Արկածախնդիր մարդկանց այս քայլը չի կարող խարխլել ՀՅԴ շարքերը

KayqՀունվարի 29-ին Lragir.am հրապարակել էր մի հայտարարություն, ըստ որի՝ ՀՅԴ Արցախի «Արթուր Մկրտչյան» եւ «Դիզակ» կոմիտեությունների` թվով 10 անդամներ հայտարարում են իրենց անդամակցության դադարեցման եւ Հիմնադիր խորհրդարանին միանալու մասին:

Aparaj.am-ի հետ զրույցում ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեության ներկայացուցիչ Կամո Բարսեղյանը հայտնեց, որ նշյալ անձանցից միայն մեկն է կուսակցական, մնացած բոլորը ՀՅԴ անդամներ չեն: Նրանք տարբեր ժամանակաշրջաններում տարբեր պատճառներով հեռացվել կամ արտաքսվել են ՀՅԴ շարքերից:

«Դիզակ» կոմիտեության ներկայացուցիչ Արծիվ Լալայանը այս հարցի վերաբերյալ նշեց, որ հայտարարության մեջ նշված անձինք երկար ժամանակ է, ինչ հեռացված են ՀՅԴ շարքերից:

«Նման հայտարարությունները գրվել են ժամանակի եւ շահագրգիռ անձանց հրամայականով, սոսկ սադրանք են` միտված վարկաբեկելու կուսակցությանը: Պարզվում է՝ այդ արկածախնդիր խմբի մի մասը ՀՅԴ-ից հեռացվածներ, ինքնամեկուսացվածներ եւ անկարգապահ դաշնակցականներ են, նրանց այդ իբր «քաղաքական» քայլը չի կարող խարխլել ՀՅԴ շարքերը եւ ոչ էլ ապակողմնորոշել ԼՂՀ, ՀՀ, Սփյուռքի հայ հանրությանը»:

Կեղծիքի կծիկը քանդվում է

Այսօր karabakh-life-ի խմբագրություն է դիմել ՀՅԴ նախկին անդամ Արամ Գևորգյանը` ՀՅԴ Արցախի կառույցների անդամների հայտարարության հարցով:

«Հրապարակվել է մի հայտարարության, որից ես բացարձակ տեղյակ չեմ»- տեղեկացրել է Ա. Գևորգյանը, ով արդեն երեք տարի է ՀՅԴ անդամ չէ: «Երկու օր առաջ ինձ է զանգել Վահան Բադասյանը և ասել, որ որոշել են հավաքվել` տղաներով, ինձ էլ են հրավիրում: Ես այդ հանդիպմանը չեմ գնացել և, նույնիսկ, տեղյակ չեմ, թե ինչ հանդիպում է եղել:

Միայն այսօր եմ լսել ընկերներիցս, որ համացանցում հայտարարություն կա, որի տակ, իբր, ես էլ եմ ստորգարել: Սա մեղմ ասած, անհարգալից վերաբերմունք է իմ հանդեպ: Ամոթ է, պարզապես»- ասել է շինարար Ա. Գևորգյանը:

Նույնն է իրավիճակը նաև Արցախի մի խումբ ազատամարտիկների հայտարարության հետ կապված, որի տակ նույնպես հայտնվել Ա. Գևորգյանի անունը` առանց իր տեղեկության: karabakh-life-ը փորձել է ճշտել Արամ Գևորգյանի դիրքորոշումը «Հիմնադիր խորհրդարան» կոչվող կառույցի գործունեության առնչությամբ, որին ի պատասխան Ա. Գևորգյանը ասել է. «Ընդամենը գիտեմ, որ ինչ որ երթով ուզում են գալ Արցախ, իսկ թե ինչու, ինչ նպատակով` էլի տեղյակ չեմ: Ես քաղաքականությունից շատ հեռու մարդ եմ: Զբաղված եմ իմ գործով` շինարարությամբ, մնացած ոչնչի համար ժամանակ չունեմ»:

Նշենք, որ հրապարակված երկու` ՀՅԴ Արցախի կառույցների անդամների հայտարարության տակ ստորագրել են տասը, իսկ մյուս` Արցախի մի խումբ ազատամարտիկների հայտարարության տակ` 14 հոգի: Եթե նկատի ունենանք վերը նշված հանգամանքը, ապա, նույնիսկ շատ համեստ այդ ցուցակը կասկածելի է դառնում երկու դեպքում էլ, եզրակացնում է karabakh-life-ը :

Տպել Տպել