձառությունից օգտվել, քարե դարում կմնար, չէր զարգանա: Վերջապես աշխարհում կա փորձ: Կան երկրներ, որ նախագահական են, կիսանախագահական են, կան երկրներ, որ պառլամենտական են, կիսապառլամենտական: Երկու բնագավառներում էլ կան լավ ու վատ երկրներ: Բայց խորհրդարանական համակարգը Հայաստանում անհրաժեշտություն է առաջին հերթին ազգային անվտանգության առումով: Ներքին առճակատման մթնոլորտը մեր միջից պետք է վերանա: Մեր մեջ պետք է բացառվի ներքին առճակատման վտանգը:

Առճակատումներով առաջ գնալու գործընթացը մեր ազգի համար վտանգավոր է: Եվ դա կարող է վերացնել միայն խորհրդարանականի տարբերակը, որտեղ կսկսվի հավաքական ղեկավարության հնարավորություն: Կարծում եմ սա առաջին անհարժեշտությունն է: Երկրորդ՝ ժողովրդավարությունը, որի մասին մենք խոսում ենք, հնարավոր է իրականացնել այսպես ասած անձի իշխանությունը վերացնելու ճանապարհով, իսկ անձի կամայական իշխանությունը կարելի է վերացնել պառլամենտական Հայաստանի դրությամբ: Որովհետեւ քաղաքական ուժերը կպարտավորվեն երկխոսությամբ այս երկիրը առաջ տանել: Թե զարգացման համար եւ թե ներքին անվտանգության, հանդուրժողականության, ժողովրդավարության առումով, պառլամենտական Հայաստանը անհրաժեշտություն է: Խորհրդարանական համակարգին դեմ են առաջին հերթին բոլոր այն ուժերը, որոնք հավանական են տեսնում, որ նախագահի աթոռը կարող է իրենք գրավեն, այսինքն` իրենք դառնան բռնապետ, և մենիշխանությունը իրենց կողմից իրականացվի: Ով հավաքական մտահոգություն ունի երկրի ապագայի համար, երկիրը զարգացման ուղու վրա դնելու, կլինի պառլամենտական Հայաստանի կողմը: Այսօր սա է տրամաբանությունը: Մենք պատրաստ ենք ցանկացած անձի հետ հրապարակային քննարկում անել, բանավիճել, որպեսզի ժողովուրդը կարողանա ճիշտ կողմնորոշվել: Լոզունգներով պետք չէ երկիրը պահել նույն տեղում: Սա ամենակարճ ճանապարհն է: Ով հրաժարվում է այդ քննարկումից, նշանակում է` իր ուժերը բավարար չեն: Ինքը փորձում է ինչ-որ ատելության, սխալ պատկերացման, սխալ քաղաքականության հետեւում թաքնվելով բռնապետության տեր դառնալ: Մեր նպատակը երկիրը զարգացման ուղի դուրս բերելն է: Ուզում ենք բացառել ներքին առճակատումը, ուզում ենք երկրում հաստատել իրական ժողովրդավարություն:

-Կարծում եմ` առաջիկայում մարտ-ապրիլ ամիսներին ավելի շատ առիթներ կունենանք խոսելու բարեփոխումների մասին: Այսօր բավարարվենք այսքանով : Շնորհակալություն հայտնեմ պարոն Մարգարյանին, հաջողություն մաղթեմ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմին եւ Ձեզ, որպես Բյուրոյի ներկայացուցիչ Ձեր հետագա անելիքներում:

-Շնորհակալություն:

Տպել Տպել