Ընկերվարական երտասարդների միջազգային միութեան խորհրդի ժողովը տեղի է ունենալու Հայաստանում

FotorCreated111Տեղեկացնում ենք, որ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Խորհրդի ժողովը տեղի է ունենալու Հայաստանում 2015 թ. մայիսի 5-11-ին։ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւնների հետ միասին հիւրընկալելու է սոյն ժողովը։ Ժողովին մասնակցելու են Ը.Ե.Մ.Մ. անդամ և հրաւիրեալ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ` մօտ 300 հոգի, աշխարհի տարբեր երկրներից։

Խորհրդի ժողովը տեղի է ունենում երկու տարին մէկ անգամ։ Այս տարուայ ժողովի նշանաբանն է` «Հաւասար աշխարհ հնարաւոր է» (An Equal World Is Possible)։

Ժողովի օրակարգում ներառնուած են աւելի արդար և հաւասար աշխարհ կերտելու ճանապարհին առկայ մարտահրաւէրները և դրանց դիմակայելու երիտասարդների առաքելութիւնն ու անելիքները։

Խորհրդի 2015 թ. ժողովը կարևոր և խորհրդանշական նշանակութիւն ունի Հ.Յ.Դ. Երիտասարդականի համար այն իմաստով, որ այն տեղի է ունենում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին։ Ը.Ե.Մ.Մ. անդամ կազմակերպութիւնների ներկայացուցիչները ժողովի օրակարգի քննարկումից բացի, հնարաւորութիւն կունենան ծանօթանալ Հայաստանի ու հայութեան հետ և տեղեկանալ Հայոց ցեղասպանութեան մասին։

Միաժամանակ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը յոյս ունի, որ այս խորհրդաժողովը դրականօրէն կազդի Հայաստանի երիտասարդութեան շրջանում ընկերվարական և ժողովրդավարական արժէքների ու ըմբռնումների տարածման ու խորացման աշխատանքների վրայ։

Նախատեսուած է մասնակիցների այցը Հայաստանի տեսարժան վայրեր։

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութիւնը (Ը.Ե.Մ.Մ.) (International Union of Socialist Youth) Ընկերվար-Միջազգայնականին (Socialist International) ուղեկից միութիւն է։ Ը.Ե.Մ.Մ.-ին անդամակցում են 143 ընկերվարական, ընկերվար-ժողովրդավարական, աշխատաւորական եւ ուսանողական միութիւններ 100 երկրներից։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը Ը.Ե.Մ.Մ.-ի լիիրաւ անդամ է։

Հ.Յ.Դ. Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ

30 յունուար, 2015 թ.

Տպել Տպել