Մենք ՓՄՁ-ներին աջակցում ենք կոնկրետ գործով

ԱղվանՓետրվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը:

Արդեն որերորդ օրն է՝ առևտրականները բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի առջեւ` պահանջելով կասեցնել օրենքը:

Yerkir.am-ը մի քանի օրից ուժի մեջ մտնող օրենքի, առեւտրականների բողոքի ակցիաների, ինչպես նաեւ ՀՅԴ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ:

Մեր թղթակցի հետ զրույցում Վարդանյանը նախ հիշեցրեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ ՀՅԴ-ի տեսակետները վաղուց են հայտնի: ԱԺ-ում օրենքի բոլոր քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցությունը հստակ արձանագրել է այն վտանգները, որոնք կարող են ՓՄՁ-ների համար խնդիրներ ստեղծել: ՀՅԴ խմբակցությունը դեռ այն ժամանակ հանդես է եկել կոնկրետ առաջարկություններով եւ օրենքին կողմ չի քվեարկել:

«Որո՞նք են եղել մեր առաջարկությունները: Առաջին՝ 58,3 միլիոնի շեմը բարձրացնել մինչեւ 150 մլն: Երկրորդ՝ կիրառել պրոգրեսիվ հարկման մեխանիզմ, այսինքն, օրինակ, մինչեւ 30 մլն շրջանառություն ունենալու դեպքում կիրառել 0 դրույքաչափ, ավելի բարձրի դեպքում` մեկ տոկոս եւ այլն: Բայց սա միայն փաստաթղթավորված ապրանքների պարագայում:

Ոչ փաստաթղթավորվածի դեպքում կիրառել ավելի բարձր դրույքաչափ, որպեսզի ՓՄՁ-ն շահագրգռված լինի փաստաթղթավորել ապրանքները: Եվ մեր չորրորդ առաջարկությունը` որ լինի փուլային տարբերակ: Ցավոք, մեծամասնությունը, մյուս քաղաքական ուժերը չեն պաշտպանել մեր առաջարկությունները, որոնք, համոզված եմ, կբավարարեին ՓՄՁ-ներին: Նաեւ կառավարությունը պարտավոր է գործնական քայլերով հարկադրել խոշոր բիզնեսին՝ փաստաթուղթ տրամադրել:

Մենք ծրագրում ենք հենց երկուշաբթի՝ նոր նստաշրջանի սկզբում, թարմացնել մեր առաջարկությունները եւ ներկայացնել օրենսդրական նախաձեռնության տեսքով: Եվ այդ ժամանակ պարզ կլինի, թե ովքեր են խնդիրը լուծելու իրական կողմնակիցները:

Մեր մոտեցումը միշտ հստակ է՝ գործնական, կոնկրետ աշխատանքով լուծել խնդիրը, աջակցել ՓՄՁ-ներին, որ նրանք կարողանան աշխատել, ապահովել իրենց ընտանիքի ապրուստը, այլ ոչ թե արտագաղթեն: Ամբոխավարությամբ, մարդկանց ցուցադրաբար սիրաշահելով քաղաքական շահ հետապնդելը մեր ձեռագիրը չէ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Տպել Տպել